Լրահոս

07.04.2010 17:50


Որտեղի՞ց պետք է ծանոթանանք այլ երկրների ուղերձներին

«Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հիշատակել է թուրքական «Sabah» թերթի այն հրապարակումը, որ ապրիլի 12-13-ը Վաշինգտոնում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Հայաստանի նախագահին փոխանցելու է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի համար անհրաժեշտ է երկու կողմի ղեկավարների ուժեղ կամքը, արձանագրությունների վավերացման համար անհրաժեշտ է կանգնեցնել Սփյուռքի գործողությունները և համատեղ խոսել Մինսկի գործընթացի վերաբերյալ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային էլ Թուրքիայի վարչապետը 3 ուղերձ է ներկայացնելու՝ ճնշում գործադրել, որ Հայաստանն ընդունի մադրիդյան փաստաթուղթը, Կովկասում կայունության համար թե՛ ԼՂ խնդրում, թե՛ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ ԱՄՆ-ը պետք է իր դերակատարումն իրականացնի, և Թուրքիան Բաքվից չի կարող հրաժարվել:

Լ. Ալավերդյանը հետաքրքրվել է, թե այդ ուղերձներով այսօր Հայաստանում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հատուկ բանագնաց Ֆրիդին Սինիրլիօղլուին ՀՀ ԱԳՆ-ն ի՞նչ պատասխան է տվել։

-Այլ երկրներից ուղերձները մենք թերթերից չենք ստանում։ «Sabah»-ից չպետք է ծանոթանանք այդպիսի ուղերձներին և կարդալով «Sabah»-ը՝ չպետք է հավատանք, որ այդպիսի բաներ գոյություն ունեն,- ասել է ՀՀ արտգործնախարար Է. Նալբանդյանը։

Նա նաև նշել է, որ Ֆ. Սինիրլիօղլուն ՀՀ նախագահին է փոխանցել Էրդողանի գրավոր ուղերձը և նաև բանավոր ուղերձներ նախագահի և ԱԳ նախարարի կողմից:

-Այդ ուղերձները որևէ ձևով չեն պարունակում այն տեղեկությունները, որոնց մասին խոսում է «Sabah»-ը։ Թուրքական կողմը հավաստիացրել է մեզ, որ մենք ցանկանում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակություն ունենա։ Հայկական կողմը վերահաստատել է իր դիրքորոշումը, մոտեցումները, որոնք համահունչ են միջազգային հանրության ակնկալիքներին, որոնք Թուրքիայից գործնական քայլեր են սպասում այս ուղղությամբ։ Եվ նաև ասեմ, որ պարոն Սինիրլիօղլուն փոխանցել է վարչապետ Էրդողանի առաջարկը՝ Վաշինգտոնում հանդիպում կազմակերպել Էրդողանի և ՀՀ նախագահի միջև,- ավելացրել է ՀՀ ԱԳ նախարարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը