Լրահոս

13.04.2010 00:12


Սերժ Սարգսյան. «Թուրքիան չի կարող նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի և հայության հետ»

Սերժ Սարգսյանի խոսքը Վաշինգտոնի մայր տաճարում, Վուդրո Վիլսոնի գերեզման այցելությունից հետո
 Այսօր մենք միասին մեր հարգանքի տուրքը մատու­ցեցինք նախագահ Վուդրո Վիլ­սոնի շիրիմին' մարդու և ԱՄՆ առաջնորդի, ում մեր ժողովուրդը հիշում է ու միշտ կհիշի որպես հայ ժողովրդի իսկական բարեկամի: Նախագահ Վիլսոնը մեծ գործիչ էր, գործիչ, ում իր հայրենիքից հազարավոր մղոններ հեռու բնակվող հինա­վուրց ժողովուրդը գրեթե հարյուր տարի անց էլ շարունակում է մեծարել ու փոխան­ցել այդ մեծարանքը սերնդե սերունդ: Վիլսոնը հայերիս համար ոչ միայն կորուսյալ հայրենիքի իղձը կենա­րար հողով ամրացրեց, այլև աշխարհին պատվիրան թողեց այն մասին, որ մեծերը կարող են և պարտավոր են թույլ չտալու փոքր ժողովրդի տառապանքների կրկնու­թյուն: «Դուք մտածե՞լ եք Հայաստանի տառապանքների մասին: Դուք oժանդակեցիք հայերին այն բանից հետո, երբ նրանք տառապանք­ներ կրեցին: Այժմ զորակցե՛ք, որ նրանք այլեւս երբեք չտառապեն. նախագահ Վիլսոնի' 1919թ. փետրվարի 26-ի բոստոնյան ելույթի այս բա­ռերը հնչում են մինչ օրս, ինչն իրականում նա հղում էր ողջ մարդկու­թյանը: Զորակ­ցե՛ք, որ այլևս հայերը երբեք չտառապեն»՝ այս խոսքով ԱՄՆ 28-րդ նախագահը դեռ 90 տարի առաջ փաստացիորեն ձևակերպում էր Հայոց ցեղասպա­նության միջազ­գային ճանաչման պահանջը, քանզի հենց ճանաչումով է սկսվում ցեղա­սպա­նու­թյունների և ապագա բոլոր տառա­պանքների կանխարգելումը: Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Նա­խագահի շիրիմի առջև և զեկուցում, որ Հայոց ցեղասպա­նու­թյունից իննսուն­հինգ տարի հետո էլ աշխարհի շատ երկրներ, կազմակերպություններ և քաղաքա­կան գործիչներ, այդ թվում և իր հայրենի­քում, շարունա­կում են գործել վիլսոնյան պատ­գամի տրամաբանությամբ: Հայ ժողո­վուրդը հիշում և հիշելու է բոլորին. անուն առ անուն:
 Ամերիկահայությունը, հատկապես վերջին տաս­նամ­յակներում, դարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործի ամենաեռանդուն ու ամենահետևողական օղակներից մեկը և, համոզված եմ, այսուհետ և՛ս ջանալու է բազմապատկ­ված ճիգերով։ Ոչ ոք չի կարող կասեցնել անխուսա­փե­լին։
 Հայ-թուրքական արձանագրությունների ստորա­գրման նախօրեին ոմանք մտավախություն ունեին, թե դրանով կդանդաղեցվեն կամ ժամանակավորապես կսառեցվեն ցեղասպանության ճանաչմանն ուղղված միջազգային քայլերը։ Ժամա­նակը ցույց տվեց, որ այդ մտավախություններն անհիմն են և անհիմն կլի­նեն այն­քան ժամանակ, քանի մենք բոլորս պատ­րաստ ենք առավել ջանքերի, պատրաստ ենք նոր պայքարի:
 Անցած ամիսներին մենք ձեզ հետ միասին վկան եղանք Թուրքիայի դատա­պարտ­ված փորձերին' պա­ռակ­տելու հայրենիքն ու Սփյուռքը, իրավի­ճակը ներկայացնելու այն­պես, թե իբր գոյություն ունի երկու տարբեր կարծիք Հայաստա­նում և Սփյուռքում։ Այսօր մենք միասին կրկին անգամ հերքում ենք նման սին պատ­րանք­ները։ Չկա՛ Հայաստանի հայության և Սփյուռքի հայության կարծիքների տարբերություն. կա միաս­նական հայ ժողո­վուրդ, և նա տեր է իր արդար դատին։
 Այո՛, մենք պատրաստ ենք և ցանկանում ենք բնականոն հարաբերություններ ունենալ մեր բոլոր հարևանների հետ, բայց մենք չենք հանդուրժի, որ պայմաններ թելադրվեն մեզ։ Այս առավոտ ես հանդի­պեցի Թուրքիայի վարչապետի հետ: Մեր դիրքորո­շումը եղել և մնում է շատ հստակ. Թուրքիան չի կարող նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի և հայության հետ։ Մենք դա պարզապես թույլ չենք տա։ Մենք չենք պատրաստվում որևէ ձևաչափում քննության առարկա դարձնել Ցեղա­սպա­նության եղելության փաստը կամ ձևացնել, թե հավատում ենք, որ Թուրքիան կարող է որևէ դրական դերակատարու­թյուն ունենալ Ղարաբաղի հիմնախնդրի կարգավոր­ման բանակցային գործընթացում: Ցանկացած նոր արտաքին քաղաքա­կան ուղեգիծ ենթակա է փորձու­թյունների, որովհետև մենք անցնում ենք չտրորված արահետով։ Ես վստահ եմ, որ Հայաս­տանը պատվով է բռնելու նաև այս քննու­թյու­նը։
 Դուք, որպես արտերկրում ապրող, բայց հայու­թյան ցավերով ու շահերով տոգորված հավաքա­կա­նություն, անխորտակելի ուժ եք. դուք Հայաստանի միջազ­գային քաղաքական կշռի կարևոր բաղկա­ցուցիչն եք։ Սա գիտակցում են թե՛ մեր բարեկամները, թե՛ մյուսները։ Դուք ձեր կեցվածքով ու վճռականու­թյամբ ապացու­ցում եք, որ սխալ են եղել բոլոր այն հաշվարկները, ըստ որոնց հայությանը կարելի է փոշիացնել ու ոչնչացնել՝ ցրելով աշխարհով մեկ։ Յուրաքանչյուր հայ, որ մայր­ցամաքում էլ լինի, պետք է դառնա այն կաթիլը, որը քար է ծակում։ Մենք հենց այդ ճանապահին ենք։ Մեր ժողովրդի դահիճները մեզ այլընտրանք չեն թողել։ Եվ մենք բարգավաճելու ենք, մենք ծակելու ենք ան­տար­բերության, ցինիզմի ու  երկերեսանիության քարը։ Դրա հա­­մար մենք ունենք բավականաչափ համբերություն, հավատ և նպատակասլացու­թյուն։
 Թույլ տվեք խոսքս ավարտել երախտագիտու­թյան բառերով ուղղված մի երկրի ու մի ժողովրդի, որ ծնել է դեսպան Մորգենթաուի և նախագահ Վիլսոնի պես գործիչներ։ Հայությունն ուժեղ է և կարողանում է ինքնարտահայտվել Ամերիկայի Միացյալ Նահանգ­ներում: Դա անշուշտ ձեր արժանիքն է, բայց ձեր արժանիքը լինելուց զատ, ամերիկյան ազատու­թյան արժանիքն է։ Մենք շնորհակալ ենք այս մեծ ու հզոր երկրին, որ այսօր էլ իր զգալի դերակատա­րությունն ունի հայ ժողովրդի կյանքում։ Աստված պահի Ամերի­կան, Աստված պահի Հայաստանը և փառք հայ ժողովրդին:

Այս խորագրի վերջին նյութերը