Մեկնաբանություն

29.06.2019 14:00


Երկուսից մեկը՝ կա՛մ առաջ էր ստում, կա՛մ հիմա

Երկուսից մեկը՝ կա՛մ առաջ էր ստում, կա՛մ հիմա

«Ընդդիմադիր» Փաշինյանը, երբ դեռ «հաճախորդ» էր աշխատում Բ26–ի մատույցներում` ժողովրդին խաբելով ու մոլորեցնելով, Հայաստանի բյուջեն մի տարում 800-900 միլիոն դոլարով ավելացնելու մասին հեքիաթներ պատմելով չէր ելել ժողովրդի շալակը, իր բոլոր ելույթներում կոկորդ էր պատռում «Սաշիկի 50-50»-ների, Հայաստանում փթթող «ալան-թալանի», կոռուպցիայի, հովանավորչության եւ մենաշնորհների թեմայով։

Երբ ինքն իրեն նախ՝ ժողովրդի սրտի վարչապետացու, ապա` ժողովրդի վարչապետ նշանակեց, երդվում էր, որ գալիս է` այդ արատավոր երեւույթների «քոքը կտրելու»։

100 օրը լրանալուց հետո հայտարարեց, որ «փայլուն» կերպով կատարել է այդ առաջադրանքը` «Նոր Հայաստանում» կոռուպցիան ու մենաշնորհներն իսպառ վերացել են։

Հետո պարզվեց, որ կոռուպցիայի «անժամանակ մահվան» մասին լուրերը խիստ չափազանցված են` իրե՛նք էլ ամպոտ ոտքերով հրեշտակներ չեն եւ թուլություն ունեն կոռուպցիոն գործարքների նկատմամբ։ Նույնիսկ գործեր բացեցին յուրային «պոլիփեդերից» մի քանիսի նկատմամբ։

Կյանքը ցույց տվեց, որ դա սոսկ ժամանակավոր մի բան էր` քարոզչական տրյուկ։ Առողջապահության համակարգի վերին էշելոններում եւ Պետական վերահսկողության ծառայության սորոսական պետի նկատմամբ հարուցված քրեական գործերը մնացին օդում կախված` այդ մասին այսօր ոչ մեկը չի հիշում. գլուխները խառն է` հույժ կարեւոր գործով են զբաղված. հերթով բեկանում են Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշումները եւ նորից կալանավորել տալիս։

Ինչ վերաբերում է մենաշնորհներին, Փաշինյանն ու իր մանկլավիկները հավատացնում են, որ այստեղ որեւէ խնդիր չկա` ով երբ, ինչ ուզի եւ ինչքան ուզի կարող է ներկրել եւ իրացնել հայրենական անծայրածիր շուկայում։ Ինչպե՞ս է լինում, որ ներմուծման ծավալներն այդուհանդերձ ոչ թե ավելանում են, այլ մի բան էլ պակասում` կարո՞ղ է մենաշնորհները դեռ կենսունակ են, չեն վերացել` չի ասում։

Ոլորտի պատասխանատուները, այս հարցին ի պատասխան, կրկնում են այն, ինչ ասում էին նախորդ «հանցավոր» կառավարությունների ղեկավարները եւ պետեկամուտների կոմիտեի, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պատասխանատուները. որ ոչ մի արհեստական մենաշնորհ էլ չկա` պարզապես փոքր ներկրողները, որոնք աշխատում են փոքր ծավալների հետ, չեն դիմանում մրցակցությանը, որովհետեւ «շատով» ներմուծելու դեպքում ապրանքի մեկ միավորի ինքնարժեքը տեղափոխման ծախսերի նվազեցման հաշվին ավելի ցածր է լինում։ Համ էլ` ունեն ժամանակի ընթացքում կայացած իրացման շուկաներ, ի տարբերություն նորելուկների, որոնք նոր պետք է գտնեն իրենց տեղը «արեւի տակ»։

Հիմա, եթե Փաշինյանը կես պտղունց ամոթ ունի եւ խիղճ, պետք է ի լուր թավշյա հակաքարոզչության զոհերի խոստովանի, որ այն ժամանակ ստում էր եւ այսօր էլ շարունակում է մոլորեցնել մարդկանց` կոկորդ պատռելով նախորդ իշխանությունների օրոք ծաղկող մենաշնորհների մասին. իր սրտի չօլիգարխ` «բարեխիղճ գործարար» Սամվել Ալեքսանյանը եւ մի գիշերում թավիշով պատված մնացած նախկին օլիգարխները, ինչպես Հանրապետականի ժամանակ էին աշխատում օրենքի դաշտում, այնպես էլ այսօր` Նիկոլի թվին։

Կամ էլ պետք է հրապարակավ ներողություն խնդրի իր համակիրներից (մյուսներին դա պետք չէ. լավ գիտեն` ինչ երեւույթի հետ գործ ունեն)` նրա համար, որ դարձյալ ստում է՝ երդվելով, որ հերոսաբար կռիվ է տվել նախկին իշխանություններից ժառանգած մենաշնորհների դեմ եւ սուրը փառքով դրել պատյանը։

Երկուսից մեկը` այլ տարբերակ չկա...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը