Լրահոս

07.04.2010 17:57


ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ տնօրեն Յանեշ Լենարչիչին

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ տնօրեն Յանեշ Լենարչիչին

 ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ապրիլի 7-ին ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Յանեշ Լենարչիչի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մասնավորապես «Դատավարությունների դիտարկում» ծրագրի շրջանակներում ԵԱՀԿ Ժողովրդական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի' վերջերս հրապարակած զեկույցում բարձրացված հարցադրումներին վերաբերող հարցեր: Պարոն Յ.Լենարչիչը նկատել է, որ զեկույցի հիմնական նպատակն է նպաստել դատաիրավական համակարգի բարեփոխումների առավել արդյունավետ իրականացմանը, ձևավորել այնպիսի օրենսդրական դաշտ և մթնոլորտ, որտեղ կողմերից յուրաքանչյուրը՝ ե՛ւ դատախազությունը, ե՛ւ փաստաբանները, ե՛ւ արդարադատություն իրականացնող դատարանը, կարողանան առավել արդյունավետ իրականացնել իրենց գործառույթներն ու պարտականությունները:

Բարձր գնահատելով գրասենյակի կատարած աշխատանքը' ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է զեկույցում բարձրացված հարցադրումների առավել մասնագիտական քննարկումների անցկացումը, որոնց արդյունքում հնարավոր կլինի նաև մշակել համապատասխան օրինագծերի փաթեթ՝ օրենսդրական դաշտն առավել կատարելագործելու համար:

Առաջին քննարկումը նախատեսվում է ապրիլի վերջերին, որի ընթացքում կքննարկվեն նախաքննության փուլում ի հայտ եկած խնդիրները:

Հյուրի խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազը մանրամասներ է հայտնել նաև մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների, դրանց ընթացքում արձանագրված սպանությունների, հրկիզումների, քաղաքացիների և ոստիկանների նկատմամբ կիրառված բռնությունների կապակցությամբ հարուցված քրեական գործով ձեռք բերված արդյունքների և դժվարությունների մասին:

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը:

Այս խորագրի վերջին նյութերը