Մեկնաբանություն

16.07.2019 10:30


Մենք ճիշտ էինք, Նիկոլը` սխալ

Մենք ճիշտ էինք, Նիկոլը` սխալ

Քայլարածներին թվում էր` ծովը ծնկներից է. ժողովրդի անունից ինչ ուզեն` կանեն։

Կարծում էին, թե եվրոպացի գործընկերներին էլ հեչի պես մատների վրա «կխաղացնեն», ինչպես Նիկոլից կամ Նիկոլով «խփնված» հպարտ քաղաքացիներին, եւ հալած յուղի տեղ կանցկացնեն դատական իշխանությունը, Սահմանադրական դատարանը եւս քայլիշխանության թաքուն եւ բացահայտ ցանկությունները դակող գործիք` կառավարության անվճար կցորդ դարձնելու սեւեռուն գաղափարը։

Վենետիկի հանձնաժողովի՝ հունիսի 20-21-ի արձանագրության Հայաստանին վերաբերող հատվածը եկավ ասելու, որ մասնագետները (խոսքը չի վերաբերում Նիկոլի մոտ իրավաբան կամ իրավագետ-սահմանադրագետ աշխատող «քաղգործիչներին», որոնք արատավորում են մունդիրի պատիվը) դատարանների անկախության նկատմամբ պետական մակարդակով իրականացվող անթույլատրելի ոտնձգությունները դատապարտող հանրային, քաղաքական, վերլուծական շրջանակները ճիշտ էին, իշխանությունն ու իր սազանդարները`սխալ, երբ ասում էին, որ երկիրը միայն դատավորների «համընդհանուր» վեթինգը կփրկի։

ՍԴ ինքնակոչ «նախագահ» Վահե Գրիգորյանը, նիկոլայբաղդասարյաններն ու գագիկջհանգիրյններն էլ, մեղմ ասած, «մուտիտ էին անում»`խոսելով «սահմանադրական ճգնաժամի» մասին, պնդելով, թե ՍԴ անդամը երբեք եւ ոչ մի դեպքում չի կարող նույնացվել ՍԴ դատավորի հետ, եւ ստեղծված «փակուղային իրավիճակից» միակ ելքը ՍԴ անդամ-դատավորներին հրաժարեցնելն ու նրանց յուրային «պոլի փեդերով» փոխարինելն է։

Քաղաքականությունից շատ թե քիչ հասկացող, իրավագիտության ա-ն բ-ից տարբերող մարդիկ զգուշացնում էին` այս խայտառակությունը չի կարող անհետեւանք մնալ. եվրոպական մասնագիտացված կառույցները վաղ թե ուշ ասելու են իրենց խոսքը Հայաստանում քայլ առ քայլ ամրապնդվող քաղաքական եւ իրավական բեսպրեդելի, ինքնիրավչության, ամենաթողության մթնոլորտի մասին։ Վենետիկի հանձնաժողովի արձագանքն այդ առումով ոչ միայն անակնկալ չէր, այլեւ, կարելի է ասել` ինչ-որ տեղ ուշացած էր։

Երբ Փաշինյանն արգելափակել տվեց դատարանների դռները, սպառնաց վեթինգի ենթարկել «անբարեհույս» դատավորներին եւ Հայաստանը դարձնել «անցումային արդարադատության» փորձադաշտ, եվրոպացի փորձագետները նրբորեն արձանագրեցին, որ դատական համակարգի դեմ ուղղված այդ հարձակումն անմիջապես հաջորդել է հանրապետության երկրորդ նախագահին գրավով ազատ արձակելու առաջին ատյանի դատարանի որոշմանը, ասել է թե` պայմանավորված էր զուտ քաղաքական դրդապատճառներով։ Եվ մատնացույց արեցին Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում մնալու անհրաժեշտությունը։

Բայց քայլարարածներն «ակնարկներ» չեն հասկանում։ Ինչպես հայտնի անեկդոտում, երբ ամուսինը երկու օր իրար հետեւից կնոջը «բռնացնում» է ուրիշի հետ, անկոչ հյուրի վզից բռնում դուրս է շպրտում, երրորդ օրը գալիս է տեսնում` մարդը, վիրակապերի մեջ, էլի կնոջ կողքին է, չի դիմանում, ասում է`լսի, չե՞ս հասկանում` կնոջիցս հեռու մնա, պատասխանում է` միանգամից այդպես էլ ասեիր, ակնարկներ ես անում, որ ի՞նչ անես։

Հիմա սրանցն է. Վենետիկի հանձնաժողովի անդամները տեսան` ակնարկները տեղ չեն հասնում, ուղիղ տեքստով ասացին` ձեռքներդ հեռու օրենքներից եւ Սահմանադրությունից. ինչքա՞ն կարելի է ասել` դատավորների համընդհանուր վեթինգը «ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ օգտակար», ՍԴ «անդամ-դատավոր» բառախաղեր անելն էլ մանիպուլյացիա է, քանզի ՀՀ Սահմանադրության 213 հոդվածն «աներկբա եւ հստակ» կարգավորում է այդ «թնջուկը»։

Թավշյահեղափոխականները կարող են բողոքի ցույցեր անել Վենետիկի հանձնաժողովի դեմ, կարող են հայտարարել, որ «ժողովուրդն» է որոշում ամեն ինչ`անհնազանդ դատավորների վեթինգը եւ Վահեի նախագահությամբ կառավարությանը կից Սահմանադրական դատարան ձեւավորելն անհաղթահարելի «հանրային պահանջ» է, որի դեմ խաղ չկա։ Կարող են նույնիսկ արգելափակել հանձնաժողովի գրասենյակը, պահանջել հանձնաժողովի նախագահ Բուքիքիոյի հրաժարկանը, անեծքներ, հայհոյանքներ տեղալ նրա հասցեին, ահաբեկել, սպառնալ, որ քարերով «կցխեն» գլուխը։

Բայց մենք հո հասկանում ենք` գնացքը գնացել է. Հայաստանի արդարադատության համակարգը վերջնականապես ոչնչացնելու խոփը քարին է դեմ առել։

Նույնը լինելու է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարի` ինքնադատաստանի դեպքում։ Եվրոպական կառույցները դեռ չեն շտապում գնահատական տալ երկրորդ նախագահի պաշտպանության իրավունքի ճչացող խախտումներին, բայց գործը վաղ թե ուշ գնալու է Եվրոպական դատարան։

Եվ արդյունքները որքան կանխատեսելի, նույնքան «ցավոտ» են լինելու «փաշիստական» Հայաստանի իշխանությունների համար...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը