Լրահոս

08.04.2010 14:19


Արկադի Տեր–Թադևոսյան. «Տարածքային ցանկացած խնդիր խաղաղ ճանապարհով շատ հազվադեպ է լուծվում»

Արկադի Տեր–Թադևոսյան. «Տարածքային ցանկացած խնդիր խաղաղ ճանապարհով շատ հազվադեպ է լուծվում»

-Մեր բանակի մարտունակությունը ռազմական մասնագետների գնահատականներով համապատասխանում է այն մակարդակին, որ ապահովի ՀՀ անվտանգությունը,- «Դուպլեքս» ակումբում ասել է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը։

Պատերազմի վերսկսման հավանականությանն անդրադառնալով՝ նա նշել է.

-Մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, ինչը երաշխավորում է, որ Հայաստանի Հանրապետությունն իր անվտանգությունն ապահովել է։ Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից մեծամասշտաբ, հարձակողական գործողություններն արդեն բացառված են, չնայած սադրանքներ կարող են լինել,- ասել է Ա. Տեր-Թադևոսյանը և հավելել, որ դա վերաբերում է միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետությանը, իսկ հայերի կողմից ազատագրված հատվածի և Լեռնային Ղարաբաղի առումով ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը նա բարձր է գնահատել։

-Ադրբեջանում այդ քանակությամբ ռազմական տեխնիկայի կուտակումը և այն հայտարարությունները, որ ադրբեջանական կողմն անում է, ապացուցում են, որ չենք կարող ասել, որ ռազմական գործողությունները բացառվում են։ Ես՝ որպես ռազմական գործիչ, կարող եմ ասել, որ ցանկացած տարածքային խնդիր խաղաղ ճանապարհով շատ հազվադեպ է լուծվում. այդ հարցերը լուծվում են զոհերի և արյան հաշվին,- ասել է Արկադի Տեր-Թադևոսյանը։

Նա նշել է, որ պետք է իրատես լինել, քանի որ ռազմական գործողությունների հավանականությունը շատ մեծ է, և պետք է խնդիր դնել խուսափելու ռազմական գործողություններից, դրա համար էլ ղարաբաղյան հակամարտությունում հարց է դրվում ստորագրելու փոխադարձ ուժի չկիրառման վերաբերյալ համաձայնագիր, որ հնարավոր լինի հետագա գործընթացը լուծել խաղաղ ճանապարհով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը