Լրահոս

12.04.2010 19:20


Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է "Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու", ինչպես նաեւ "Հայաստանի Հանրապետության Քրեական եւ Քրեական Դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին" Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը: Տեղի տալով եվրոպական կառույցների համառ պահանջներին'վերջապես վերացվում է քրեական հետապնդումը վիրավորանքի եւ զրպարտության համար, ինչն անշուշտ դրական երեւույթ է, սակայն, բարեփոխման անվան տակ փորձ է արվում սահմանել այնպիսի նորմեր, որոնք իմաստազրկում են ողջ բարեփոխումը:

Խոսքը վերաբերում է Քաղաքացիական Օրենսգրքում նախատեսվող այն փոփոխությանը, ըստ որի, վիրավորանքը սահմանվում է որպես խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը, կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտություն: Նման անորոշ, առանց հստակ բնորոշման սահմանումը դիտավորյալ է արված' կամայական մեկնաբանություն տալու համար: Ծանոթ լինելով մեր իշխանավորների հիվանդագին "ինքնասիրությանը" եւ նկատի ունենալով դատական իշխանության' գործադիրի կամակատար լինելու հանգամանքը, կարելի է չկասկածել, որ այս փոփոխություններն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, դատարանները կհեղեղվեն իշխանավորների բողոքներով' ընդդեմ զանգվածային լրատվության միջոցների եւ այլոց, ովքեր կփորձեն որեւէ կերպ քնանդատել նրանց, իսկ դատարաններն էլ վճիռներ կկայացնեն վերջիններիս դեմ:

Պակաս ուշագրավ չեն որպես բարոյական վնասի հատուցում սահմանված գումարի հսկայական չափերը' դրան գումարած նաեւ նյութական վնասի հատուցումը եւ դատական ծախսերը: Մենք դա արդեն մեկ անգամ տեսել ենք Քոչարյաններն ընդդեմ "Հայկական Ժամանակ" օրաթերթի դատի ժամանակ: Երկու-երեք նման խոշոր տուգանք, եւ ցանկացած ԶԼՄ կսնանկանա ու կդադարի գոյություն ունենալ: Միայն ազատ խոսքից սարսափող իշխանությունն է, որ դիմում է նույն այդ ազատ խոսքի նկատմամբ ծայրահեղ մեթոդների; Ակնհայտ է, որ այս օրենքն օգտագործվելու է միայն ընդդիմադիր ԶԼՄ-ների եւ գործիչների դեմ, ինչը արձանագրվել է նաեւ հանրային քննարկումների ժամանակ:

Սույն նախագիծը որոշակի հակասության մեջ է մտնում նաեւ "Զանգվածային լրատվության մասին" ՀՀ օրենքի դրույթների հետ. /Հոդված 4. Լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի ապահովման երաշխիքները և Հոդված 7. Լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի սահմանափակումները/:

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ իշխանությունը բարեփոխման պատրվակով պարզապես շարունակում է օրենսդրությունը հարմարացնել իր հանցավոր գործունեությանը:

Այս խորագրի վերջին նյութերը