Մեկնաբանություն

27.06.2019 21:43


Լևոնանիկոլականների սրտի դատավորը. Արմեն Դանիելյան (տեսանյութ)

Լևոնանիկոլականների սրտի դատավորը. Արմեն Դանիելյան (տեսանյութ)

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց կրկին կալանավորել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ այդպիսով բավարարելով Գլխավոր դատախազության, տուժողի և տուժողի ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքները:

Դատավոր Արմեն Դանիելյանը նաև վերացրեց Արցախի Հանրապետության նախկին և գործող նախագահներ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի ներկայացրած անձնական երաշխավորությունները։

Իսկ եթե ավելի պարզ ասենք, ապա Արմեն Դանիելյանը, ով, ի դեպ, ամենացածր վարկանիշ ունեցող դատավորներից է, դակեց այն որոշումը, որը վաղուց արդեն կայացրել էր Նիկոլ Փաշինյանը։

Այս պատմության մեջ ամենաուշագրավն այն է, որ նույն փոքրաթիվ զանգվածը, որը դատարանի դահլիճում այսօր ողջունում ու ծափահարում է Արմեն Դանիելյանին, տարիներ առաջ նրան հայհոյում էր ու համարում ծախված։ Այսինքն՝ թաշվա հեղափոխության լևոնական հատվածի համար անիծյալից մինչև սրտի դատավոր դառնալը մեկ քայլ է։

Հենց Արմեն Դանիելյանն էր 2012 թվականին դատում ՀԱԿ-ի ջահելներին և դակում դատախազության սրտի որոշումը։

Դերակատարները նույնն էին, պարզապես խամաճիկներն են իրենց դիրքը փոխել։ Գլխավոր դերում տարիներ առաջ կրկին կամակատար Արմեն Դանիելյանն էր, ում ՀԱԿ ակտիվիստները, այդ թվում՝ այսօր «ժողովրդի վարչապետ» ինքնահռչակված Նիկոլ Փաշինյանը, մեղադրում էին ոչ մրցակցային դատավարություն և ապօրինություններ իրականացնելու համար։

Դատարանում և փողոցում կրկին նույն ոճի ղժղժան կանայք ու մարդկանց գլուխը ցխել պատրաստ ջահելներն էին, որոնք ամոթանք ու միջնամատ էին ցույց տալիս Արմեն Դանիելյանին։

Այսօր, սակայն, այդ միջնամատված Արմեն Դանիելյանը դարձել է նույն խառնամբոխի սրտի դատավորը, ինչ է թե ոտնահարել է արդար դատավարություն ունենալու Ռոբերտ Քոչարյանի իրավունքը և անհիմն կերպով նրան կրկին կալանավորել։

2012 թվականին դատարանում էր նաև Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական փաստաբան Վահե Գրիգորյանը, ով իրականացնում էր ՀԱԿ-ի ջահելների պաշտպանությունը։ Այդ պահին նրա մտքով անգամ չէր անցնում, որ կարող է կանգնել և անամոթաբար ոտնահարելով Սահմանադրությունը՝ ինքնահռչակվել թեկուզև Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։ Այն ժամանակ նրան անգամ կանգնել թույլ չէին տալիս, այն էլ՝ ով՝ այդ նույն Արմեն Դանիելյանը, ով մերօրյա դատավարության ոճով այն ժամանակ էլ նրանի՛ց էր դուխով պահանջում նստել։

Այն օրերի թատրոնում կար նաև սադրանքների մոլի երկրպագու Գասպարին և անգամ՝ Վալերի Օսիպյանը։ Ճիշտ է, այն ժամանակ նա դեռ չէր հասցրել քայլել և բարիկադների մյուս կողմից հեգնանքով նայում էր այն նույն ամբոխին, որի առաջնորդին այսօր հլու–հնազանդ ծառայում է։

Մի խոսքով, լևոնանիկոլական զանգվածի համար կյանքն անսկզբունքային բումերանգ է. իրենց համար դատավոր Արմեն Դանիելյանը մի օր կամակատար է, մեկ այլ օր՝ արդարադատության ռահվիրա։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պես։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը