Լրահոս

12.04.2010 13:52


Գործած և անհայտ հեռուստաընկերությունների հնարավորությունները մրցույթում հավասարեցված են

Գործած և անհայտ հեռուստաընկերությունների հնարավորությունները մրցույթում հավասարեցված են

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, թե հեռուստառադիոընկերություններին լիցենզիաներ տրամադրելու մրցույթը, անկախ նրանից'  թվայնացված հեռարձակման մասին օրենքը կլինի՞ ուժի մեջ, թե՞ ոչ, կանցկացվի հուլիսի 20-ին։ Նրա խոսքերով, սակայն, վատատեսության հիմքեր չկան, և կառավարությունը կհասցնի ավարտել օրենքի լրամշակումը։

-Առաջիկա հուլիսի 20-ի մրցույթին մասնակցելու համար, կարծում եմ, խոսք է գնում  բոլոր հեռարձակողների կապուղիների մասին՝ բացառությամբ  1-2 մարզային հեռուստաընկերությունների, որոնց լիցենզիայի ժամկետն այդ ամսաթվով դեռ չի ավարտվում,-անդրադառնալով լիցենզավորման հայտերին՝ ասել է Գրիգոր Ամալյանը։

Նրա խոսքերով՝  եթերի հետ կապված հիմնական խնդիրը Երևանում է, որտեղ հաճախությունները գերհագեցած են, և  թափուր տեղեր չկան։

Պատասխանելով «7օր»-ի այն  հարցին, թե հնարավո՞ր է, որ մրցույթի ժամանակ որոշ հեռուստաընկերությունների գործունեությունը դադարեցվի, Գրիգոր Ամալյանը պատասխանել է, թե մրցույթով ամեն ինչ սկսվում է նոր  էջից։

 -Հիշեք, որ հեռուստագործունեության մրցույթներին մասնակցում են բոլոր նրանք, ովքեր ցանկանում են այդ ոլորտում գործունեություն ծավալել։ Մեր օրենսդրությամբ նախատեսված է, որ նախկին գործունեությունը ընդամենն հավասար պայմանների դեպքում կարող է համարվել որպես դրական գործոն։ Մնացած բոլոր դեպքերում և՛ գործած հեռուստաընկերությունները, և՛ այն հեռուստաընկերությունները, որոնք երբևէ հայտնի չեն եղել հանրությանը, բայց ուզում են հայտ ներկայացնել և զբաղվել հեռուստատեսային գործունեությամբ, հնարավորություններով հավասարեցված են,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը