Աշխարհ

13.04.2010 14:25


Ղարաբաղին որպես բանակցային կողմ վերադարձնելու համար բանակցությունների օրակարգը պետք է փոխվի՞

Ղարաբաղին որպես բանակցային կողմ վերադարձնելու համար բանակցությունների օրակարգը պետք է փոխվի՞

-Այսօր Ղարաբաղի իշխանությունները մեծ հաշվով Հայաստանի կողմից վարվող քաղաքականության պատանդն են, և նաև հաշվի առնելով Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակը՝ ես չեմ կարծում, թե Ղարաբաղի իշխանություններն այսօր իրոք ունակ են վարելու ակտիվ քաղաքականություն,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ղարբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին՝ ասել է Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։

Նրա խոսքերով՝ չարժե, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը մասնակցի ներկա պահին ընթացող բանակցություններին այս օրակարգով։

-Բանակցային օրակարգը պետք է փոփոխությունների ենթարկվի։ Ներկայիս բանակցային օրակարգը ելնում է այն հանգամանաքից (թեև դա ասված չէ), թե Հայաստանն է պատերազմ հրահրողը, և հայկական կողմն է պատասխանատվություն կրում։ Եվ խնդիրն էլ պետք է լուծվի հետևյալ կերպ. իր իսկ տարածքների մի մասը Լեռնային Ղարաբաղը պետք է հանձնի Ադրբեջանին, պետք է հանդուրժի ադրբեջանցիների վերադարձը այդ տարածքներ և մնա սպասումների մեջ, թե արդյոք միջազգային հանրությունը երբևէ կնախաձեռնի՞ և այնուհետ կճանաչի՞ անկախության հանրաքվեն,-նշել  է ԼՂՀ նախկին արտգործնախարարը։

Արման Մելիքյանը պնդել է, որ այս տրամաբանությունը հենված է խեղված ժամանակագրության վրա։

-Ներառված չէ այն հանգամանքը, որ իրական հակամարտությունը սկսվել է 1988թ., և սկզբում այն ունեցել է զուտ քաղաքական բնույթ՝ այսինքն  հայկական կողմը՝ արցախահայությունը, քաղաքական խնդիր է բարձրացրել, ապա դրան հակադրձվել են Սումգայիթի  ջարդերն ու 4 տարի շարունակ տեղի ունեցած ցեղասպան գործողությունները։ Այսօրվա բանակցային օրակարգով՝  հակամարտությունը փաստացի սկսում է 1992թ.-ից, այն էլ այն պահից, երբ ադրբեջանցիները սկսեցին իրական կորուստներ ունենալ հատկապես տարածքային առումով։ Սա է, որ հայկական կողմը ժամանակին թույլ է տվել և այսօր պետք է շտկի,-պարզաբանել է նա։

Նրա խոսքերով՝ այդ սխալը շտկելը Հայաստանի խնդիրն է, և երբ այն կհարթվի, կգա  բանակցային անմիջական կողմ դառնալու Լեռնային Ղարաբաղի ժամանակը։

-Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ Ղարաբաղը միմյանց հետ բանակցելու խնդիրներ ունեն, բայց այդ բանակցությունները պետք է ընթանան իրական ժամանակագրության վրա հիմնվելով, հակամարտության իրական պատճառները բացահայտելու, իրական մեղավորներին մատնանշելու միջոցով։ Եթե մենք վերադառնանք ճշգրիտ ժամանակագրությանը, ապա պարզ կդառնա, թե ո՞վ է բռնություններ կիրառողը եղել, ո՞վ է նախահարձակը եղել և ո՞վ է էթնիկ զտումներն իրականացրել։ Եվ հիմնվելով դրա վրա՝ արդեն կարող են փարձել գտնել և՛ արդարացի, և՛ փոխընդունելի որոշումներ ու լուծումներ։ Սակայն գնալ միակողմանի զիջումների՝ այդ պատրաստակամությունը աշխարհին ներկայացնլու ճանապարհով՝ կարծում եմ արդյունավետ չէ,-ընդգծել է Արման Մելիքյանը։

Նա պնդել է, որ այդ ճանապարհով գնալը պարզապես բարոյալքության է հանգեցնում թե՛  հասարակության մեջ, թե՛ բանակում, թե՛ նաև Սփյուռքում։

Հեղինե Հարությունյան

Այս խորագրի վերջին նյութերը