Մեկնաբանություն

28.06.2019 10:25


Ինչի մասին է լռում «ժողովրդի» վարչապետը

Ինչի մասին է լռում «ժողովրդի» վարչապետը

Թե՛ նախկինում, թե՛, առավել եւս, այսօր, երբ բացի ամենակարող վարչապետից եւ արտաքին գործերի նախարարից՝ ոչ մեկը գոնե մոտավոր պատկերացում չունի` ինչ է կատարվում Արցախի բանակցային գործընթացում, ինչի մասին են բանակցում կողմերը փակ դռների հետեւում, հարցերի հարցը, որի պատասխանը քաղաքականապես ակտիվ հանրությունը փութաջանորեն փնտրում է, բայց չի գտնում, եղել է եւ մնում է այն, թե ինչ է հասկանում Ադրբեջանը «փոխզիջման» տակ։

Ի վերջո, ի՞նչ է պատրաստ զիջել ազատագրված տարածքների մի մասը «վերադարձնելու» դիմաց, ինչի մասին ապրիլյան «հեղափոխությունից» առաջ քանիցս բարձրաձայնել են Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի ղեկավարներն իրենց համատեղ հայտարարություններում։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը վերջապես բացահայտեց իրենց «հստակ դիրքորոշումը» այդ հարցի վերաբերյալ` հոխորտալով. «Մենք տարիներ շարունակ գնում ենք զիջումների, բանակցություններ ենք վարում։ Մենք ձեզ 2016թ. ցույց տվեցինք, որ կարող ենք հարցը լուծել այլ ճանապարհով»։

Ասել է թե` առավելագույնը, որ պատրաստ է «զիջել» ադրբեջանական կողմը, չկրակելն է։ Ապրիլյան իշխանափոխությունից հետո մամուլում ակտիվորեն շրջանառվող ձեւակերպմամբ` սա այլ բան չէ, քան 20 տարի շարունակ մոռացված «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձեւը։

Այսքան ժամանակ Փաշինյանն ընդամենը մի անգամ է հերքել պնդերես լուրերը, թե բանակցությունները հե՛նց այդ «բանաձեւի» շուրջ են ընթանում, հայտարարել է, որ հայկական կողմը նման տարբերակ չի քննարկում։ Բայց համառորեն չի ուզում ասել` ինչի՞ շուրջ է բանակցում, ո՞րն է, ի վերջո, այն նոր «կետը», որտեղից, իբր, սկսվել է բանակցությունների «հեղափոխական» փուլը` գրողի ծոցը ուղարկելով նախորդ իշխանությունների բանակցային ռազմավարությունը։ Այդ թվում եւ առաջին հերթին` Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելու եւ մոնիթորինգի հնարավորություններն ավելացնելու վերաբերյալ։

Եթե դա այն «կետն» է, որի մասին խոսում է Հասանովը` որ 2016թ. իրենք հաղթել են, դաս են տվել հայկական կողմին, ապացուցել, որ կարող են հարցը «այլ ճանապարհով» լուծել (իրականում ճիշտ հակառակը. ցույց են տվել, որ չեն կարող), վայն եկել է մեզ տարել։

Սա ամենեւին էլ հիպոթետիկ ենթադրություն չէ։ Հակառակ դեպքում ինչո՞ւ պիտի Աժ իմքայլական փոխխոսնակը` տխրահռչակ Ալեն Սիմոնյանը, երկրորդեր Հասանովին` ի լուր աշխարհի հայտարարեր, որ հայկական կողմը 2016թ. միանշանակ պարտվել է։

Այսքանից հետո ի՞նչ երաշխիք, որ «պարտվածի» հոգեբանությամբ գնալով բանակցություններին՝ սրանք ի վիճակի են, չասենք` բարելավել մեր դիրքերը բանակցային գործընթացում, բայց գոնե պահպանել եղածը. այն նվազագույնը, ինչին հասել էին նախորդ իշխանությունները` բանակցությունները սկսելով աղետալի մի կետից, երբ խաղասեղանին դրված էր Ղարաբաղի լինել-չլինելու հարցը։

Խոսքը նույն «տարածքներ` խաղաղության» դիմաց (ինչպես կասեր Տեր-Պետրոսյանը, «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն») կոնցեպտի մասին է, որ 1997թ. համանախագահներն ամրագրել էին հակամարտության «փուլային կարգավորման» կամ, որ նույնն է, Ղարաբաղը փուլ առ փուլ հանձնելու վերաբերյալ համաձայնագրի նախագծով ու դեմ տվել հայկական կողմին։

Այն ժամանակ Արցախը կտրուկ «ոչ» ասաց, Հայաստանը՝ ի դեմս Տեր-Պետրոսյանի, հոժարակամ համաձայնեց այդ փաստաթղթին։ Վարչապետի պաշտոնն զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանի եւ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի դիրքորոշումը որոշիչ եղավ, եւ ԼՏՊ-ն հրաժարական տվեց։

Նիկոլ Փաշինյանն այս ուսանելի պատմությունից «դասեր է քաղել». լավ գիտի` նույնիսկ եթե «հեղափոխությունից շշկռված», ապակողմնորոշված «նոր» Հայաստանի հասարակությունը չընդվզի այդ սցենարով խնդիրը «լուծելու»` խաղաղության դիմաց տարածքներ հանձնելու դեմ, ապա Արցախին նման լուծում չես պարտադրի։

Այն, ինչ այսօր անում է Հայաստանի ոչ բարով վարչապետը Արցախի ղեկավարության եւ ռազմական վերնախավի հետ` կոպտորեն միջամտելով նախագահի կադրային քաղաքականությանը, ֆինանսական օժանդակությունից զրկելու սպառնալիքով ստիպելով փոխատեղումներ անել պաշտպանության եւ անվտանգության համար պատասխանատու առանցքային պաշտոններում, համառորեն հետապնդելով Արցախի հերոս եւ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հրապարակավ ստորացնելով երկրորդ եւ գործող նախագահներին` չեղարկել տալով նրանց միջնորդությամբ Քոչարյանին կալանքից ազատելու դատարանի որոշումը, ամբողջությամբ տեղավորվում է այդ տրամաբանության մեջ։

Միայն այդպե՛ս` Արցախը ծնկի բերելով, Արցախի դիմադրությունը կոտրելով կարող է (եթե, իհարկե, կարող է) կյանքի կոչել կարգավորման իր «տեսլականը», որի մասին պարտիզանի համառությամբ «բաց եւ թափանցիկ» լռում է...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը