Լրահոս

10.07.2019 15:35


Երևանում համատարած խցանումներ են. լուսացույցները չեն աշխատում (լուսանկար)

Երևանում համատարած խցանումներ են. լուսացույցները չեն աշխատում (լուսանկար)

Հանրապետությունում համատարած հոսանքազրկումների հետեւանքով Երեւանի փողոցներում անկառավարելի վիճակ է առաջացել։ Խաչմերուկներում չեն գործում լուսացույցները, համատարած խցանումներ են։ Մինչդեռ ճանապարհներին բացակայում են ոստիկանության կարգախմբերը, որոնք քիչ թե շատ կարող են կանոնակարգել երթեւեկությունը։

NEWS.am–ի հետ զրույցում Հայաստանի ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը հայտնեց, որ լուսացույցների հետ կապված խնդիր է առաջացել ողջ Հանրապետությունում։

«Հոսանքն անընդհատ տատանվում էր, մինչեւ սերվերը պատրաստվում էր միանալ, նորից անջատվում էր»,–ասաց նա՝ նշելով, որ խնդիրն արդեն կարգավորվել է եւ համակարգը քիչ հետո կաշխատի։

ՃՈ պետը տեղեկացրեց, որ ոստիկանապետի հանձնարարությամբ Երեւան քաղաքում բոլոր կարգախմբերը մոտեցել են խաչմերուկներին. «Այն խաչմերուկներում, որտեղ լուսացույցները չեն աշխատում, մեր տեսուչները մոտենում եւ կարգավորում են երթեւեկությունը»,–ասաց նա։

ՃՈ պետը նշեց, որ առայժմ չի կարող ասել, արդյոք հոսանքի տատանումների արդյունքում համակարգում տեխնիկա խափանվե՞լ է, թե՞ ոչ։

Եգոր Կարապետյանը չհիշեց, թե նախկինում հանրապետությունում նման մասշտաբի հոսանքազրկումներ եղե՞լ են, թե ոչ, ինչի արդյունքում Երեւան քաղաքում լուսացույցների համատարած խափանում լինի։

Այս խորագրի վերջին նյութերը