Մեկնաբանություն

17.07.2019 09:00


Հիմա էլ հերթը հասավ Վարդան Պողոսյանին

Հիմա էլ հերթը հասավ Վարդան Պողոսյանին

Նախօրեին, երբ Վենետիկի հանձնաժողովի` հունիսի 20-21-ի նստաշրջանի ամփոփիչ արձանագրության Հայաստանին վերաբերող հատվածը հայտնվեց համացանցում եւ դարձավ քննարկվող հարցերի «թոփ տասնյակի» առաջատարը, Նիկոլի վկաներից միայն մեկը` երկրիս թիվ 1 աներձագը հակադարձեց եվրոպացի փորձագետներին. հայտարարեց, թե Վենետիկի հանձնաժողովը չգիտի` ինչ է ասում, որովհետեւ անտեղյակ է հեղափոխական «նոր Հայաստանի» իրողություններին։

Նախորդ «հանցավոր» իշխանությունների, կոնկրետ`Ռոբերտ Քոչարյանի օրոք ԱԳՆ-ում հարմար տեղավորված, Վարդան Օսկանյանի համար «խոսնակություն» անող Վլադիմիր Կարապետյանն էլ, որը հիմա էլ Փաշինյանի համար է խոսնակություն անում, խոստացավ, որ շեֆը առաջիկայում հանգամանորեն կանդրադառնա այդ «զգայուն» թեմային։

Մինչ այդ, իմքայլականները դուրս են գալիս «մանթրաժից»`զգուշորեն շարժում են «տոտիկները» եւ ձեւացնում, թե արտառոց ոչինչ չի եղել. ինչպես մինչեւ այդ փաստաթղթի ի հայտ գալն էին վճռական դատական համակարգի «բարեփոխումները» դուխով առաջ «բրթելու» հարցում, այնպես էլ` այսօր։

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանն, օրինակ, արձանագրության մեջ «խնդրահարույց կետեր» չի նկատել. «Այն, ինչ ասվում է, որ փաստորեն վեթինգ չի արվելու, տեքստում այդպիսի բան չտեսա: Այնտեղ առնվազն նշվում է «general vetting»-ի մասով, այսինքն` ամբողջական բոլոր դատավորների վեթինգը անարդյունավետ է գնահատվել»:

Համ էլ` դա «ընդամենը» աշխատանքային փաստաթուղթ է. «Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումն արտահայտող հայտարարություն չէ` ուղղված ՀՀ-ին»: Եվ, ուրեմն` դեռ կարելի է ժամանակ ձգել` էլի մի քիչ անհասկացող ձեւանալ եւ ասել. «Վենետիկի հանձնաժողովի մեր բոլոր գործընկերների հետ մենք միևնույն էջի վրա ենք, եւ մեր գործողությունները կանխատեսելի են միմյանց համար»:

Բայց եւ այնպես, կա մի կետ, որ կարծես՝ մտահոգում է քայլարած մեծամասնությանը. որքանո՞վ է ընդունելի, որ Վենետիկի հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցիչը շարունակում է մնալ Վարդան Պողոսյանը` պրոֆեսիոնալ իրավաբան-սահմանադրագետ, որը տիրապետում է իր գործին, անմիջական մասնակցություն է ունեցալ 2015թ. ընդունված Սահմանադրության մշակման աշխատանքներին եւ կարող էր ոչ միայն «ապակողմնորոշել» Վենետիկի հանձնաժողովի անդամներին, այլեւ կազմակերպել եւ իրականացնել «գաղտնի փաստաթղթի» հրապարակման դիվերսիոն գործողությունը։

«Կարծում եմ, այդ հարցը կարող է քննարկվել կառավարությունում, ու, վստահ եմ` հետեւություններ կլինեն, եթե կասկածներ կան»,-ասել է ԱԺ իմքայլական փոխխոսնակ Լենա Նազարյանը` հրաժարվելով մեկնաբանել իր համար «անհասկանալի» այդ փաստաթուղթը։ Եվ վստահեցրել է` աշխարհը շուռ գա, իրենք «դատական համակարգը առողջացնելու, բարեփոխելու» հանձնառությունից հրաժարվողը չեն. «Հիմա դրա անունը կդնենք վեթինգ, թե բարեվարքության ստուգում, ըստ էության նշանակություն չունի»։ Պետք եղավ` Վարդան Պողոսյանի «բարեվարքությունն» էլ կստուգեն, հետ կկանչեն եւ իրենց մարդուն (օրինակ, Ջհանգիրյանին) կգործուղեն Վենետիկ` ներկայացնելու Հայաստանը Նիկոլի ասածին «չէ» ասելու համարձակություն դրսեւորած այդ կառույցում։

Իսկ Փաշինյանի գլուխը խառն է` ավելի կարեւոր գործեր ունի, քան Վենետիկի հանձնաժողովի արձանագրության շուրջ հիստերիա բարձրացնելը եւ եվրոպացի փորձագետների վրա մատ թափ տալը. «դատաիրավական հեղափոխությունը» մոռացած` վերադարձել է «տնտեսական հեղափոխության» տեսլականին։ Այս անգամ`«ինդուստրիալիզացիայի», երկիրը «տաղանդավոր մարդկանց համար դրախտ դարձնելու» տեսքով։

Մինչեւ մի նոր բան կմոգոնի մեր եւ միջազգային հանրության ուշադրությունը խնդրահարույց հարցերից շեղելու համար։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը