Լրահոս

10.07.2019 15:20


Էլեկտրամատակարարման համակարգում առաջացած խնդիրների պատճառով դադարեցվել է «Վեոլիա ջրի» պոմպակայանների աշխատանքը

Էլեկտրամատակարարման համակարգում առաջացած խնդիրների պատճառով դադարեցվել է «Վեոլիա ջրի» պոմպակայանների աշխատանքը

Հնարավոր են ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի Հանրային կապերի բաժնից:

«Ինչպես հայտնի է, Հայաստանի էլեկտրամատակարարման համակարգում ներկայումս առաջացել են տեխնիկական բնույթի խնդիրներ, որոնցով պայմանավորված դադարեցվել է նաև «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի պոմպակայանների աշխատանքը: Հաշվի առնելով այն, որ ջրի զգալի մասը հասնում է սպառողներին պոմպակայանների միջոցով, հասկանալի է, որ դա չէր կարող չանդրադառնալ ջրամատակարարման կայունության վրա»,- ասացին ընկերությունից:

«Վեոլիա ջուրն», ըստ ընկերության, ներկայումս ձեռնարկում է միջոցներ՝ աղբյուրներից ինքնահոս եղանակով ստացվող ջրի արդյունավետ վերաբաշխման միջոցով նվազագույնի հասցնելու սպառողներին պատճառվող կենցաղային անհարմարությունները:

Հիշեցնենք, որ Երևանի տարբեր վայրերում այսօր ժամը 13:00-ի սահմաններում էլեկտրականության տատանումներ են գրանցվել: Ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկացրել են, որ օպերատիվ խմբերն աշխատում են մարդկանց զանգվածային կուտակում ունեցող վայրերում՝ հատկապես մետրոյում:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի:

Իսկ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացրել էր, որ հոսանքի տատանումների պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատվել է: Որոշ հատվածներում գնացքները մնացել են թունելներում:

Այս խորագրի վերջին նյութերը