Աշխարհ

13.04.2010 12:59


«Ֆուտբոլային դիվանագիտության» արդյունքները

«Ֆուտբոլային դիվանագիտության» արդյունքները

Ինչպես և 2009թ. ապրիլին ԱՐԱՐԱՏ ՌԿ-ի կազմակերպած մի շարք միջոցառումներում նախազգուշացրել էինք, 2008 թ. «ֆուտբոլային դիվանագիտությամբ» սկիզբ առած Հայաստան-Թուրքիա միջպետական գործընթացը հանգեցրել է տխուր արդյունքների.

  • Հայության տարբեր հատվածների միջև, ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքի և Հայաստանի Հանրապետության իշխանությունների միջև առաջացել են խորը պառակ­տումներ։
  • ՀՀ-Թուրքիա «Ճանապարհային քարտեզի» և «Արձանագրությունների» թոհուբոհում հայությունը ենթարկվել է չարդարացված ցնցումների, արդյունքում՝ ստվար զանգ­վածներ է՛լ ավելի են օտարացել պետական և համազգային նշանակություն ունե­ցող խնդիրներից, թուլացել են անվտանգության և ինքնապաշտպանության մասին մտա­ծելու մեխա­նիզմները։
  • Հայաստանի բնակչության շրջանում ուժգնացել է անպաշտպանվածության և անա­պահովության զգացումը ոչ միայն սոցիալական, այլև արդեն ազգային արժանա­պատ­վության հարցերում։ Հոգեբանական անվտանգության մակարդակն խիստ նվազել է, ինչն էլ նպաստել է արտագաղթի նոր ալիքի առաջացմանը։
  • Թուրքիան ձեռք է բերել Հայաստանի նկատմամբ ճնշումներ բանեցնելու լրացուցիչ լծակներ։
  • Ադրբեջանը, տեսնելով Հայաստանի ներքին իրավիճակի խորքային վատթարացումը և միասնության քայքայումը, դարձել է առավել չզիջող և նախահարձակ։

Հայ-թուրքական հակամարտության բուն արմատը

Եթե նմանեցնենք ՀՀ-Թուրքիա հարաբերությունները մի ծառի, ապա պատկերն այսպիսին կլինի։ Այդ ծառի արմատները, բունը, աճման ուղղությունն անտեսվում են, փոխարենը՝ շա­րունակաբար խոսվում է միայն տերևների մասին, որոնք լուրջ ազդեցություն չունեն և չեն կարող ունենալ ծառի ապագայի վրա։ Այդ տերևներն են ՀՀ, Թուրքիայի կամ այլ պետու­թյունների այս կամ այն գործչի հայտարարությունները, հանդիպումներն ու նույնիսկ այս կամ այն պայմանագրի ստորագրումները։

Հայաստանի քաղաքական վերնախավը համառորեն չի ուզում տեսնել հայ-թուրքական խնդրի բուն արմատը, այն է՝ Թուրքիան թշնամի պետություն է, որի ռազմավարական նպա­տակներից է Հայաստանի գաղութացումն ու ոչնչացումը։

Եթե այս պարզ ճշմարտությունը, որը հաստատվում է հազար ու մի փաստով, ընդունում ենք, ապա Հայաստանի արտաքին, ինչպես նաև ներքին քաղաքականության մեջ պետք է արվեն արմատական փոփոխություններ, այդ թվում՝ ռազմական, տնտեսական և տեղեկատվական քաղաքականության մեջ։

Եթե ընդունում ենք, որ Թուրքիան թշնամի պետություն է, ապա չի կարելի թշնամուն հրա­վիրել Հայաստանի համար առաջին ռազմավարական օբյեկտի՝ Հայկական նոր ատոմակայնի շինարարությանը մասնակցելու կամ բաժնետեր դառնալու, ինչպես անցյալ տարի քանիցս արեց ՀՀ կառավարությունն ի դեմս վարչապետի և էներգետիկայի նախարարի։

Եթե ընդունում ենք, որ Թուրքիան թշնամի պետություն է, ապա պետք է պաշտոնապես կոչ անել Թուրքիայում աշխատող ՀՀ բոլոր քաղաքացիներին անմիջապես լքել այդ երկիրը, առա­վել ևս՝ Թուրքիայի վարչապետի պարզ հնչեցված սպառնալիքներից հետո, որովհետև այդ ամենը կարող է ավարտվել այնպես, ինչպես ավարտվել է 1915-ին Օսմանյան կայսրու­թյու­նում, 1988-ին Սումգայիթում և 1990-ին Բաքվում։

Եթե ընդունում ենք, որ Թուրքիան թշնամի պետություն է, ապա պետք է փակել թուրքական ներդրումների հոսքը դեպի Հայաստան, որովհետև թշնամու տնտեսական որևէ ներկայու­թյուն նրա ձեռքն է տալիս լրացուցիչ քաղաքական լծակներ։

Եթե ընդունում ենք, որ Թուրքիան թշնամի պետություն է, ապա վերջինիս չդադարող տեղե­կատվական պատերազմի դեմ պետք է պաշտպանություն կազմակերպել, այլ ոչ թե փորձել այդ դաշտում համագործակցություն իրականացնել, ինչպես արեց ՀՀ հանրային հեռուստա­տեսությունը 2008 թ. աշնանը՝ պայմանագիր ստորագրելով թուրքական TRT-ի հետ, որով խոստանում էր աջակցություն ցուցաբերել հայերենով թուրքական հեռուստակայան և համա­ցանցային կայք ստեղծելու գործում։ Ի դեպ, այդ պայմանագիրն հայկական մամուլի որևէ օրգան այդպես էլ չհրապարակեց։

Եթե ընդունում ենք, որ Թուրքիան թշնամի պետություն է, ապա չէր կարելի Հայաստանի տա­րածքում թուրք սպաների մասնակցությամբ զորավարժություններ անցկացնել, չէր կարելի հոտնկայս ունկնդրել թշնամուդ օրհներգը և այդպիսով ոտնահարել մեր միլիոնավոր զոհերի ու կորսված հայրենիքի հիշատակը։ Բայց հենց դա տեղի ունեցավ 2003 թ. հունիսին։ Չէր կա­րելի և այժմ էլ չի կարելի որևէ կերպ համագործակցել թուրք զինվորականության հետ ՆԱՏՕ-ի շրջանակներում, սակայն այդպիսի համագործակցությունը շարունակվում է։

Եթե Թուրքիան թշնամի պետություն է, ապա չէր կարելի կարմիր գորգ փռել նրա նա­խագահի ոտքերի առջև, հրավիրել նրան հայոց մայրաքաղաք և այնուհետև պատասխան այց կա­տարել ցեղասպանական քաղաքականությունից չհրաժարված Թուրքիա։

Եթե Թուրքիան թշնամի պետություն է, ապա չէր կարելի ընդունել Թուրքիայի առաջար­կու­թյունը և եռակողմ՝ ՀՀ-Թուրքիա-Ադրբեջան հանդիպումների մասնակցել (նախագահական ու արտգործնախարարների մակադրակով) ու դեռ ասել, ինչպես ասեց ՀՀ նախագահը 2008 թ. սեպտեմբերին, թե ,աննորմալ են այն մարդիկ, ովքեր չեն ուզում Թուրքիայից աջակցություն ստանալ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները կարգավորելու գործումե։

Իսկ եթե շարունակում ենք նայել Թուրքիային Վաշինգտոնից ու վերջերս էլ նաև Մոսկվայից մեր աչքերին դրված վարդագույն ակնոցներով, եթե շարունակում ենք ինքնախաբեորեն հա­մարել այդ թշնամուն պոտենցիալ գործընկեր, ապա ուրեմն է՛լ ավելի ենք քայքայում

  • հայության ռազմավարական հիշողությունը,
  • հայրենիքի հիմնարար գաղափարը,
  • ազգային արժեհամակարգը,
  • ազգային անվտանգության կենսական հարցերում համահայկական միասնու­թյունը,
  • ազգային արժանապատվությունը, որը պետականաշինության գլխավոր գրավականներից է,
  • ի վերջո, խարխլում ենք հայ ժողովրդի ընդհանուր դիմադրական ներուժը։

Պատասխանատվության մշակույթի պակաս

ՀՀ-ում չի գործում պետական ղեկավարության մակարդակով սխալները ընդունելու, դրանք քննության առնելու և շտկելու որևէ մեխանիզմ։ Այդ պատճառով էլ այժմ ականատես ենք լինում նրան, որ ՀՀ-Թուրքիա ձախողված գործընթացի բոլոր պատասխանատուները դեռևս զբաղեցնում են իրենց պաշտոնները։ Եվ պետական որևէ օղակում հարցնող չկա. այդ ու՞մ էիք առաջարկում դառնալ Հայկական նոր ատոմակայանի բաժնետեր՝ այն Թուրքիային, որի ղեկավարները Հայաստանն արհամարհանքով անվանում են ,մանր թշնամիե, որին քարտեզի վրա իբր հնարավոր չէ գտնել, չեն վարանում աշխարհով մեկ հայտարարել, որ պատրաստ են հայերի նոր բռնագաղթ կազմակերպել, ասում են, որ իրենց նպատակը ՄԱԿ-ի Անվտանգու­թյան Խորհրդում Հայաստանին օկուպանտ ճանաչելն է և հայկական զորքերը Ղարաբաղից դուրս բերելը։

Փաստորեն, Հայաստանի քաղաքական ղեկավարությունը պատասխանատվություն չի ստանձնում կատարված խոշորագույն սխալների համար։ Իսկ պալատական «վերլուծաբան­ները», որոնք զօրուգիշեր զբաղված էին ՀՀ ձախորդ «ֆուտբոլային դիվանագիտության» և չա­րաբաստիկ «Արձանագրությունների» ջատագովությամբ, այսօր նույն եռանդով զբաղված են ինքնահերքմամբ, իրարամերժ և անտրամաբանական բացատրություններ տալով։ Ար­դյունքում՝ Հայաստանի ազգային անվտանգությունն անթույլատրելիորեն վերածվել է փորձարկման դաշտի։ Հետևաբար, դեռևս ականատեսն ենք լինելու նորանոր ճակատա­գրա­կան սխալների, որոնք, եթե շարունակվեն, ունենալու են Հայաստանի համար ողբերգական հետևանքներ։

Իսկ այն մասնագետները և մտավորականության ներկայացուցիչները, որոնք ահազանգում էին «ֆուտբոլային դիվանագիտության» մեռելածին լինելու մասին (այդ թվում՝ նաև ես), զրկվեցին իրենց վերլուծությունները հանրությանը պատշաճորեն հասցնելու հնարավորու­թյունից։ Հայաստանում ազգային խնդիրների շուրջ տեղեկատվական շրջափակման նույն քաղաքականությունը շարունակվում է նաև այսօր, հատկապես՝ հեռուստաեթերում։

Հայկական «Նյուրնբերգ»

Վերջերս ՀՀ նախագահը խոսեց հայկական Նյուրնբերգից՝ «Իսկ ե՞րբ և որտե՞ղ է լինելու հայե­րի Նյուրնբերգը»։ Շատ գովելի է։ Բայց ի՞նչ է նշանակում «հայերի Նյուրնբերգ»։ Դա նշանա­կում է դահիճներին հասանելիք պատիժ, իսկ զոհերին՝ հայ ժողովրդին և Հայաստան պետու­թյանը հասանելիք փոխհատուցում։ Այսինքն՝ ՀՀ նախագահի այս իրավացի հարցադրումն ակնհայտորեն ենթադրում է Հայոց ցեղասպանությունը կազմակերպած ուժերի դատավա­րություն։

Սակայն մինչև այսօր ի՞նչ են արել ՀՀ ղեկավարությունն ու քաղաքական ուժերն այդ «Նյուրնբերգին» հասնելու համար։ Ո՞վ պետք է կազմակերպեր և նախապատրաստեր այդ Նյուրնբերգը՝ ամերիկացինե՞րը, ռուսնե՞րը, ֆրանսիացինե՞րը թե վիետնամացինե՞րը։ Պարզ է, որ բացի հայերից, ոչ ոք էլ Հայ Դատով չի զբաղվելու։ Այդ ուղղությամբ անկախության 20 տարվա ընթացքում որևէ աշխատանք չի կատարվել։

Ավելի ստույգ՝ արվել է ճիշտ հակառակը։ Հայկական «Նյուրնբերգում» պետք է պատասխան տային այսօրվա Թուրքիայի հանրապետության այն ղեկավարները, որոնց ՀՀ նախագահը անվանում է «խիզախ գործընկեր»։ Իսկ այդ «խիզախ գործընկերներն» էլ շարունակում են Հայաստանի դեմ մղվող տեղեկատվական պատերազմը, Հայոց ցեղասպանության լկտի ժխտումը, Հայաստանի շրջափակումը, իր տարածքում գտնվող հայկական մշակութային ժա­ռանգության մնացորդների ոչնչացումն ու յուրացումը, Ադրբեջանի ռասիստական հայա­տյա­ցության քաջալերումը և սեփական ռասիստական ավանդույթի պահպանումը։ Այսօրվա Թուրքիան ցեղասպան Օսմանյան կայսրության լիիրավ իրավահաջորդն է և՛ իրավակա­նո­րեն, և՛ գաղափարապես, և՛ գործնականում։

Հայկական Նյուրենբերգ երբեք էլ չի կարող լինել, եթե ՀՀ «արդարադատությունն», ՀՀ գործա­դիր իշխանության պես հայտնվելով ՀՀ-Թուրքիա վտանգավոր սիրախաղի որոգայթներում, ինքն է սկսել խրախուսել Հայոց ցեղասպանության ժխտող գրականության հրատարա­կու­թյունը արդեն... Երևանում։ Խոսքս վերաբերում է 2009 թվականի սեպտեմբերի 17-ին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի ընդդեմ «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի ներկայացված հայցի վերաբերյալ ՀՀ Ընդհանուր իրավասության դատարանի 2009 թ. դեկտեմբերի 4-ին և ՀՀ Վերաքննիչ դատարանի 2010 թ. մարտի 5-ին ընդունած խայտառակ որոշումներին։

Ռազմավարության բացակայություն

ՀՀ ռազմավարությունը կլանվել է այսպես կոչված «դիվանագիտության» կողմից։ Իրականում, հայկական ռազմավարության իսպառ բացակայությունը բացառում է նաև հայկական դիվա­նագիտության գոյությունը։ Մեզանում դիվանագիտություն է կոչվում գերտերությունների թելադրանքը գեղեցիկ փաթեթավորմամբ ու անձայն ընդունելը՝ անկախ նրանից, թե որքանով է այդ թելադրանքը համապատասխանում Հայաստանի Հանրապետության շահերին։

Հայ-թուրքական բանակցություններում ներգրավված բոլոր ուժերն ունեն իրենց հստակ նպա­տակները, բացի Հայաստանից։ ԱՄՆ և ՆԱՏՕ-ն ցանկանում են ամեն գնով, թեկուզ քայլ առ քայլ, բացել տարածաշրջանում առկա փակ սահմանները, ուժեղացնել իրենց ռազմա­քա­ղա­քական ազդեցությունն ու ներկայությունը, ամբողջությամբ վերահսկել Իրանի և Ռուսաստա­նի միջև ընկած այսրկովկասյան տարածաշրջանը։ Ռուսաստանը փորձում է պահպանել Հա­յաստանում ունեցած իր ազդեցությունը, մերձեցնել Ադրբեջանը և մեկուսացնել Վրաստանը։ Թուրքիան և Ադրբեջանը ձգտում են ջախջախել Հայաստանն այս կամ այն ճանապարհով՝ ռազմական, տնտեսական, տեղեկատվական-հոգեբանական, ժողովրդագրական արտահոսք կազմակերպելու՝ հայաթափման միջոցներով։ Իրենց այդ ռազմավարական նպատակներին հասնելու համար նշված պետությունները որոշում և առաջադրում են կոնկրետ խնդիրներ։

Թուրքիան և Ադրբեջանը պահանջում են Հայաստանից մոռանալ և իրավականորեն վավե­րացնել Հայոց ցեղասպանության արդյունքները և հանձնել Արցախը, գաղափարապես, բարո­յապես, իսկ հետագայում նաև կրոնական ու ժողովրդագրական առումներով համակերպվել թուրք-ադրբեջանական գաղութի կարգավիճակին։ Նրանց առաջարկած մյուս և միակ տարբե­րակը պատերազմն է։

Պարզ չէ միայն, թե ի՞նչ է ցանկանում Հայաստանը։ Ըստ պաշտոնական տեսակետի՝ Երևանն ուզում է, որպեսզի Թուրքիան բացի իր սահմանը և համաձայնվի դիվանագիտական հարա­բե­րություններ հաստատել ՀՀ-ի հետ։ Ու վերջ։ Բայց այդ երկու հարցի լուծումը, ինչպես բազմիցս նշել ենք, չի նշանակելու թուրքական թշնամական քաղաքականության կասեցում։ Թուրքիան ընդամենը լրացուցիչ հնարավորություններ է ստանալու Հայաստանի դեմ քաղա­քական իր ճնշումները շարունակելու համար։ Հետևելու է Թուրքիայի տնտեսական, մշակու­թային, ժողովրդագրական էքսպանսիան դեպի Հայաստան, իսկ Հայաստանից կազմա­կերպ­վելու է բնակիչության արտահոսք դեպի Թուրքիայում հիմնված աշխատանքային վայրեր։

Այնինչ, եթե ցանկանում ենք դուրս գալ այս անհեթեթ իրավիճակից, Հայաստանը պետք է հետևյալ նվազագույն պահանջները ներկայացնի Թուրքիային.

1) Ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ որպես երկու կողմերի միջև վստահություն կառուցելու երաշխիք.

2) դադարեցնել Հայաստանի դեմ ուղղված Ադրբեջանի գործողություններին ցույց տրվող դիվանագիտական, ռազմական, տեղեկատվական և այլ կարգի օժանդակությունը։

Եթե այս պայմանները չեն ընդունվում Թուրքիայի կողմից, այսինքն՝ եթե Թուրքիան շարու­նակում է մնալ թշնամի պետություն, ապա ՀՀ սահմանի ապաշրջափակումը և դիվանագի­տական հարաբերությունների հաստատումը Հայաստանի նկատմամբ Թուրքիայի որդեգրած ներկա քաղաքական ուղեգծի պայմաններում մահացու վտանգ է ներկայացնելու։

Միայն ՀՀ քաղաքական վերնախավն է, որ չի կարողանում կռահել, թե ինչով է զբաղվելու տխրահռչակ «Արձանագրությունների» տառով ու ոգով Երևանում բացվելիք թուրքական դեսպանությունը։ Իսկ այդ դեսպանությունը զբաղվելու է ժողովրդագրական ու տնտեսական ներխուժման ծրագրերի մշակումներով, ագրեսիվ հակահայկական քարոզչությամբ, մասնա­վորապես՝ կազմակերպելու է Խոջալուի դեպքերին նվիրված սեմինարներ, ցեղասպանության եղելությունը ժխտող դասախոսություններ, ժխտողական գրականության հրատարակու­թյուններ և տարածում, Արցախի հարցի հակահայկական լուծումների ,հիմնավորումներե, զուտ հետախուզական գործողություններ, Հայաստանում մզկիթների հիմնադրումներ, այսինքն՝ իրականացնելու է ՀՀ ազգային անվտանգությունը բոլոր հնարավոր ուղղություն­ներով քայքայելու գործունեություն, ընդ որում՝ այդ ամենն ամբողջովին համապա­տաս­խա­նելու է Թուրքիայի հռչակված այսօրվա քաղաքականությանը։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումներ

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումներին, ապա պարզից էլ պարզ է, որ արևմտյան որոշ ուժեր ցինիկ խաղ են վարում՝ այդ ճանաչումները բանեցնելով հօգուտ իրենց, այլ ոչ Հայաստանի և հայության շահերի։  Ընդհանուր առմամբ, մինչև այսօր միջազգային ատյաններում ընդունված բոլոր բանաձևերը (բացառությամբ Լիբանանի խոր­հրդարանինը) կատարելապես շրջանցում են Հայկական ցեղասպանության թե՛ պատժե­լի­ու­թյան և թե՛ հատուցման խնդիրը. դրանք անատամ են ու դեռևս հեռու են հայոց արդար պա­հանջները բավարարելուց: Չմոռանանք, որ XIX դարի վերջից մինչև 1923 թ. հայկական հար­ցին նվիրված բազմաթիվ բանաձևեր են ընդունվել, որոնց արժեքը, սակայն, զրոյական էր: Այդ կապակցությամբ տեղին կլինի հիշել, թե ինչպես էր ծաղրել Հայկական հարցում Ազգերի լիգայի ընդունած բանաձևերի անարդյունավետությունը Լիգայի քարտուղարության քաղա­քական բաժանմունքի տնօրեն Փոլ Մոնթյոն՝ 1920 թ. վերջին կազմելով հետևյալ զավեշտ-բանաձևը.

«ՀՈԴՎԱԾ 1. Հայերի ոչ մի ջարդ չպետք է տեղի ունենա առանց Լիգայի խորհրդին մեկ ամիս առաջ տեղեկացնելու:

ՀՈԴՎԱԾ 2. Եթե ջարդերն ընդգրկելու են նաև կանանց և երեխաների, ապա Լիգայի խորհուրդը պետք է տեղեկացվի երկու ամիս առաջ:

ՀՈԴՎԱԾ 3. Հայերի որևէ ջարդ, որն իրականացվում է առանց սույն ձևականությունների պահպանման, պետք է համարվի անվավեր»։

Չպե՛տք է թույլ տանք, որ այս ողբերգական զավեշտը կրկնվի։

Արմեն Այվազյան,  «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն

http://blog.ararat-center.org/?p=380

Այս խորագրի վերջին նյութերը