Լրահոս

08.04.2010 19:01


«Սա մեր իշխանությունների ֆիասկոն է»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ԱՄՆ կատարելիք այցից և Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ նախատեսված հանդիպումից Գյումրիում շատ լուրջ ակնկալիքներ չունեն, սակայն կարծիքներ կան, որ ԱՄՆ-ը, որպես շահագրգիռ կողմ, կարող է ինչ-որ բան փոխել հատկապես հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում:

Պատմաբան Արշավիր Գասպարյանն այս առումով «7օր»-ին ասել է. «Առանձնապես մեծ ակնկալիքներ չունեմ, բայց ինձ թվում է, որ որոշակի տեղաշարժեր կլինեն այդ ուղղությամբ, քանզի ԱՄՆ-ը շահագրգռված պետություն է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Իմ կարծիքով ներկա պահին հայ-թուրքական հարաբերությունները չպետք է խառնել արցախյան հարցի լուծման հետ, քանի որ, ըստ էության, այս երկու հիմնահարցերի նկատմամբ պետք է ունենալ առանձնահատուկ մոտեցումներ, որոնք նախ և առաջ պետք է պայմանավորված լինեն մեր ազգային անվտանգության շահերով»:

Իսկ ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Արտակ Ավետիսյանի  կարծիքով այս քայլով փորձ է արվում նոր շունչ հաղորդել մեռած գործընթացին:

«Ըստ էության, երևի կանչում են, որ սառեցված գործընթացին նոր շունչ հաղորդեն ու նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ադրբեջանի նախագահին դուրս են թողել այդ գագաթաժողովից՝ ենթադրվում է, որ նրան այլ կերպ կփոխհատուցեն: Ասենք՝ Արցախի հարցում: Այս առումով Արցախի հարցի հետ կապված գործընթացը կմնա ԵԱՀԿ համանախագահողների տիրույթում,  որտեղ փորձելու են զիջումներ կորզել Հայաստանից: Որովհետև եթե ԱՄՆ-ն այս պահին Ադրբեջանին դուրս է թողնում գործընթացից, ապա դրա փոխարեն վաղը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կստիպեն Հայաստանին ընդունել Արցախի հարցում այն տարբերակը, որը ձեռնտու է Ադրբեջանին: Այս ամենը մեր ձախորդ դիվանագիտության դառը պտուղներն են: Մեծ հաշվով սա մեր իշխանությունների ֆիասկոն է երեք ճակատներում՝ հայ-թուրքական հարաբերություններ, Արցախ և սոցիալ-տնտեսական քաղաքականություն»,-ասել է Արտակ Ավետիսյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը