Լրահոս

08.04.2010 09:04


ՀԱԿ. «Իշխանությունները որոշել են դիմել էժանագին խորամանկության»

Ապրիլի 6-ին Երեւանում տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի բազմահազարանոց հանրահավաքը և երթը, ինչպես նաև մի շարք այլ հանրային միջոցառումներ, որոնք անցել են անսովոր մթնոլորտում: Ավելի քան երկու տարվա ընթացքում առաջին անգամ դրանք չեն ուղեկցվել բազմաքանակ ոստիկանության ներկայությամբ, ոստիկանության կողմից սպառնալիքներով, ցուցարարների նկատմամբ ճնշումներով եւ սադրանքներով, ինչպես նաեւ քաղաքացիների ազատ կամքի նկատմամբ ապօրինի միջամտություններով: Արդյունքում բոլոր միջոցառումները անցել են առանց առճակատման մթնոլորտի, կազմակերպված, հասարակական կարգի բացառիկ պահպանումով:

Իշխանությունների նման կեցվածքը ունի միայն մեկ բացատրություն: Հայաստանում մեկնարկել է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի ֆորումը, որի աշխատանքներին մասնակցում են մոտ 400 հեղինակավոր իրավապաշտպաններ ամբողջ աշխարհից: Ուստի, իշխանությունները որոշել են դիմել էժանագին խորամանկության եւ միջոցներ ձեռնարկել, որ ֆորումի մասնակիցների համար տեսանելի չլինի բռնապետության իրական դեմքը:

Այն հանգամանքը, որ Ֆորումի անցկացման ժամանակաշրջանում իշխանությունները որոշել են կատարել իրենց սահմանդրական պարտականությունները, բացահայտեց մի քանի իրողություն,

-նախ, ակնհայտ է, որ իշխանությունների մտահոգված են միայն դեմոկրատական իմիտացիոն քողածածկույթի ստեղծմամբ, բայց ոչ երբեք ժողովրդավարական ազատությունների ապահովման իրենց անմիջական պարտականություններով,

-երկրորդ, անվիճելի է, որ ընդդիմությունը եւ հասարակական կազմակերպությունները գործում են օրենքներին համապատասխան եւ ի վիճակի են սեփական ուժերով պահպանել հասարակական կարգը,

-երրորդ, ակնհայտ է, որ երկու տարի շարունակ իշխանությունների եւ նրա կամակատար գործիք դարձած ոստիկանության նպատակը եղել է ոչ թե հասարակական կարգի պահպանումը, այլ համաժողովրդական շարժումը ճնշելու նպատակով սադրանքների եւ հալածանքների իրագործումը, այսինքն' հենց ոստիկանությունն է մշտապես հանդես գալի հասարակական կարգը խախտողի դերում:

Այս խորագրի վերջին նյութերը