Լրահոս

09.04.2010 17:03


Վարդան Ղուկասյան. «Կոչ եմ անում հեռու մնալ կուսակցական այս խաղերից»

ՀՀ երկրապահ կամավորական միության 8-րդ համագումարից հետո տարածքային բաժանմունքներում անցկացվում են հաշվետու ընտրական ժողովներ: Հերթը Գյումրի քաղաքինն էր:

ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի և ուժային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր Գյումրու ԵԿՄ վարչությունն ունեցավ նորընտիր նախագահ։ Միաձայն ընտրվեց Մնացական Մուրադյանը:  Միջոցառմանը մասնակցում էր նաև Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

Միջոցառման ժամանակ իր ելույթի խոսքում Մանվել Գրիգորյանը գյումրեցիների հասցեին գովեստներ տեղալուց հետո նրանց շնորհավորեց, որ նման քաղաքապետ ու տեղական ինքնակառավարման մարմին ունեն:

Այնուհետև կոչով հանդես եկավ Վարդան Ղուկասյանը, ով հնարավոր է՝ տեմպի տակ ընկնելով մոռացել էր, որ Շիրակի մարզի իշխող կուսակցության առաջնորդն է:

«Կոչ եմ անում նմանատիպ մարդկանց ձեռք ձեռքի տալ, հեռու մնալ կուսակցական այս խաղերից, ճիշտ է՝ ինձ..., ես մարզի Հանրապետական կուսակցության ղեկավար եմ, բայց ինձ կուսակցական չեմ դասում, մշտապես ասել եմ: Ես հավատացյալ մարդ եմ, հայ եմ, հայոց լեզվով խոսացողի տերն ու տիրականն եմ, որ րոպեին որտեղ պետք եմ՝ այնտեղ կանգնած եմ: Ով ուզում է լինի: Չի կարելի ասել, թե այս կուսակցությունը լավն է, այս ազգը վատն է: Մի խոսքով, դրանք մեզանից հեռու մնան»,-հայտարարել է Վարդան Ղուկասյանը:

Դրանից հետո Գյումրու քաղաքապետն անդրադարձավ ԵԿՄ-ի հետ իր սերտ հարաբերությունների դրդապատճառներին' վկայակոչելով հայրենասիրությունն ու մարդասիրությունը: Միաժամանակ Գյումրու քաղաքապետը գթասրտության ուղերձ հղեց մեր պետությանը:

«Ճիշտն ասած, մտել եմ խորհրդի կազմի մեջ, որպեսզի նայեմ այս մարդկանց:  Նրանք, որոնք այս քաղաքի սերը հավաքում են, որտե՞ղ են, ի՞նչ են անում, ինչու՞ չեն մասնակցում, այսպիսի մարդիկ կան (մատնացույց է անում հաշմադամ ազատամարտիկին): Ճիշտ է, մեր երկիրը չի կարող այդքան ֆինանսավորել, տա Աստված, որ նրանց սրտերն էլ գութ ընկնի մի քիչ, դառնան դեպի այս մարդիկ, որոնք կյանք են տվել ու արյուն թափել: Մի քիչ դրանց սրտերի մեջ էլ բան դառնան, հերիք է, էլի, վերջը մարդ ենք, էլի, բան: Մի խոսքով, սա է վիճակը, էլ բան չունեմ ասելու, շատ խոսեցի, կխառնեմ իրար»,- իր խոսքն ավարտել է Վարդան Ղուկասյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը