Լրահոս

09.07.2019 13:12


«Չեմ հավատում ո՛չ հրապարակմանը, ո՛չ հերքմանը, նեյտրալ եմ». Հրաչյա Հակոբյանը՝ Հայկ Սարգսյանի «էքսկուրսիայի» մասին

«Չեմ հավատում ո՛չ հրապարակմանը, ո՛չ հերքմանը, նեյտրալ եմ». Հրաչյա Հակոբյանը՝ Հայկ Սարգսյանի «էքսկուրսիայի» մասին

Որքանով տեղյակ եմ, Հայկ Սարգսյանը հերքել է դա. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով համացանցի քննարկումներին, թե նույն խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը պարուհիների հետ նախագահական նստավայրում «էքսկուրսիա» է անցկացրել:

«Ես տեսանյութը տեսել եմ, Հայկ Սարգսյանն այնտեղ չի երևում, և Հայկ Սարգսյանը հենց այդպես էլ գրել է, որ բազմաթիվ մարդիկ են այս ընթացքում եղել նախագահականում: Նա հերքել է, որ դա իր մասնակցությամբ է եղել: Տեսանյութը տեսել եմ՝ թե՛ նախագահականինը, թե՛ մյուսները: Ավել բան չգիտեմ»,- ասաց Հրաչյա Հակոբյանը: Հայտնում է Tert.am-ը:

Հարցին՝ աղմուկը շատ չէ՞ Հայկ Սարգսյանի շուրջ, Հակոբյանն ասաց՝ մի փոքր շատ է, որովհետև լրատվամիջոցներն ու լրագրողները թիրախավորել են նրան: Իսկ թե ինչու հենց Հայկ Սարգսյանը պետք է թիրախավորվեր, Հակոբյանն ասաց, որ պատճառը չգիտի:

«Երևի մեկ-երկու աղմկահարույց դեպքերից հետո՝ թեկուզ այն մեքենայի դեպքը եղավ, դրանից հետո սկսվեց: Լրագրողները սիրում են ունենան մի այդպիսի կերպար, որ նյութ չեղած ժամանակ այդ մարդու դեմ պեղեն, մի բան գտնեն»,- ասաց նա:

Հարցին՝ գուցե ակնհայտ փաստե՞ր կան, Հակոբյանն ասաց, որ այդ փաստերը տեսնում են: «Փաստերից մեկն էլ մեքենան էր, որը հնարավոր չէր որևէ ձևով կոծկեր»,- ասաց նա և հավելեց, որ խմբակցության ներսում նրա շուրջ այս աղմուկների հետ կապված քննարկում չի եղել:

Դիտարկմանը՝ մամուլում հրապարակումներ եղան, թե Նիկոլ Փաշինյանն ասել է Հայկ Սարգսյանին՝ «աչքիս չերևաս», Հակոբյանը ևս մեկ անգամ նշեց, որ խմբակցությունում քննարկում չի եղել, իսկ այլ հարթակներից ինքը տեղյակ չէ:

Իսկ այն կարծիքներին, թե նախագահականի «էքսկուրսիայից» հետո պետք է Հայկ Սարգսյանը վայր դնի մանդատը, Հակոբյանն ասաց. «Մարդն արդեն հերքել է, թող հիմա ապացույցներ ներկայացնեն, որ, այո, դա իր հետ է եղել, ինքն է եղել: Հերքման տեքստի հետ Հայկ Սարգսյանը դրել է բազմաթիվ ֆոտոներ, որտեղ մարդիկ նախագահականի ներսում, այդ աթոռներին նստած, նկարված են»:

Դիտարկմանը, թե այդ լուսանկարները արված են հատուկ միջոցառումների ժամանակ, և այնպես չէ, որ ցանկացած անձ կարող է ազատ մուտք գործել նախագահական, Հակոբյանն ասաց, որ եղել է հրապարակում, որ իր մասնակցությամբ է եղել դա, մյուս կողմից էլ եղել է հերքում:

«Ես հավատամ այդ հրապարակմանը և չհավատամ Հայկ Սարգսյանի՞ն: Ես այնտեղ Հայկ Սարգսյանին չեմ տեսնում: Ուրեմն, չեմ հավատում ո՛չ հրապարակմանը, ո՛չ հերքմանը. ես նեյտրալ եմ, ինձ համար այդ պատմությունը չկա ուղղակի, քանի ես չեմ տեսել, որ Հայկ Սարգսյանն ինչ-որ աղջկա հետ նախագահականում ֆոտո, սելֆի է արել»,- ասաց նա:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը