Տնտեսական

26.06.2019 13:05


«Լիդիան Արմենիան» նոր հայցադիմում է ներկայացրել ոստիկանության դեմ

«Լիդիան Արմենիան» նոր հայցադիմում է ներկայացրել ոստիկանության դեմ

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն նոր հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ոստիկանության (ի դեմս Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության Ջերմուկի բաժնի)։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից։

Հայցվորը դատարանից պահանջում է պարտավորեցնել պատասխանողին հայցվորի օրինական տիրապետության ներքո գտնվող Երեւան-Մեղրի մայրուղուց Ջերմուկ տանող ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրի մոտ մեծ շրջադարձից աջ գտնվող հողատարածք եւ Երեւան-Մեղրի մայրուղուց Ջերմուկ տանող ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրի մոտ գտնվող հողատարածքներ կատարված ներխուժումը վերացնել։

Հայցադիմումը վարչական դատարան է մուտք եղել երեկ՝ հունիսի 25–ին եւ մակագրվել դատավոր Հրաչ Այվազյանին:

Նշենք, որ «Լիդիան Արմենիա»–ն ոստիկանության դեմ նույնաբովանդակ դատական հայց էր ներկայացրել նաեւ 2018թ. սեպտեմբերին։

2019թ. ապրիլի 10–ին վարչական դատարանը՝ նախագահությամբ Արթուր Ավագյանի, վճռել էր՝

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Ոստիկանության (ի դեմս Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության Ջերմուկի բաժնի) բավարարել, պարտավորեցնել Ոստիկանությանը վերացնելու հայցվորին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի տարածք կատարված ներխուժումները:

Հիշեցնենք, որ արդեն մեկ տարի է՝ ակտիվիստներն ու համայքների բնակիչները խափանել են Վայոց ձորի մարզում ընդերքօգտագործման իրավունք ստացած «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի գործունեությունը: Նրանք շրջափակել են հանքավայրի տեղամաս տանող ճանապարհը եւ թույլ չեն տալիս շարունակել հանքավայրի շահագործմանն ուղղված նախապատրաստական աշխատանքները:

Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման հետեւանքով ընկերությունը հսկայական վնասներ է կրել եւ շարունակում է կրել։

Լիդիանը համարում է, որ ոստիկանությունը չի իրականացրել դատարանի վճռով սահմանված իր պարտականությունները, քանի դեռ Ամուլսարի տարածք անխափան մուտքը չի վերականգնվել։

Այս խորագրի վերջին նյութերը