Մեկնաբանություն

13.07.2019 11:20


Լռության գինը

Լռության գինը

Անցած մեկ տարվա ընթացքում արտասովոր`անհավատալի, աներեւակայելի եւ ուղղակի անհավանական թվացող շատ բան տեսանք, որ մղձավանջային երազում անգամ չէինք կարող պատկերացնել։

Մարդիկ, որոնց միակ արժանիքը «Գյումրիից Երևան քայլելն» էր, բառացիորեն փողոցից եկան իշխանության ու հայտնվեցին երկրի քաղաքական կայունության, տնտեսական անվտանգության եւ պաշտպանության համար առանցքային պաշտոններում` չիմանալով, թե ինչ ասել է պետություն եւ պետականություն, պետական կառավարման համակարգ, պրոֆեսիոնալիզմ, որոշումներ կայացնելու եւ այդ որոշումների համար պատասխանատվություն կրելու կարողություն։ Եվ անամոթաբար հայտարարում են` «մերիտոկրատիան», այսինքն`արժանավորների իշխանությունը, պրագմատիզմը եւ ազնվությունը «դարձել են նոր Հայաստանի ղեկավարության սկզբունքները»։

«Սիրո եւ համերաշխության», «թշնամանքի եւ ատելության էջը փակելու», «վենդետտաներ չանելու» մասին ճառեր ասելով` ժողովրդին «պաշտոնապես», պետական մակարդակով բաժանեցին սեւերի եւ սպիտակների, ղարաբաղցիների եւ հայաստանցիների, ու հասարակությունը դարձրին ներքին դիմակայության, թշնամանքի ու ատելության, քաղաքական եւ անձնական վրեժխնդրության պատանդ։

«Մամուլի ազատություն եւ ժողովրդավարություն» գոռալով` երկիրը վերածեցին մեկ մարդու (կամ մեկ ընտանիքի) իշխանության, դատարանները հեղեղեցին լրատվամիջոցների դեմ դիմում-բողոքներով։

Պարզեցին դատաիրավական բարեփոխումների, ազատ, անկախ եւ թափանցիկ արդարադատության համակարգ «ձեւելու» դրոշը, եւ տոտալ հարձակում սկսեցին դատարանների դեմ` սպառնալով վեթինգի տակ թողնել իրենց թրի տակով չանցած դատավորներին։

«Անցումային արդարադատության» անվան տակ օրակարգ բերեցին առանց դատարանի վճռի անձի ունեցվածքը բռնագրավելու հարցը՝ որպես սեփականության իրավունքը շրջանցելու ամենակարճ ճանապարհ։ Դեռ չեն հասցրել կյանքի կոչել այդ «գաղափարը»` անհնազանդներին շանտաժի ենթարկելու, շանտաժին տեղի չտվող անցանակալի տարրերին կուլակաթափ անելու կացնային քաղաքականությունն օրենսդրորեն ամրագրելու նախաձեռնությունը քննարկումների փուլում է, բայց դա ընդամենը ժամանակի խնդիր է` մուրճն էլ է իրենց ձեռքին, մեխն էլ...

Անմեղության կանխավարկած ասածն իսպառ մոռացված է (եթե խոսքը քայլարածների մասին չէ), ու մեղավորության կանխավարկածը դարձրել է չգրված «օրենք». մնում է փոխեն Սահմանադրությունը`անմեղության կանխավարկածը փոխարինեն մեղավորության կանխավարկածով, եւ ամրագրեն, որ դատարանները որոշումներ կայացնելիս առաջնորդվում են ոչ թե օրենքներով, դատաքննությամբ հաստատված փաստական հանգամանքներով, այլ ատելությամբ կուրացած ամբոխի «հանրային պահանջով»։

Եվ ամենաարտառոցն այն է, որ ժողովրդավար Արեւմուտքը` աշխարհին մարդու իրավունքների, ժողովրդավարության դասեր տվող Միացյալ Նահանգներն ու եվրոպական կառույցները լուռ հետեւում են, թե մարդու իրավունքների եւ ժողովրդավարության տարրական կանոններին տրամագծորեն հակասող ամբողջատիրական այս նկրտումներն ինչպես են օր-օրի կաթվածահար անում Եվրախորհրդի անդամ Հայաստանի հանրային, պետական, քաղաքական եւ քաղաքացիական ինստիտուտները` վերեւից ներքեւ։

Ո՞րն է այդ լռության գինը։

Այստեղ որեւէ գաղտնիք չկա. լռում են, որովհետեւ սպասելիքներ ունեն «թավշյա գեներալներից»։ Որովհետեւ խնդիր են դրել` մեկընդմիշտ արմատախիլ անել պատմական, բարոյահոգեբանական, արժեքային «հին կարծրատիպերը», որոնք խանգարում են անարգել առաջ տանել իրենց շահերը տարածաշրջանում` Հայաստանը պոկել Ռուսաստանից եւ ռուսների «ոտքը» կտրել Հարավային Կովկասից, «գենդերային քաղաքականության» իրենց մոդելը պարտադրել «գունավորհեղափոխական» մանրէով ախտահարված, դեգրադացվող մեր հասարակությանը։

Ու քանի դեռ Հայաստանում հաստատված «թավշյա միապետությունը» տեղավորվում է այդ տրամաբանության մեջ, շարունակելու են աչք փակել ու լռել ե՛ւ երկրորդ նախագահի նկատմամբ ցուցադրաբար իրականացվող քաղաքական հաշվեհարդարի, ե՛ւ Սահմանադրության, սահմանադրական կարգի, դատական համակարգի դեմ աղաղակող ոտնձգությունների, ե՛ւ ընդդիմադիր լրատվամիջոցներին լռեցնելու փորձերի, ե՛ւ արեւմտյան արժեհամակարգի հետ ընդհանուր որեւէ եզր չունեցող մյուս արատավոր դրսեւորումների վրա։

Ուզում ենք, թե չենք ուզում` սա է իրականությունը...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը