Մեկնաբանություն

15.07.2019 20:40


Փաշինյանը փոխեց բանակցային ձևաչափը... Ադրբեջանի օգտին

Փաշինյանը փոխեց բանակցային ձևաչափը... Ադրբեջանի օգտին

Վարչապետ դառնալուն պես Նիկոլ Փաշինյանն իրեն տարանջատեց Արցախի խնդրից` հայտարարելով, թե արցախցիների մանդատը չունի և չի կարող բանակցություններում ներկայացնել Արցախը:

Փաշինյանը նաև հայտարարեց, որ Արցախը պետք է նստի բանակցային սեղանի շուրջ, և ինքն ամեն ինչ անելու է այդ ուղղությամբ:

Այս քայլերի գլխավոր մոտիվացիան պատասխանատվությունից խուսափելն էր:

Բանակցային սեղանը համալրվում է, բայց այլ սուբյեկտով

Թեև Փաշինյանը հայտարարում է, թե, իբր, չի բանակցում Արցախի հարցով, բայց իրականում բանակցում է, այն էլ՝ ինտենսիվ: Ու դատելով ամենից՝ բանակցում է Բոլթոնի տխրահռչակ պլանի շրջանակներում: Պլան, որով նախատեսված է տարածաշրջանային գլխավոր շահառու դարձնել Թուրքիային՝ ի հաշիվ Ռուսաստանի ու Իրանի դուրսմղման: Այդ պլանով Արցախը, հակաիրանական ու հակառուսական գործընթացների մեջ ներգրավելու դիմաց, Ադրբեջանին տրվելիք գինն է: Հայաստանն, ըստ այդ պլանի, մանրադրամ է:

Թե կոնկրետ ո՞ւր կհասնի Փաշինյանն իր արտաքին խաղերում, դժվար է ասել: Մեկ կոնկրետ խոստում նա արդեն իսկ կյանքի է կոչել, բայց հակառակ նշանով:

«Ժողովրդի» վարչապետը, ինչպես վերևում հիշեցրեցինք, խոստացել էր բանակցային սեղանի շուրջ նստեցնել պաշտոնական Ստեփանակերտին: Դա պոպուլիստական հայտարարություն էր, որն առաջին հայացքից խրոխտ ու հեղափոխական էր հնչում, բայց տակը բան չկար, իսկ եթե կային էլ, ապա միայն վտանգներ, քանզի լուրջ աշխատանքներ չէին նախորդել այդ հայտարարությանը:

Փաշինյանը զրո արդյունք է արձանագրել Ստեփանակերտին բանակցային սեղան նստեցնելու հարցում, բայց փոխարենը Ալիևն է օգտվել նրա պոպուլիզմից ու անուղղակիորեն բանակցային սեղան բերել, այսպես կոչված, Արցախի ադրբեջանական համայնքի ներկայացուցչին: Այդ ներկայացուցիչը ներառվել է ադրբեջանական պատվիրակության կազմի մեջ: Այդպիսով Ադրբեջանն առնվազն հավասարության նշան է դնում պաշտոնական Ստեփանակերտի ու «Արցախի ադրբեջանական համայնքի» միջև, ինչին, փաստորեն, Նիկոլ Փաշինյանը դեմ չէ: Վերջինիս համար կարևորը պատասխանատվությունից խուսափելն ու Արցախին «դեմ տալն» է:

«Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում թեմային անդրադարձել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ, պաշտոնաթող դեսպան Քերի Քավանոն:

«Հարավային Կովկասում մանրուքները կարող են հսկայական նշանակություն ունենալ։ Եթե Վրաստանի դեպքում փոքրիկ սխալը Թբիլիսիում լայն ցույցերի ալիքի պատճառ է դառնում, ապա Արցախի հակամարտության դեպքում դա տանում է դեպի նոր զոհեր։ ...Թեև Բաքուն մերժում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջը՝ Արցախյան կողմի՝ բանակցություններին միանալու վերաբերյալ, այնուամենայնիվ, ներքին կերպով Ադրբեջանում որոշ քայլեր արվել են։ Բաքուն հայտարարել է, որ բանակցությունների ձևաչափը պետք է նույնը մնա, բայց ներքին կարգով փոխել է իր պատվիրակության կազմը՝ ավելացնելով այնտեղ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայությունը։ Ես սա դիտարկում եմ որպես որոշակի նախապատրաստության նշան՝ բանակցային ձևաչափը փոխելու հեռանկարով»,-նշել է ամերիկացի նախկին համանախագահողը:

Ահա թե որտեղ է գտնվում Արցախի հարցում Փաշինյանի «սեփական կետը»: Այդ կետում «Արցախի ադրբեջանական համայնքը» դառնում է բանակցությունների լիարժեք սուբյեկտ:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը