Լրահոս

15.07.2019 12:35


Հարություն Մելքոնյանը ներողություն է խնդրել երկրպագուներից պարտության համար

Հարություն Մելքոնյանը ներողություն է խնդրել երկրպագուներից պարտության համար

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի դարպասապահ Հարություն Մելքոնյանը ներողություն է խնդրել երկրպագուներից Եվրո-2019-ի մեկնարկային խաղում Իսպանիայի հավաքականից կրած 1։4 հաշվով պարտության համար։

«Սկզբում ամեն ինչ լավ էր ընթանում, դաշտ էինք մտել միայն հաղթանակի համար, բայց խաղը շատ վատ դասավորվեց մեզ համար։ Ցավում ենք արդյունքի համար, ներողություն ենք խնդրում երկրպագուներից։ Խնդրում ենք՝ հաջորդ խաղերին էլ ներկա գտնվեն ու աջակցեն մեզ մարզադաշտից»։

18-ամյա դարպասապահը, չնայած բաց թողած գոլերին, մի քանի հիանալի սեյվ կատարեց՝ փրկելով իր թիմին։ Հարություն Մելքոնյանն ասում է՝ լավ էր տրամադրված, բայց, ցավոք, թե՛ իր և թե՛ թիմի խաղը չստացվեց այնպես, ինչպես պետք էր․

«Շատ լավ էի տրամադրված թե՛ սկզբում, թե՛ մինչև վերջ։ Ինչպես իմ, այլև ամբողջ թիմի խաղը չստացվեց։ Սա թիմային խաղ է»։

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղին ավելի քան 10 հազար երկրպագու էր ներկա։ Պատանի դարպասապահն ասում է՝ առաջին անգամ էր խաղում այսքան մեծ թվով երկրպագուների առաջ․

«Շնորհակալություն եմ հայտնում աջակցության համար ու ցանկանում, որ հաջորդ երկու խաղերում ևս լինեն մեր կողքին։ Ամեն ինչ կանենք, որ հաջող անցկացնենք մնացած երկու խաղերը»,- նշում է «Փյունիկի» 18-ամյա դարպասապահը։

Հայաստանի Մ19 հավաքականը Եվրո-2019-ի խմբային փուլի հաջորդ խաղում կմրցի Իտալիայի իր հասակակիցների հետ հուլիսի 17-ին։

Հայաստանի Մ19 հավաքականի և Երևանի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Արամ Խամոյանը Եվրո-2019-ի մեկնարկային խաղից հետո ընդգծում է երկրպագուների աջակցությունը․

«Շատ շնորհակալ ենք երկրպագուներից։ Շատ օգնեցին մեզ։ Շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, ովքեր այսօր եկել էին մարզադաշտ ու աջակցում էին մեզ։ Անկեղծ եմ ասում՝ ոչ մեկս այսպիսի զգացողություններ չէինք ունեցել մեր կյանքում»,- ասում է Արամ Խամոյանը։

Մեր ընտրանու ֆուտբոլիստը նշում է նաև, որ երկրորդ գոլը հոգեբանորեն ընկճեց թիմին․

«Սկզբում լավ էինք խաղում, լավ էինք պաշտպանվում, բայց առաջին կեսում անիմաստ գոլ բաց թողեցինք։ Հաշիվը հավասարեցնելուց հետո շատ արագ երկրորդ գոլը բաց թողեցինք ու հոգեբանորեն ընկճվեցինք։ Ընդհանուր առմամբ, գոհ եմ թիմային աշխատանքից ու վստահ եմ՝ հաջորդ խաղերում ավելի լավ հանդես կգանք»։

Իսկ ի՞նչ է անհրաժեշտ հաջորդ խաղերում ավելի հաջող արդյունքներ գրանցելու և ավելի լավ հանդես գալու համար․

«Պետք է ավելի արագ շարժվենք դաշտում, ավելի արագ մտածենք։ Մինչև գնդակ ստանալը պետք է տեսնենք, թե որտեղ շարունակենք խաղը, ու կարծում եմ՝ նման թիմերի դեմ խաղերում ֆիզիկակական պատրաստականությունը մի փոքր չի հերիքում։ Ամեն դեպքում, ամեն ինչ ներդրեցինք դաշտում»։

Եվրո-2019-ի խմբային փուլում Հայաստանի Մ19 տարեկանների հավաքականը կմրցի նաև Իտալիայի և Պորտուգալիայի իր հասակակիցների հետ։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը