Տնտեսական

27.06.2019 15:50


«Ես չունեմ նման տեղեկատվություն». ՀԾԿՀ նախագահը գազի գնի հնարավոր թանկացման մասին (տեսանյութ)

«Ես չունեմ նման տեղեկատվություն». ՀԾԿՀ նախագահը գազի գնի հնարավոր թանկացման մասին (տեսանյութ)

Ես չունեմ նման տեղեկատվություն, մամուլը կարդացել եմ, բայց թե որտեղից են վերցրել, չեմ կարող ասել: Այդ մասին այսօր՝ հունիսի 27–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ մեկնաբանելով մամուլում տեղ գտած տեղեկատվությունը, ըստ որի` հունվարի 1-ից գազը թանկանալու է նաև ներքին սպառողների համար:

«Բանակցությունները դեռևս ընթանում են, որևիցե նորություն այս պահին դեռ չկա: Բանակցությունները շարունակվում են փոխվարչապետ Մհեր Գեւորգյանի գլխավորությամբ։ Մեկ ամիս առաջ «Գազպրոմից» մասնագետների խումբ է եկել, քննարկել ենք գազամատակարարման սխեման, սպասվող ներդրումային ծրագրերը մինչեւ է 2030թ.»,– ասաց Բաղրամյանը։

Նրա խոսքով՝ ներկայումս «Գազպրոմ Արմենիան» իր ներքին խնայողությունների հաշվին է կարողանում փոխհատուցել սահմանին 15$-ով գազի թանկացումը, իսկ պետությունը որեւէ պարտք չի կուտակում։

Հարցին, թե մինչև այս պահը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը վերանայե՞լ է հաստիքացուցակը, Բաղրամյանն ասաց. «Ենթաօրենսդրական ակտ ենք ընդունել, որն իրենց հնարավորություն է ստեղծում որոշակի օպտիմալացում անել հաստիքացուցակի: Այս պահին կոնկրետ քայլ արել են, թե ոչ, դժվարանում եմ ասել: Նախնական գնահատականներով՝ շուրջ 1000 աշխատակցի կրճատման մասին է խոսքը առաջիկա 5 տարում»։

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Ռուսաստանի իշխանությունները մտադիր են հաջորդ տարվա հունվարի 1-ից եւս 10 տոկոսով թանկացնել գազը: Եվ եթե այս տարվա հունվարի 1-ի թանկացման բեռը Հայաստանի իշխանություններին հաջողվեց թողնել «Գազպրոմ Արմենիա» ընկերության վրա, ապա այս անգամ թանկացումը անմիջականորեն ազդելու է սպառողների վրա:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը