Լրահոս

08.04.2010 14:28


Սերժ Սարգսյանն ընդունել է Թուրքմենստանի փոխվարչապետին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Թուրքմենստանի փոխվարչապետ, հայ-թուրքմենական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Խիդիր Սափարլիեւին, ով Հայաստանում է համատեղ միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստին մասնակցելու նպատակով:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է ընդլայնելու Թուրքմենստանի հետ առեւտրատնտեսական կապերը եւ ակնկալում է, որ միջկառավարական հանձնաժողովը առաջ կմղի երկկողմ փոխշահավետ համագործակցությունը: ՀՀ Նախագահը կարեւորել է  հանգամանքը, որ պարոն Սափարլիեւը նախկինում եղել է Թուրքմենստանի դեսպանը Հայաստանում:  Սերժ Սարգսյանի խոսքով' գործընկեր երկրի ճանաչողությունը լրացուցիչ դրական գործոն  է հանձնաժողովի աշխատանքն արդյունավետ կազմակերպելու  առումով:

Նախագահը վստահություն է հայտնել, որ հենվելով հայ-թուրքմենական ավանդական բարեկամական հարաբերությունների վրա, կարվի անհրաժեշտը'  զարգացնելու երկկողմ համագործակցությունը:

Թուրքմենստանի փոխվարչապետը ՀՀ Նախագահին է փոխանցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ողջույնները:  Փոխվարչապետ Սափարլիեւը միջկառավարական հանձնաժողովի երեւանյան նիստի աշխատանքը գնահատել է արդյունավետ եւ ասել, որ հստակեցվել են տնտեսության, մշակույթի, գիտության եւ կրթության, հումանիտար փոխգործակցության կոնկրետ ուղղությունները:

Զրուցակիցները հայ-թուրքմենական կապերի ընդլայնման գործում  կարեւորել են նաեւ երկու երկրների նախագահների միջեւ  ձեւավորված փոխվստահելի հարաբերությունները: Նրանք ընդգծել են, որ Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ չկան քաղաքական տարաձայնություններ, ինչը լավ հիմք է փոխշահավետ հարաբերություններ ձեւավորելու եւ ակտիվ գործակցություն ծավալելու համար:  

ՀՀ  նախագահը փոխվարչապետի միջոցով ողջույններ եւ Հայաստան այցելելու հրավեր է հղել Թուրքմենստանի նախագահին:

Այս խորագրի վերջին նյութերը