Տնտեսական

04.07.2019 12:40


Ջրային կոմիտեին շուրջ 5 մլրդ դրամ կտրամադրվի նոր տարին զրոյական պարտքով մտնելու համար

Ջրային կոմիտեին շուրջ 5 մլրդ դրամ կտրամադրվի նոր տարին զրոյական պարտքով մտնելու համար

Ջրային կոմիտեին 2019թ. պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 4 միլիարդ 87 միլիոն 871 հազար դրամ: Որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Սա մեր ամենախնդրահարույց համակարգերից մեկն է: Համակարգ, որտեղ տարիներ շարունակական պարտքեր են կուտակվել և վերջին շրջանում աղմկոտ բացահայտումներ են կատարվել պատկան մարմինների կողմից»,- ասաց Պապիկյանը:

Նրա խոսքով՝ ջրօգտագործողների ընկերության՝ դեռևս անցած տարիներից կուտակած պարտքից զատ, 2018 թվականի ընթացքում կուտակված պարտքերը կազմել են 6 միլիարդ 941 միլիոն դրամ՝ «Ամերիա» բանկից վերցված վարկի տեսքով:

«Տարիներ շարունակ Ջրօգտագործողների ընկերությունները տարեվերջին ՀԷՑ-ին պարտքը մարելու համար դիմել են բանկերին ու ստացած գումարը մյուս տարվա ստացած դոտացիայով փորձել են փոխհատուցել, ու ամեն տարվա մեկնարկին համակարգը մարել է նախորդ տարվա պարտքը։ Այս տարին էլ բացառություն չի եղել, և մեր կողմից տրամադրված 7 մլրդ 435 մլն դրամն ուղղվել է նախորդ տարվա գոյացած պարտքի մարմանը, բայց այն բավարար չի եղել տարին սկսել առանց պարտքի»,- նշեց նախարարը:

Սուրեն Պապիկյանն նշեց՝ կառավարությունը գոնե վերջին տարիների համար նախադեպ չունեցող քայլ է կատարում։

«Այս պահին առկա պարտավորությունները մարելու և զրոյացնելու համար առաջարկում ենք գումար տրամադրել համակարգին: Սա կբերի նրան, որ աշնանը համակարգը կմտնի նոր տարի զրոյական պարտքով, ինչը հնարավորություն է տալու համակարգի առողջացմանը»,- շեշտեց նախարարը:

Նախարարը կոչ արեց քաղաքացիներին պարտաճանաչ վճարել ջրի դիմաց ու հետևողական լինեն, որ գումարները հասնեն իրենց նպատակին։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ պետք է արձանագրել՝ կա համակարգային խնդիր։

«Ու ամենակարևոր հարցը, որ պետք է քննարկենք այս գումարները տրամադրելուց, այն է, թե վերջապես ե՞րբ ենք կարողանալու նստել ու քննարկել համակարգային ու խորքային փոփոխությունները»,-ասաց Տիգրան Ավինյանը։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ ասաց, որ գործերը քննվում են, որպեսզի պատճառված վնասները վերականգնվեն։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը