Լրահոս

09.07.2019 13:00


ԵՊՀ պրոռեկտոր է նշանակվել Էլինա Ասրիյանը

ԵՊՀ պրոռեկտոր է նշանակվել Էլինա Ասրիյանը

ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ Էլինա Ասրիյանը նշանակվել է «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի հումանիտար եւ հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր:

Այսօր տեղի ունեցած ԵՊՀ ռեկտորատի ընդլայնված նիստի ժամանակ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը տեղեկացրեց, որ «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի հումանիտար եւ հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր է նշանակվել Էլինա Ասրիյանը: Նա հայտնեց, որ Բնական եւ ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտորի նշանակման վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել՝ մեկ ամսից հաստատելու այժմ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն Ռաֆայել Բարխուդարյանի թեկնածությունը:

Ինչ վերաբերում է Միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտորի նշանակմանը, Գեղամ Գեւորգյանը փաստեց, որ այն կլինի նախքան նոր ուսումնական տարվա սկիզբը, իսկընդհանուր հարցերով պրոռեկտորի պաշտոնը կշարունակի զբաղեցնել Արարատ Մալխասյանը:

Տեղեկացնենք, որ Էլինա Ասրիյանն ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետը: 2004-2008 թթ. սովորել է ՀՀ ՊԿԱ ասպիրանտուրայում: 2008 թ. պաշտպանել է «Միֆը՝ որպես քաղաքական լիդերի իմիջի ձեւավորման սոցիալ-հոգեբանական գործոն» թեմայով ատենախոսությունը՝ ստանալով հոգեբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտը 2002-2004 թթ. աշխատել է Երեւանի պետական հոգեբանական կենտրոնում՝ որպես հոգեբան, 2004-2005 թթ. եղել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտորի խորհրդականը: 2005-2007 թթ. ՀՀ ՊԿԱ հոգեբանության ամբիոնում եղել է դասախոս եւ լաբորանտ, 2007-2009 թթ.՝ ԵՊՀ հոգեբանության տեսության եւ պատմության ամբիոնի դասախոս:

Էլինա Ասրիյանը 2008 թ. առ այսօր ԵՊՀ փորձարարական հոգեբանության լաբորատորիայի ավագ գիտաշխատող է, 2009 թ. առ այսօր՝ Հայ-ռուսական համալսարանի մեդիայի եւ գովազդի ինստիտուտի դոցենտ: Նա 2009-2012 թթ. եղել է ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի ասիստենտ, իսկ 2012 թ. առ այսօր ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ է:

Էլինա Ասրիյանի հետաքրքրությունների շրջանակը ներառում է իմիջի հոգեբանությունը, գովազդը եւ PR-ը, սոցիալական հոգեբանությունը, զանգվածային հաղորդակցման հոգեբանությունը եւ հուզական ոլորտի հոգեբանությունը:

Էլինա Ասրիյանը մասնակցել է մի շարք մասնագիտական վերապատրաստումների եւ դրամաշնորհային ծրագրերի: 2003 թ. նա ճանաչվել է ֆակուլտետի լավագույն ուսանող եւ արժանացել ԵՊՀ արծաթե մեդալի: 2017 թ. ճանաչվել է Հայ-ռուսական համալսարանի լավագույն դասախոս: «Էգո երիտասարդ հոգեբաններ» ՀԿ-ի անդամ է:

Այս խորագրի վերջին նյութերը