Մեկնաբանություն

10.07.2019 01:15


Ստամբուլյան կոնվենցիան և քայլարածների վարքագիծը

Ստամբուլյան կոնվենցիան և քայլարածների վարքագիծը

Տրանսգենդերի`ԱԺ ամբիոնից իր եւ իր նմանների «լգբտ-ական ինքնությունը» պրոպագանդելու աղմկահարույց պատմությունից հետո իմքայլական մեծամասնության ներկայացուցիչները՝ Փաշինյանի գլխավորությամբ, փորձեցին չքմեղանալ` ԲՀԿ-ին եւ Հանրապետականին մեղադրելով ԼԳԲՏ-ների առաջ կանաչ լույս վառելու մեջ։

Այսօր, երբ օրակարգում դրված է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման «գերխնդիրը», էլի պոչ են խաղացնում, թե մենք դրա հետ կապ չունենք. Ստամբուլյան կոնվենցիան մե՛նք չենք ստորագրել` Հանրապետականն է ստորագրել։

Այո՛, կոնվենցիան ստորագրվել է Հանրապետականի օրոք, եւ շատ վատ է, որ ստորագրվել է։ Բայց մի բան է` ստորագրել, բոլորովին այլ բան` էնտուզիազմով լծվել խնդրահարույց այդ փաստաթղթի վավերացմանը. նախապես «անհրաժեշտ» ֆոն ստեղծել, «թավշյա հեղափոխություն արած հպարտ քաղաքացիների» հասարակությունը ներկայացնել որպես բռնարարների եւ բռնաբարների հասարակություն, եղած ու չեղած բռնաբարությունների զգլխիչ մանրամասներով ամրապնդված անանուն նամակների «փառատոն» կազմակերպել սոցիալական ցանցերում` մեկին մեկ երկրորդելով Ուկրաինայում եւ այլ երկրներում փորձարկված պրոպագանդիստական սխեմաները։

Այո՛, Հանրապետականի օրոք էր, որ, ի հեճուկս ավանդական «կարծրատիպերը» քանդելու հակառակորդների, ընդունվեց ընտանիքում բռնությունների կանխարգելման վերաբերյալ օրենքը, որպես ստամբուլյան կոնվենցիայի վավերացման «նախերգանք», բայց` սկզբունքային փոփոխություններով, որոնք, չասենք` ամբողջությամբ, բայց գոնե մասամբ նվազեցրին դրա թաքնված ռիսկերը։ Պատահական չէ, որ ԼԳԲՏ-ների «իրավունքների» պաշտպանները, որոնց մի մասը իշխող կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ է, աղմուկ բարձրացրին, թե օրենքն այդ փոփոխություններով եղած-չեղած` մի հաշիվ է։

Համենայն դեպս, այն ժամանակ իշխող մեծամասնությունը «դոշ չէր տալիս» այդ օրենքի համար, ԱԺ փոխխոսնակը` Էդուարդ Շարմազանովը, որը նաեւ ՀՀԿ խոսնակն էր, չէր հոգնում կրկնել.՝ հայկական ավանդական ընտանիքը գերակա արժեք է, որի նկատմամբ ցանկացած ոտնձգություն անընդունելի է մեզ համար։ Օրենքի ջատագովն այս դեպքում էլ «Իմ քայլը» դաշինքն էր, որ, բոլոր հարցերում կտրուկ ընդդիմանալով իշխանության նախաձեռնություններին, այս հարցում պապից ավելի կաթոլիկ «իշխանամետ» կեցվածք էր որդեգրել։

Կարկառուն քայլարած`ԱԺ փոխխոսնակի աթոռին հարմարավետ տեղավորված Ալեն Սիմոնյանը դեռ 2017 թ. հուլիսի 17-ին (երբ չէր էլ կարող երազել անհասանելի այդ «բարձունքին» հասնելու մասին), հայտնի ֆեյսբուքյան գրառման մեջ`«Բաներ, որոնց փոփոխությունը Հայաստանում ժամանակի խնդիր է» վերնագրի ներքո, ի շարս հրատապ լուծում պահանջող առաջնահերթ 10 խնդիրների՝ սեւով սպիտակի վրա գրել էր. «1. Մարիհուանայի օրինականացում, 2. Մարմնավաճառության օրինականացում, 3. Պոռնկագրական նյութերի պատրաստում եւ տարածման օրինականացում, 4. ԼԳԲՏ անձանց ամուսնության օրինականացում»։

Փութաջանությունը, որով հասարակությանը «նախապատրաստում» են Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, լրիվ այդ գծի մեջ է։ Արտաքուստ բռնությունների կանխարգելմանն ուղղված սույն փաստաթղթի «աղը» 12-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված թեզն է, որի համաձայն`կոնվենցիան վավերացրած երկրները պարտավոր են «արմատախիլ անել այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները եւ մյուս բոլոր երեւույթները, որոնք հիմնված են, օրինակ` կանանց եւ տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա»։ Ավելին` պարտավոր են համապատասխան «ուսումնական նյութեր» մտցնել հանրակրթական ծրագրերում։

Նույն կոնվենցիայի 4-րդ հոդվածում խոսվում է «գենդերային ինքնության» մասին, որի փակագծերը «բացված» են փաստաթղթին կից բացատրական զեկույցի 53-րդ կետում։ Ըստ այդմ`«գեյերը, լեսբուհիները եւ բիսեքսուալները» կարող են խտրականության ենթարկվել իրենց գենդերային կողմնորոշման հիմքով, «ինչը նշանակում է, որ այն գենդերը, որի հետ նրանք իրենց նույնացնում են, չի համապատասխանում ծննդյան փաստով նրանց կենսաբանական սեռի հետ: Սա ներառում է այնպիսի կատեգորիաներ, ինչպիսիք են տրանսգենդերը, տրանսվեստիտը կամ տրանսսեքսուալ և այլ անձը, որը չի համապատասխանում հասարակության կողմից «կին» և «տղամարդ» կատեգորիաներին ներկայացվող պահանջներին»։

Ի՞նչ է սա, եթե ոչ հրաժարում ավանդական «հին» կարծրատիպերից եւ «ակտիվ նախապատրաստություն» հանրային գիտակցության մեջ երրորդ` «չեզոք» սեռի ամրագրմանն ու միասեռական ամուսնությունների օրինականացմանը. այն, ինչի մասին երազում էր ԱԺ ծանծաղամիտ փոխխոսնակն իր ֆեյսբուքյան «հայտնության» մեջ։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը