Մեկնաբանություն

22.06.2019 17:50


6-րդ հիվանդասենյակում ամեն ինչ հնարավոր է...

6-րդ հիվանդասենյակում ամեն ինչ հնարավոր է...

Սահմանադրական բոլոր մարմիններն իրար հետեւից («հատ-հատ») ուզուրպացրած անմեղսունակների բրիգադը մի օրում իրավական նիհիլիզմի, անարխիայի եւ դեմագոգիայի (երեքը` մեկում, ինչպես ասում են) միանգամից երկու բացառիկ նմուշ մատուցեց հպարտ քաղաքացիներին։

Մինչ Վերաքննիչ դատարանում «Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների» շուրջ ընթացող ողբերգազավեշտական «սերիալով» հետաքրքրվողները գլուխ էին կոտրում` փորձելով հասկանալ` ինչպես կարող է դատավորը, լսելով կողմերից մեկին, մեղադրողներին, հակառակ կողմին զրկել իր առարկությունները ներկայացնելու հնարավորությունից, անգամ դատախազների համար անսպասելի «վեշերը հավաքել» եւ ինքնագործուղվել խորհրդակցական սենյակ, իմացանք, որ ԱԺ լակոտակրատ մեծամասնության սրտի նորաթուխ դատավորը` նախօրեին Սահմանադրական դատարանի անդամ կարգված Վահե Գրիգորյանը, գերազանցել է այդ ռեկորդը. երդում չտված`ինքն իրեն ՍԴ նախագահ է նշանակել։

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին էլ (որի հետ մի օր առաջ պատրաստվում էր «շատ կառուցողական աշխատել»), ձեռqի հետ գործից հանել է` «դադարեցրել» է լիազորությունները։ Հավանաբար`առանց իր թույլտվության Ռուսաստանի դեսպան Կոպիրկինին հանդիպելու համար։ «Իրավագիտության» քայլող հանրագիտարան` իմքայլական պատգամավոր եւ Փաշինյանի նախկին խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանն էլ պակասը լրացրել է` Թովմասյանին կոչ անելով այլեւս ոտք չդնել Սահմանադրական դատարան։

Պատճառաբանությունն ավելի քան «հիմնավոր» է. ՍԴ դատավոր դառնալուց հետո Գրիգորյանի պայծառատեսություն է իջել` ինչ-որ մեկը (ձայն` երկնքից, սեփական ներքին ձայնը կամ երկրորդ եսը` անձի երկատվածությամբ տառապող հոգեկան հիվանդների համար դա սովորական բան է), ականջին շշնջացել է, որ իրենից առաջ ՍԴ դատավոր ընտրվածները, բացի Արման Դիլանյանից, լեգիտիմ չեն։ Ավելին`դատավոր էլ չեն, այլ` անդամ։ Իսկ դատարանի անդամը, ինչպես հասկանում եք, ոչ մի դեպքում չի կարող դատավոր լինել` դրանք անհամատեղելի, մեկը մյուսին բացասող երեւույթներ են, եւ վե՛րջ։

Մնացածը պարզ մանիպուլյացիա է. քանի որ դատավոր Դիլանյանը «տեղում» չէ` բախտի բերամբ, թե պատահմամբ արձակուրդի մեջ է, ինքը` Լեւոնի վկա Վահեն եւ Նիկոլի կամակատարը, «ավտոմատ կերպով» դառնում է ՍԴ նախագահ։

Դե, իսկ եթե ՍԴ «ապօրինի զավակները»`այսքան ժամանակ իրենց սահմանադրական գործառույթներն անօրինականորեն իրականացնող դատավորները հանկարծ չհամակերպվեն այդ փաստի հետ`չցանկանան իր մոտ ՍԴ անդամ աշխատել, հոգ չէ. անլուծելի խնդիրներ չկան։ Ճգնաժամեր` նույնպես։ Բոլորին մեկ առ մեկ գործից կազատի ու մենակ` բոլորի փոխարեն, ազատ, արդար եւ հույժ անկողմնակալ որոշումներ կկայացնի։ Օրինակ` նույն Քոչարյանի գործով։

Նույնիսկ անհրաժեշտություն չի լինի հեղափոխական չալոներին բաց թողնել Սահմանադրական դատարանի վրա, արգելափակել դռներն ու պատուհանները, աղմկել, կոկորդ պատռել, հայհոյել, ահաբեկել ՍԴ «չդատավորներին», պահանջել, որ անհապաղ հրաժարական տան։ Ի՞նչ իմաստ ունի ավելորդ ջանքեր գործադրել, եթե կարելի է հանգիստ, առանց դեսուդեն ընկնելու պարզապես յուրացնել նախագահի պաշտոնը եւ գեղական կարգով լուծել հարցը։

Ընդհանրապես, ի՞նչ Սահմանադրություն, ի՞նչ օրենքներ, ի՞նչ արդարադատություն, ի՞նչ մրցակցային դատարաններ, ի՞նչ բան...

Ժամանակն է ազատվել այդ հին, ուժը կորցրած կեղծ կաղապարներից, հասկանալ եւ ընդունել փաշինյանական «Նոր Հայաստանի» հեգեմոն դերը համաշխարհային քաղաքակրթությունը որակապես նոր, առ այսօր չլսված ու չտեսնված մակարդակի բարձրացնելու գործում`«ժողովրդավարության բաստիոնը» լինելու մեր առաքելությունը, ու վերադառնալ միջնադարի ակունքներին։

Օրինակ` վերացնել դատարանները, ստեղծել հեղափոխական «խունվեյբիններից» կազմված հավատաքննիչ (ինկվիզիցիոն) մարմիններ, որոնք, մատից հոտ քաշելով, կորոշեն`ժողովուրդը ինչ է ուզում, ինչ չի ուզում, ինչն է ճիշտ, ինչը` սխալ, ով է արդար, ով մեղավոր, ում ներել, ում Լինչի դատաստանի ենթարկել, ում ունեցքվածքն օրինական համարել, ումն` անաշխատ։ Եվ անունը դնել՝ նիկոլական կամ նիկոլայբաղդասարյանական անարդարադատություն։

Եթե կարծում եք, որ նման բան հնարավոր չէ, չարաչար սխալվում եք` մեր 6-րդ հիվանդասենյակում ամեն ինչ հնարավոր է...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը