Քաղաքական

12.07.2019 16:37


Պաշտպանը միջնորդել է վերացնել Արմեն Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը

Պաշտպանը միջնորդել է վերացնել Արմեն Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը

Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի պաշտպանը գրավոր միջնորդություն է ներկայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանից. «Միջնորդություն ենք ներկայացրել Արմեն Գեւորգյանի գույքի վրա դրված կալանքը եւ որպես խափանման միջոց ընտրված ստորագրությունը վերացնելու մասին»,-ասաց նա։

Էրիկ Ալեքսանյանի խոսքով՝ առկա են երեք դատական ակտեր, որոնցով փաստացի արձանագրվել է, որ առկա չեն Արմեն Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքեր. «Ըստ Վճռաբեկ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի՝ թեեւ 190-րդ հոդվածով առկա է հիմնավոր կասկած, բայց խափանման միջոց կիրառելու հիմքեր չկան, հետևաբար վերջինիս նկատմամբ խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունն ընտրելն ուղղակի հակասում է դատարանների վերը նշված որոշումներին: Ընդ որում, որևէ նշանակություն չունի, որ այդ հիմքերի բացակայությունը արձանագրվել է հենց կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդության քննարկման շրջանակներում, քանի որ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված «խափանման միջոց կիրառելու հիմքեր» եզրույթից ակներև է, որ այն վերաբերելի է բոլոր տեսակի խափանման միջոցներին, այդ թվում նաև՝ «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցին»։

Ընտրված խափանման միջոցը պաշտպանական կողմը դիտարկում է անօրինական, եւ գտնում է, որ դա պետք է վերացվի. «Ընդ որում, երբ քննիչը որոշում էր կայացրել Գեւորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրություն, իր որոշման մեջ պետք է նշեր, թե որ հիմքով կամ հիմքերով է դա ընտրում, մինչդեռ քննիչը իր որոշման մեջ ոչ մի հիմք չի նշել, փոխարենը նշել է նպատակը, իսկ դրանք տարբեր հասկացություններ են։ Այսինքն՝ առերեւույթ է, որ անգամ այս պայմաններում քննիչի որոշումը միանշանակ ապօրինի է»։

Ինչ վերաբերում է Արմեն Գեւորգյանի գույքի վրա դրված կալանքին, արդեն հայտնել ենք, որ այդ հարցով պաշտպանական կողմը բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան։ Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ Տիգրան Սահակյանի նախագահությամբ, որոշում է կայացրել բողոքն առանց քննության թողնելու մասին. «Որոշումը դեռ չեմ ստացել, հետեւաբար՝ պատճառաբանություններին ծանոթ չեմ, բայց կարծում եմ, որ դա եղել է այն պատճառով, որ ձեւական առումով այն ակտը, որը մենք բողոքարկել էինք, որոշում չէր, այլ գրություն։ Բայց ես ցավում եմ, որ Վերաքննիչ դատարանը փաստացի անդրադառնում է միայն այդ ակտի ձեւական կողմին, ինքը պետք է այդ ակտը ուսումնասիրեր բովանդակային առումով»։

Էրիկ Ալեքսանյանի խոսքով՝ իրենք մնում են այն դիրքորոշմանը, թե դատարանի այդ գրությունը բովանդակային առումով որոշում է եւ ենթակա է բողոքարկման. «Մեր դատարանները չեն դադարում առաջնորդվել ձեւական ընթացակարգերով եւ չեն խորանում իրավունքի մեջ, չեն փորձում առկա խնդիրները վերացնել, որպեսզի գործնականում առկա փակուղիներ չլինեն»,-մեզ հետ զրույցում ասաց պաշտպանը։

Հիշեցնենք, որ Արմեն Գեւորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը