Մեկնաբանություն

14.06.2019 08:46


Դատավորը դատավոր լինի` թույլ չի տա Քոչարյանի գործը էժանագին շոուի վերածել

Դատավորը դատավոր լինի` թույլ չի տա Քոչարյանի գործը էժանագին շոուի վերածել

Նիկոլ Փաշինյանի պատվերով, Անդրանիկ Քոչարյան-Գագիկ Ջհանգիրյան-Վահե Գրիգորյան տրոյկայի փոխանցմամբ (փաստաբանի դիպլոմ ունեցող Սեդա Սաֆարյանն էլ` ձեզ նվեր), չեղած «հանրային պահանջով» հանրապետության երկրորդ նախագահի վրա գործ կարողները չափազանցված սպասումներ են առաջացրել հայրենի «մշակութասեր» հասարակության մեջ։ Մեղադրանքն ինքնամոռաց պաշտպանող գլխավոր դատախազն անգամ չփորձեց թաքցնել դարի դատավարությունից էժանագին շոու սարքելու ցանկությունը. առանց ձեւականությունների հայտարարեց` աննախադեպ «դիտարժան, հետաքրքիր» դատական սերիալ ենք պատրաստել սուր զգացողությունների սիրահարների համար` բոլոր երեք նախագահների, «Մարտի 1-ի» օրով քաղաքական եւ զինվորական բարձր պաշտոններ զբաղեցրած անձանց, «մասսայական տեսարանների» 1000-ի չափ մասնակիցների, ականատեսների, վկաների եւ տուժողների մասնակցությամբ։ Մի խոսքով`ձանձրանալու առիթ չեք ունենա...

«Փորձագետների» գնահատմամբ, նեոբոլշեւզմի լավագույն ավանդույթներով բեմադրված թավշյահեղափոխական այդ սերիալը կտեւի առնվազն երեք տարի` «սեւ-սպիտակի» հարթության վրա առանց այն էլ պառակտված, բզկտված, ծվեն-ծվեն եղած մեր հասարակության բեւեռացման մակարդակը հասցնելով կրիտիկական սահմանի, որից անդին... քաղաքացիական պատերազմն է եւ Հայաստան-Արցախ բացահայտ հակամարտությունը։

Բայց սա` միայն առաջին հայացքից։ Եթե դատավորը դատավոր լինի` առաջնորդվի Սահմանադրությամբ եւ օրենքներով, ոչ թե թելի դատախազության (ՀՔԾ-ի) թելը, թույլ չտա դատավարությունը ցածրակարգ քաղաքական շոուի վերածել, ամենասեղմ ժամկետում կարող է լսել եւ համադրել կողմերի փաստարկները, քննության առնել Քոչարյանին եւ մյուսներին առաջադրված անհեթեթ մեղադրանքը «հիմնավորող» (կամ հերքող) փաստական հանգամանքները (պետք չէ հատ-հատ թերթել «ծավալուն» այդ գործի բոլոր հատորները հասկանալու համար, որ դրանք, մեղմ ասած, քչություն են անում), գնահատական տալ այդ ամենին եւ որոշում կայացնել։

Ի վերջո, մարտիմեկյան զանգվածային անկարգությունների ընդհանուր փաթեթից առանձնացված այս գործը սպանությունների մասին չէ` «սահմանադրական կարգը տապալելու» մասին է։

Դատարանն «ընդամենը» պետք է պարզի` նախագահի անձեռնմխելիության դրույթը գործո՞ւմ է, թե՞ չի գործում, նախագահը տապալե՞լ է սահմանադրական կարգը` իրացնելով իր սահմանադրական լիազորությունները (Երեւանում արտակարգ դրություն մտցնելով), թե՞ ոչ, բանակը մասնակցե՞լ է տապալված հասարակական կարգը վերականգնելու, զանգվածային անկարգությունների մասնակիցներին կարգի հրավիրելու գործողություններին, թե՞ պաշտպանել է ռազմավարական նշանակություն ունեցող շենքերը եւ շինությունները` «ցույցի» կազմակերպիչների թեթեւ ձեռքով անկառավարելի դարձած ամբոխի հնարավոր ոտնձգություններից։

Մնացածը` ով ինչ է արել ողբերգական այդ օրը, ինչ է տեսել, ինչպես է մեկնաբանում իր տեսածը եւ լսածը, ինչ է հիշում եւ ինչ պատմություններ է պատմում ոստիկանների եւ ցուցարարների բախման զգլխիչ մանրամասներից, «ֆուֆլո» է. մարդկանց «էմոցիաների» հետ խաղալու համար նախատեսված լոլոների հավաքածու, որ Ռոբերտ Քոչարյանին եւ մյուս նախկին բարձրաստիճաններին առաջադրված բուն մեղադրանքի հետ առնչություն չունի։

Ինչ մնում է կոնկրետ այսօրվա դատական նիստին, ապա դատավորի համար լավագույնն ինքնաբացարկ հայտնելն է։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը