Աշխարհ

16.07.2019 19:18


Եվրամիությունը հաստատել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու առաջարկը

Եվրամիությունը հաստատել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու առաջարկը

Եվրամիությունը (ԵՄ) Կիպրոսի ափամերձ ջրերում հորատման աշխատանքների պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կկիրառի։

ԵՄ արտգործնախարարների մասնակցությամբ Բրյուսելում կայացած արտաքին հարաբերությունների խորհրդի նիստից հետո գրավոր հայտարարություն է տարածվել։ Ըստ այդմ՝ ԵՄ-ն որոշել է միառժամանակ դադարեցնել Անկարայի հետ անցկացվող բոլոր բարձր մակարդակի հանդիպումները, այդ թվում՝ Թուրքիայի հետ օդային տրանսպորտի համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունները, ԵՄ-Թուրքիա գործընկերության խորհրդի նիստերը։

Նախատեսվում է նաև, որ Եվրախորհուրդը կնվազեցնի 2020թ․ համար Թուրքիային տրամադրվելիք ֆինանսական աջակցությունը։ ԵՄ անդամակցությունից առաջ Թուրքիային տրամադրվելիք ֆինանսավորումը կնվազեցվի 146 մլն եվրոյով։ Միևնույն ժամանակ, Եվրոպական ներդրումային բանկին առաջարկվել է վերանայել Թուրքիային տրամադրվող նյութական աջակցության պայմանները։

Հայտարարության մեջ նշվել է նաև, որ ԵՄ-ն հետևում է Կիպրոսի ջրային տարածքում Թուրքիայի կողմից կատարվող հորատման աշխատանքներին: Անհրաժեշտության դեպքում խնդիրը կրկին օրակարգ կբերվի։

ԵՄ արտրգործնախարարները Թուրքիային կոչ են արել լավ հարաբերություններ պահպանել հարևան երկրների հետ, հավատարիմ մնալ միջազգային իրավունքի նորմերին և հարգել Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանությունն ու իրավունքները։

Նշենք, որ օրեր առաջ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, արձագանքելով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու Կիպրոսի կոչերին, հայտարարել էր, որ ԵՄ-ի նման քայլերը Թուրքիային չեն կարող կանգնեցնել, ավելին՝ դրանք անպատասխան չեն մնա։

Հիշեցնենք, որ Կիպրոսի հարակից ջրային տարածքում բնական գազի պաշարների որոնման իրավունքը վերջին տարիներին լարվածության մեծացման պատճառ է դարձել։ Թուրքական «Fatih», «Barbaros Hayreddin Paşa» և «Yavuz» նավերը Միջերկրական ծովում հորատման, որոնողական և սեյսմիկ ուսումնասիրության աշխատանքներ են կատարում։ Կիպրոսը, Հունաստանը, ԱՄՆ-ն, Եգիպտոսը և Եվրամիությունը պարբերաբար հանդես են գալիս այդ աշխատանքները դադարեցնելու կոչով։

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը