Քաղաքական

29.06.2019 07:10


Եղվարդի բնակիչները պատրաստվել են գիշերել կառավարության շենքի մոտ (տեսանյյութ)

Եղվարդի բնակիչները պատրաստվել են գիշերել կառավարության շենքի մոտ (տեսանյյութ)

Մենք բոմժ չենք, հետո ի՞նչ, որ մեր իրերը հանել շպրտել են դուրս. մենք ընտանիքներ ենք, 28 ընտանիքի հետ խա՞ղ են անում։ Այս մասին հունիսի 27-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կառավարության առաջ գիշերող բնակիչներից մեկը։

Նրա խոսքով, երեխաները դրսում պառկելով՝ հիվանդացել են, բայց իրենց հարցի նորմալ լուծում չեն առաջարկում. «Ասում են՝ մեկ ամսվա տան վարձ տանք՝ գնացեք: Այդպես չի լինի, մեկ ամիս հետո ի՞նչ ենք անելու, մենք ի վիճակի չենք վճարելու։ Այս ժամին երեխան պետք է լողացած, մաքուր իր տեղերում պառկած լիներ, ոչ թե փողոցում գիշերեր»,–ասաց բնակիչը։

Նրանցից մեկի խոսքով էլ՝ չի պատրաստվում հանդուրժել այս անտարբերությունը եւ պատրաստ է գնալ ծայրահեղ քայլերի. «Այս մեխերը բերել եմ, որ եթե մեր հարցին լուծում չտան, ոտքերս մեխեմ»,-ասաց բնակիչը։

Ավելի ուշ NEWS.am-ի հետ հեռախոսազրույցում, Եղվարդի բնակիչները ասացին, որ վերադարձել են Եղվարդ։ «Քաղաքապետը բոլորիս կանչել է, ասաց՝ ես իմ վրա եմ վերցնում այս հարցը։ Սպասում ենք, տեսնենք՝ ինչ կլինի»,-ասաց բնակիչը։

Հիշեցնենք, որ եղվարդցի մոտ 30 ընտանիք հունիսի 25-ից եկել էին կառավարության շենքի դիմաց եւ պահանջում էին իրենց ապահովել տներով։ Մինչ այս նրանք ապրել են հին արտադրամասի շենքում, իսկ հիմա տարածքի սեփականատերը պահանջել է դուրս հանել նրանց, քանի որ այնտեղ շինարարություն է իրականացնելու։

Նշենք, որ այս հարցին երեկ անդրադարձել է նաեւ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ ասելով, որ այդ շինությունից վտարվել են 6 ընտանիք, մյուսները՝ հարակից տարածքներից են․ «6 ամիս ժամանակ էր տրված, եւս 6 ամիս ես ավելացրել եմ, որպեսզի այդ տարածքները լքեն, քաղաքապետի առաջադրած լուծումներին ականջալուր լինեն: Մեր քաղաքացիները հրաժարվել են բոլոր լուծումներից: Մենք նույնիսկ առաջարկել ենք 2-3 ամսվա տան վարձերը փոխհատուցենք, բայց նրանք պետությունից պարզապես տուն են պահանջում»,-ասել է մարզպետը։

Այս խորագրի վերջին նյութերը