Մեկնաբանություն

20.06.2019 08:35


Դատավոր Դանիելյանն «իր բարձրության» վրա է

Դատավոր Դանիելյանն «իր բարձրության» վրա է

Հետեւելով Վերաքննիչ դատարանում այս օրերին շարունակվող քննությանը` Ռոբերտ Քոչարյանին բանտ վերադարձնելու եւ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով նրան առաջադրված մեղադրանքի սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու առաջին ատյանի դատարանի որոշման իրավաչափության հետ կապված, հասկանալի է դառնում, թե ինչպես պատահեց, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի երկու տարբեր որոշումների վերաբերյալ Դատախազության երկու բողոքը միաժամանակ հայտնվեցին մի մարդու` մեղադրող կողմի մոտ անկախ դատավոր աշխատող Արմեն Դանիելյանի վարույթում։

Նախագահողի ջղաձիգ, եթե չասենք` հիստերիկ, մե՛րթ ցուցադրաբար «խիստ», մե՛րթ ընդգծված «հարգալից», մի ծայրահեղությունից մյուսն ընկնող հակասական պահվածքը հուշում է, որ «դատավճիռն» արդեն պատրաստ է։ Դանիելյանն իր «գործը» լավ գիտի` ինչ փաստարկներ էլ բերի պաշտպանական կողմը, ինչ առարկություններ էլ ներկայացնի, Քրեական եւ Քրեադատավարական օրենսգրքի ի՛նչ դրույթ էլ մատնանշի` հիմնավորելով իր դիրքորոշումը, մեկ է՝ եթե մեղադրողներն ասում են` մածունը սեւ է, ուրեմն սեւ է. ո՞վ է ինքը, որ նրանց ասածին «չէ» ասի։

Երկաթյա այդ տրամաբանությամբ էլ իրար հետեւից` առանց աչքը թարթելու, մերժեց պաշտպանական կողմի` ինքնաբացարկ հայտնելու բոլոր միջորդությունները։ Անգամ տուժողների ներկայացուցիչ` «Մարտի 1»-ի խոշոր մասնագետ Սաֆարյան Սեդային չխնայեց. սրա միջնորդությունն էլ հեչի պես մերժեց` ընդհանուր առմամբ, հինգ անգամ հաստատելով ու վերահաստատելով «գործը» հաղթական ավարտին հասցնելու իր անսասան վճռականությունը։

Ուշագրավ է, որ մեղադրող կողմն այս անգամ ուժերի համընդհանուր մոբիլիզացիա է հայտարարել`ընդլայնված կազմով է ներկայանում դատարան. եթե նախկինում տուժողների իրավահաջորդներից միայն Սարգիս Քլոյանն էր մասնակցում Քոչարյանի խափանման միջոցը փոխել-չփոխելու շուրջ «վեճին», հիմա մյուսներն էլ են ներգրավվել այդ գործում։

Դատավորը, որ նախորդ նիստում նյարդայնանում էր, ստեպ-ստեպ ընդհատում Քոչարյանի փաստաբաններին, լեզվակռվի մեջ մտնում հետները` դատաքննությունը «բազառի» վերածելով, հիմա համակ ուշադրությամբ, կարելի է ասել` «ակնածանքով» ունկնդրում էր մեղադրողների պնդումները Քոչարյանի ազատության մեջ գտնվելու, «թաքնվելու», արդարադատությունից «փախչելու», մասնակիցների վրա «ճնշում գործադրելու» անվերահսկելի ռիսկերի վերաբերյալ եւ ոչ մի անգամ չընդհատեց, ոչ մի հարց չտվեց մեղադրող կողմին։

Նույնպիսի ծո՜վ համբերությամբ լսեց տուժողների իրավահաջորդների` Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հետ կապ չունեցող սրտաճմլիկ ելույթները. այն, ինչ Սահմանադրական դատարանի դատավորի պատմուճան հագած Վահե Գրիգորյանը 11 տարի շարունակ մրջյունի համառությամբ սրսկել էր սպանվածների հարազատներին։

Այդ թվում` նաեւ զինծառայող Տիգրան Աբգարյանի մորը, որին «բերման էին ենթարկել»` բարձրաձայնելու մեղադրական եզրակացության մեջ տեղ գտած անապացույց վարկածը, թե իր որդուն ոչ թե բարիկադների այն կողմից են սպանել, ուր մոլեգնում էին «խաղաղ ցուցարարները», այլ հակառակ կողմից։ Եվ դա արել են մի նպատակով` որ Քոչարյանը հիմք ունենա արտակարգ դրություն հայտարարելու եւ ցրելու ցույցը։ Այն դեպքում, երբ արտակարգ դրություն մտցնելու պահին նախագահը դեռ տեղյակ չէր, որ մարդիկ են զոհվել, եւ այդ առթիվ հրավիրված ասուլիսում խոսել էր միայն վիրավորների մասին։

Բնութագրական մի դրվագ. 2018թ., ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի «նախագահությամբ» անցկացված խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունենալով` «Մարտի 1»-ի գործը ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, ի թիվս իր կարծիքով անպատասխան այլ հարցերի՝ նկատել էր` երկրորդ նախագահին զեկուցել էին, որ ինչ-որ մարդիկ ավտոբուսների հետեւից դուրս էին գալիս, կրակում, հետո` թաքնվում։ Եվ հարց էր բարձրացրել` ովքե՞ր էին այդ մարդիկ, այդ դրվագն ինչո՞ւ է դուրս մնացել իրավապահների տեսադաշտից։ Այս արձանագրումն անելուց հետո կրկնել էր իր եւ հանձնաժողովի դիրքորոշումը`որ ողբերգության թիվ 1 պատասխանատուն ընդդիմությունն էր՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։

«Ազատություն» ռադիոկայանը կոնտեքստից հանել էր Նիկոյանի այդ հարցադրումը, ականջի հետեւ գցել Տեր-Պետրոսյանին վերաբերող հատվածը եւ ներկայացրել այնպես, թե տեսե՛ք` հանրապետական Սամվել Նիկոյա՛նն էլ է մեղադրում Քոչարյանին։ Նիկոյանը մի քանի անգամ հերքեց իրեն վերագրված այդ թեզը, հայտարարեց, որ ճշմարտության կեսն ասելը ստելուց վատ է, բայց գնացքն արդեն գնացել էր։ Մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանն ավելի առաջ գնաց. «խմբագրեց» Նիկոյանին` ասելով. «Չի՛ եղել այդպիսի բան, պարո՛ն նախագահ, չի՛ եղել. դա Սամվել Նիկոյանի խոսքերն եմ կրկնում»։

Դատավոր Դանիելյանը հուզվեց` լսելով տուժողների իրավահաջորդներին, եւ որոշեց ժամանակից շուտ «ազատ արձակել» նիստի մասնակիցներին. «Հետաձգել նիստը ողջամիտ ժամկետում եւ վերանշանակել վաղը, դիցուք` ժ. 15.00-ին»։

Ինչո՞ւ։ Որպեսզի պաշտպանական կողմն իր հակափաստարկներով եւ «անտեղի» պարզաբանումներով չփչացնի տուժողների իրավահաջորդների էմոցիոնալ ելույթների անջնջելի տպավորությունը...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը