Աշխարհ

03.07.2019 18:50


Ֆրանսիայում օրենքով արգելվել է երեխաներին ծեծելն ու ստորացնելը

Ֆրանսիայում օրենքով արգելվել է երեխաներին ծեծելն ու ստորացնելը

Ֆրանսիայի խորհրդարանը հուլիսի 2-ին կայացած քվեարկության արդյունքում միաձայն ընդունել է օրինագիծ, որն արգելում է երեխաների նկատմամբ ֆիզիկական պատիժների կիրառումը, հայտնում է tass.ru-ն՝ մանրամասնելով, որ այսպիսով՝ Ֆրանսիան դարձավ նման պատիժներն արգելած 56-րդ պետությունն աշխարհում:

Հատկանշական է, որ երեխաների նկատմամբ ֆիզիկական պատժի կիրառման արգելք սահմանած առաջին պետությունը եղել է Շվեդիան: Ֆրանսիան նույնպիսի օրենք է ընդունել Շվեդիայից 40 տարի հետո:

Աղբյուրը մանրամասնում է, որ ընդունված օրենքն արգելում է ստորացնել երեխաներին, բարկանալ նրանց վրա կամ ծաղրել:

Քվեարկությունից առաջ Fondation pour l'Enfance հիմնադրամը հրապարակել էր տվյալներ, համաձայն որոնց՝ ֆրանսիացի ծնողների 85%-ը դաստիարակչական նպատակներով ծեծում է երեխաներին:

Այժմ նոր ընդունված օրենքը ներառվել է երկրի քրեական օրենսգրքի հավելյալ հոդվածում:

Կառավարության ներկայացուցիչը, ինչպես նաև օրենքի հեղինակները գտնում են, որ երեխային ծեծելն ու ստորացնելը հանգեցնում են նրանց մոտ ինքնագնահատականի նվազման, հակասոցիալական պահվածքի դրսևորման միտումների և այլ բացասական երևույթների առաջացման:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը