Լրահոս

15.07.2019 12:57


«Պարտադիր չի, որ պաշտոնյան լինի փորով, քաչալ, կոռումպացված». Տաթևիկ Ռևազյանը՝ «Սիրուն աղջիկ» արտահայտության մասին

«Պարտադիր չի, որ պաշտոնյան լինի փորով, քաչալ, կոռումպացված». Տաթևիկ Ռևազյանը՝ «Սիրուն աղջիկ» արտահայտության մասին

Երբ պատգամավորը լայվ է մտնում, լավ կլիներ մինչեւ մտնելը զանգեր մեզ, որովհետեւ իր լայվ մտնելու պահին մենք հարցեր էինք լուծում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, ով խոսելով ավիացիայի խնդիրների մասին իրեն հեգնանքով «սիրուն աղջիկ» էր անվանել:

Դիտարկմանը, որ միգուցե իրեն «սիրուն աղջիկ» են անվանել, որովհետեւ իր կատարած սիրուն աշխատանքն այդքան էլ չի երեւում, Ռեւազյանն արձագանքեց. «Եկեք այդ «սիրուն աղջիկ» բառը չօգտագործենք ու հարգենք մարդկանց: Պետք չի որեւէ մեկի խոսքով ներկայացնել: Այստեղ պրոֆեսիոնալիզմը պետք է բարձր մակարդակի պահպանել: Դուք «սիրուն աղջիկ» արտահայտությանը հղում անելով պրոֆեսիոնալիզմը չեք պահպանում»:

Հարցին, թե նեղսրտե՞լ է այդ արտահայտությունից, Քաղավիացիայի կոմիտեի նախագահը պատասխանեց. «Ես իրականում ուրախացել եմ, որ այդպիսի բան է եղել, որովհետեւ դա ԱԺ-ում լուրջ քննարկման առիթ դարձավ եւ ես հույս ունեմ, որ դա լուրջ փոփոխություններ կբերի, որ ապագայում կին պաշտոնյաները նույն խնդիրների առջեւ չկանգնեն:

Ես չեմ վիրավորվել, մի քիչ ծիծաղացել եմ, քանի որ «Արմքոմեդի»-ում էլ էին հետաքրքիր բան պատրաստել: Մենակ կարեւոր է, որ Հայաստանում մտածելակերպի փոփոխություններ լինեն: Պետք է ընդունել, որ պարտադիր չի, որ պաշտոնյան լինի մեծահասակ, փորով, քաչալ, կոռումպացված: Եկեք մի քիչ սկսենք սովորել նոր կերպարին: Ես ոչ մի չափանիշի չէի համապատասխանում մինչեւ քաղավիացիա ընդունվելը, ու շատ դժվար են շատերը դա ընդունում:

Մեծ տարբերություն եմ զգում Հայաստանում եւ դրսում քննարկումների միջեւ: Երբ դրսում տարբեր միջազգային կազմակերպությունների հետ շփվում եմ, լրիվ հակառակ արձագանք ունեմ իրենցից»:

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը