Քաղաքական

02.07.2019 12:45


Մանվել Գրիգորյանի ոտքերը 70-90 %-ով դարձել են անզգա․ պաշտպանական կողմը միջնորդում է փոխել խափանման միջոցը

Մանվել Գրիգորյանի ոտքերը 70-90 %-ով դարձել են անզգա․ պաշտպանական կողմը միջնորդում է փոխել խափանման միջոցը

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստի մեկնարկին պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց Մանվել Գրիգորյանի փախանման միջոց կալանավորումը անհապաղ վերացնելու մասին։

Պաշտպաններից Լեւոն Մնացականյանը, թվարկելով Առողջապահության նախարարության հունիսի 11-ի հրամանով կազմակերպված կոնսիլումի արդյունքում ախտորոշված մի շարք հիվանդություններ՝ նշեց, որ Մանվել Գրիգորյանի մոտ գնահատվել է վիճակի վատթարացում․ «Մանվել Գրիգիորյանի ոտքերը ուռած են, հոսանքի լարմամբ ախտորոշվել է, որ 70-90 տոկոս դարձել են անզգա, եւ ՀՀ լավագույն բժիշկները չեն կարողանում վիճակը բարելավել։ Նրա մոտ ախտորոշվել է նաեւ հուզական, մտավոր անկայունություն, շարժումների արգելակում, անտարբերություն, ինչը հանգեցրել է սթրեսային խանգարման»։

Պաշտպանի խոսքով՝ թե՛ Նաիրի ԲԿ-ն եւ թե՛ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն, հաշվի առնելով Գրիգորյանի ծանր վիճակը, գտել են, որ անհրաժեշտություն կա, որ նա 24-ժամյա ռեժիմով ունենա երկու խնամակալ՝ հարազատների հերթափոխի առկայությամբ, ինչը ՔԿՀ պետի կողմից մերժվել է։

Պաշտպանի պնդմամբ՝ Գրիգորյանը տառապում է այնպիսի հիվանդություններով, որոնք նրա կյանքին վտանգ են սպառնում։

Լեւոն Մնացականյանն ընդգծեց, որ եթե անգամ դատարանը գտնի, որ առկա պայմաններում կալանավորման հիմքեր ամեն դեպքում կան, ապա իրենք միջնորդում են 10 միլիոն գրավի դիմաց ազատ արձակել նրան։

Պաշտպան Արսեն Մկրտչյանն էլ խնդրեց դատարանին բավարարել միջնորդությունը՝ թույլատրելով, որ քիչ թե շատ առողջությունը կորցրած իրենց պաշտպանյալի հետ կարողանան գոնե պաշտպանության իրավունքը իրացնել։

Այս խորագրի վերջին նյութերը