Լրահոս

13.04.2010 15:27


Արման Մելիքյան. «Մենք կարիք ունենք քաղաքական սերնդափոխության»

Արման Մելիքյան. «Մենք կարիք ունենք քաղաքական սերնդափոխության»

-Ես գտնում եմ, որ հայաստանյան երեք ղեկավարների նախկին և ներկա դիմակայությունը շատ պառակտիչ ազդեցություն ունի։ Մենք կարիք ունենք քաղաքական սերնդափոխության,  և այն քաղաքական թիմը, որը դա առաջինը կհասկանա, թերևս ապագայում առավելություններ կունենա։ Բայց, անշուշտ, առաջնորդվելով այն բացառիկ ստի, կեղծիքի սկզբունքներով, որոնք կիրառվել են առայսօր այդ քաղաքական պայքարում, այլևս հնարավոր չէ,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայաստանի ներքաղաքական խնդիրների մասին՝ ասել է Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։

Նա նշել է, թե երկիրը խեղդվում է ստի մեջ, և այդ ստի աղբյուրը մեկը չէ։

-Ճամբարներից յուրաքանչյուը փորձում է հաստատել իր ճշմարիտ լինելը և խորտակել հակառակորդներին։ Իրականում այս երկիրը համատեղ ջանքերով ստեղծված պետական գոյացություն է, և բոլոր արատները նույնպես կա՛մ փոխադարձ համաձայնությամբ ստեղծվեցին և առաջացան, կա՛մ մի կողմի լռության և հանդուժողականության պատճառով։ Ամեն դեպքում՝ բոլորն են մեղավոր, և այդ տեսանկյունից  ասեմ, որ քաղաքական կոնսենսուսի հանգեցնելու անհրաժեշտություն կա։ Եվ սա այդ երեք՝ և՛գործող, և՛նախկին ղեկավարների պարտքն է։ Դժբախտաբար, տպավորությունն այն է,  որ նրանք դրան պատրաստ չեն,-հավելել է Արման Մելիքյանը։

Ըստ ԼՂՀ նախկին արտգործնախարարի՝ ինքը դեմ է իշխանափոխության ճղճղան, փողոցայի գավրոշության եղանակին։

-Սակայն որպեսզի այդ եղանակին չդիմեն, պետք է նախընտրելի լինեն այլ մեթոդներ, որոնք նաև երկխոսություն կնախատեսեն երկրի՛ շահերի ընկալմամբ, այլ ոչ թե ներխմբային։ Այդ բանը մենք առայժմ չունենք։ Լեգիտիմ իշխանությունը առավելություն ունի։ Այն կարող է իսկապես հենվել ժողովրդի վրա, հենվել նաև իր ընդդիմության վրա, որովհետև լեգիտիմ իշխանությունը ճանաչված իշխանություն է, և ճանաչված  է նաև ընդդիմության կողմից։ Մեր պարագայում այդ վիճակը չէ։ Լեգիտիմ իշխանությունը փոխգործակցության լայն հնարավորություններ կընձեռի նաև ընդդիմադիր դաշտի համար, հասարակական կազմակերպությունների համար։ Սա է լեգիտիմ իշխանության առավելությունը, որից մենք զրկված ենք,-ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը