Լրահոս

12.04.2010 16:42


Արցախի պաշտոնական մի շարք ներկայացուցիչներ փորձել են լղոզել Սերժ Սարգսյանի հայտարարությունը

Արցախի պաշտոնական մի շարք ներկայացուցիչներ փորձել են լղոզել Սերժ Սարգսյանի հայտարարությունը

«Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանն այսօր «7օր»-ի հարցին ի պատասխան ասել է, որ եթե հիմք ընդունենք և առաջնորդվենք Հայաստանի առաջին նախագահի գծած կաղապարով, ըստ որի գոյություն ունեն ՀՀ և ԼՂՀ, ապա Սերժ Սարգսյանը որևէ իրավունք չուներ արցախյան տարածքների ճակատագրի մասին որևէ դատողություն, առավել ևս՝ որոշակի քաղաքական պատասխանատվություն ենթադրող հայտարարություններ անել, քանզի չի ներկայացնում ԼՂՀ ժողովրդին, և այսօր առկա չէ միջպետական որևէ պայմանագիր, որով ԼՂՀ-ն կլիազորեր Հայաստանի նախագահին այդպիսի բանակցություններ վարել և Արցախի սահմանների ճշգրտմանը վերաբերող հայտարարություն կատարեր։

Հիշեցնենք, որ սիրիական «Al Watan» թերթին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ անվտանգությունն ամրապնդելու համար Ղարաբաղի շուրջ ձևավորվել է անվտանգության գոտի, և երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն, ու ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին՝ իհարկե պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը:

«7օր»-ի հարցին՝ ինչպե՞ս է Սերժ Սարգսյանի այս հայտարարությունն ընկալվել Արցախի բնակչության կողմից, արցախցի քաղաքագետը պատասխանել է.

-Քոչարյանի նախագահության օրոք կարող եմ ասել մի տարօրինակ երևույթ՝ արցախյան հանրությունը լայն առումով համարյա չէր հետևում գործընթացին՝ որոշակի վստահություն տածելով Ռոբերտ Քոչարյանի անձի և, իրենց գնահատմամբ, նրա անձին հատուկ ինչ-ինչ կարծր կամային գծերի նկատմամբ։ Այս պահի դրությամբ Սերժ Սարգսյանն իր նախաձեռնողական քաղաքականությամբ հասցրել է Արցախի բնակչության լայն շրջանակներում լուրջ մտահոգություններ հարուցել, հետևաբար այսօր արցախցին շատ ավելի հետևողականորեն է փորձում գնահատել Սերժ Սարգսյանի քաղաքականությունը։ Այս պահի դրությամբ դեռևս գերիշխում է հանճարեղ բլեֆային քաղաքականության մասին պատկերացումը, այսինքն՝ իրենք կարծում են, որ այս հայտարարությունները մի գերճկուն, գերհանճարեղ քաղաքական գծի դրսևորումներ են, այսինքն՝ ինքը գերազանց բլեֆ է տանում աշխարհի գերհզոր պետությունների ղեկավարությունների հետ՝ կարողանալով ժամանակավորապես պլստալ բարդ ճնշումներից և իրավիճակներից։ Բայց, այնուամենայնիվ, մտահոգությունը շատ ավելի մեծ է։ Իհարկե Արցախի պաշտոնական մի շարք ներկայացուցիչներ փորձել են լղոզել Սերժ Սարգսյանի Սիրիայի հայտնի հայտարարությունը՝ ասելով, որ ինքը ցանկացած պարագայում Արցախը չի ներկայացնում, և ամենակարևորը՝ ինքն այդտեղ նշեց ինքնորոշման իրավունքը, իսկ այսօր Ադրբեջանը պատրաստ չէ ճանաչել ինքնորոշման այս իրավունքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը