Մեկնաբանություն

18.06.2019 10:00


«Նոր» Հայաստան, նոր Լիսաբո՞ն

«Նոր» Հայաստան, նոր Լիսաբո՞ն

Մինչ մենք ասում-խոսում-ծիծաղում ենք, տեղ-տեղ էլ` զայրանում ու զարմանում Նիկոլի ու իր ջոկատի առատության եղջյուրից թափվող բլթոցների, տարաշխարհիկ հայտարարությունների եւ անհեթեթ «նախաձեռնությունների» վրա, Արցախի շուրջ` բանակցային ստատուս-քվոյի, հակամատության գոտում ուժերի հարաբերակցության եւ քարոզչական դաշտում տեղի են ունենում վտանգավոր տրանսֆորմացիաներ, որոնք կարող են անդառնալի լինել կարգավորման գործընթացի համար։

Ոտքի վրա ձեռք բերված «վերելակային» համաձայնություններից օգտվելով` Ադրբեջանը ջրեց Վիեննայի, Սանկտ-Պետրերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածությունները շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելու, մոնիթորինգի հնարավորություններն ընդլայնելու վերաբերյալ։ Շարունակելով փութաջանորեն զինվել` ինժեներական լուրջ աշխատանքներ իրականացրեց շփման գծում ու սահմանում, ստեղծեց նոր ենթակառուցվածքներ, առաջ բերեց իր դիրքերը, ամիսը երկու-երեք անգամ մեր քթի տակ զինավարժություններ անցկացնելով`բարձրացրեց բանակի մարտունակությունը։

«Թավշյա հեղափոխության» տարին չլրացած`կոտրեց նախորդ 20 տարիներին օբյեկտիվորեն ձեւավորված «պատմական հին կարծրատիպը», որ Հայաստանը պատերազմ չի ուզում`Ադրբեջա՛նն է իր առավելապաշտական կեցվածքով, կարծր դիրքորոշմամբ, ագրեսիվ հայտարարություններով ու սադրիչ գործողություններով սրում իրավիճակը եւ խոչընդոտում բանակցային գործընթացը։

Փաշինյանն ի՛նքը ձեռքերի ազատություն տվեց ադրբեջանցի «կիրթ եւ նորմալ» գործընկերոջը` հրապարակավ հայտարարելով. դեռ պետք է պարզել` ինչպես, ինչ հանգամանքներում է սպանվել Տավուշի սահմանը պաշտպանող հայ զինվորը։ Ի հավելումն`մատը տնկեց արցախյան «դավադիր շրջանակների» վրա եւ աշխարհին ի լուր՝ մեղադրեց Ադրբեջանի դեմ պատերազմ հրահրելու մեջ։

Դրանից հետո, ինչպես եւ սպասվում էր, սահմանային միջադեպերն ահագնացան, ավելի հաճախակի դարձան, «կրակվող» կամ կրակող զենքերի տրամաչափն ու զոհերի թիվը` համապատասխանաբար, ավելացավ։ Հայրենի արտգործնախարարությունն ուշացումով հիշեց Դուշանբեի վերելակում ջրված պայմանավորվածություների մասին, իսկ Մինսկի խմբի համանախագահները ձայն չհանեցին, կարծես՝ այդպես էլ պիտի լիներ։

Վերջին նորությունն այն է, որ ֆրանսիական դատարաններն իրար հետեւից ուժը կորցրած են ճանաչում Ֆրանսիայի եւ Արցախի «քույր քաղաքների» միջեւ կնքված համագործակցության համաձայնագրերը։ Բայց մեր դիվանագիտության «ասերին» սա առանձնապես չի մտահոգում։ Ասում են` մենք էդ գործում չկանք, դա բացառապես Արցախի եւ արցախահայության խնդիրն է`իրենք են նախորդ իշխանությունների օգնությամբ սկսել այդ գործընթացը, իրենք էլ թող տակից դուրս գան, ինչպես կարող են. «սիրուն» չի լինի, եթե Հայաստանը միջամտի անկախ Արցախի գործերին։

Այսպիսով` ջրվեց նաեւ Եվրախորհրդարանի զեկույցներում, արձանագրություններում, ԵՄ-Հայաստան համատեղ հայտարարություններում տեղ գտած հայանպաստ մոտեցումը՝ որ եվրոպական ընտանիքը պետք է իր ներդրումը բերի հակամարտության կարգավորմանը` ոչ ֆորմալ կապեր հաստատելով չճանաչված Արցախի հասարակական եւ այլ կառույցների հետ։ Չենք զարմանա, եթե Միացյալ Նահանգներն էլ իսպառ դադարեցնի Արցախին տրվող ամենամյա ֆինանսական աջակցությունը։

Ինչո՞ւ պիտի Ռուսաստանը, Ամերիկան կամ Եվրոպան, ի դեմս ավանդաբար հայամետ Ֆրանսիայի, աջակցեն արցախահայությանը, եթե Հայաստանի վարչապետն իրենից կախված ամեն ինչ արել է եւ անում է` «առաջ տանելու» Արցախի միջազգային մեկուսացումը լիակատար եւ վերջնական դարձնելու ադրբեջանական ծրագիրը`անընդհատ վարկաբեկելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, ներկայացնելով որպես քրեաօլիգարխիկ տարրերի, գողերի, թալանչիների, զինվորների մայկա-տռուսիկների հաշվին հարստացողների հավաքածու, Արցախյան ազատամարտի ղեկավարներին`որպես մարդասպաններ եւ հանցագործներ։ Նույնիսկ խորհրդարանական քննիչ հանձնաժողով են ստեղծել այդ թեզը հիմնավորելու եւ «ապացուցելու» համար։

1996թ. Տեր-Պետրոսյանենց թեթեւ ձեռքով տնտեսապես եւ քաղաքականապես կազմալուծված, ներքին առճակատումից, Ղարաբաղի հարցում առկա տարաձայնություններից թուլացած Հայաստանը ԵԱՀԿ լիսաբոնյան գագաթաժողովում մեն-մենակ մնաց 57 անդամ-երկրների հանդիման։ Ստիպված օգտագործեց վետոյի իր իրավունքը եւ արգելափակեց հակամարտությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում «լուծելու» վերաբերյալ բանաձեւը։

Դատելով Արցախի շուրջ թանձրացող սեւ, մութ ամպերից` Նոր Հայաստանի «Լիսաբոնը» սարերի հետեւում չէ։ Մեղավորն էլ արդեն «նշանակված» է` Հայաստանի նախորդ «հանցավոր» ռեժիմն է եւ թավշյահեղափոխական իշխանության դուդուկի տակ պարել չցանկացող Արցախի ռազմաքաղաքական «դավադիր» վերնախավը...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը