Մեկնաբանություն

19.07.2019 09:05


Ինչպիսին պետք է լինի Փաշինյանի սրտի ՍԴ–ն

Ինչպիսին պետք է լինի Փաշինյանի սրտի ՍԴ–ն

Փաստորեն, 15 ամիս, դեռ մի բան էլ` ավելի, «շուրջօրյա ռեժիմով» պետականության հիմքերը ցնցող Փաշինյանը մինչեւ հոգու խորքը ցնցվել է` կարդալով իր սրտի դատավոր` ՍԴ ինքնակոչ «նախագահ» Վահե Գրիգորյանի դիմում-բողոքը՝ անապատում բացված տեսիլքի պես անսպասելի մեր դռանը չոքած «սահմանադրական ճգնաժամի» մասին։

Խնդիրն այն չէ, իհարկե, որ ինքը` Փաշինյանը, գործնականում անընդմեջ խախտել եւ խախտում է Սահմանադրությունը` անթաքույց միջամտելով դատական իշխանության գործերին, ահաբեկելով դատավորներին, արգելափակել տալով դատարանների դռները։ Կամ` որ նույն Վահե Գրիգորյանն առանց ձեւականությունների թքում է Սահմանադրության եւ օրենքերի վրա` ինքն իրեն ՍԴ նախագահ կարգելով։

Բնա՛վ երբեք։ Փաշինյանն ընկնավորվել է նրանից, որ Սահմանադրությունը կապում է իր ձեռքերը` թույլ չի տալիս ուզած պահին լուծարել Սահմանադրական դատարանը եւ ստեղծել իրեն կից «ժողովրդի իշխանությունից բխող» սահմանադրական արդարադատության նոր մարմին. «2019թ. Սահմանադրական դատարան», որի որոշումները «վստահություն կներշնչեն հանրությանը»։

Հրայր Թովմասյանի գրած Սահմանադրությունն ԻՐԵՆ լրիվ ձեռք էր տալիս`Սերժ Սարգսյանի վրայով կարված «կոստյումի» մեջ հարմարավետ էր զգում, քանի դեռ մի գիշերում «թույն սահմանադրագետ» դարձած փաստաբան Վահեն չէր բացահայտել դարի «դավադրությունը». գլխի չէր գցել, որ Հրայր Թովմասյանը Սերժ Սարգսյանի հետ հանցավոր համաձայնությամբ մինչեւ 2035թ. «բուդկի պես սեփականաշնորհել է» Սահմանադրական դատարանը` անցումային դրույթներում «չարամտորեն» ամրագրել է, որ նախկինում ընտրված կամ նշանակված «հին» դատավորները շարունակում են պաշտոնավարել մինչեւ նախորդ Սահանադրությամբ ամրագրված ժամկետների սպառվելը (ցմահ կամ մինչեւ 65 տարեկանը լրանալը), դո՞ւր է գալիս դա ինչ-որ մեկին, թե՞ ոչ։

Իսկ ժամանակը չի սպասում. սեղանին դրված է Ռոբերտ Քոչարյանին «ցմահ փակելու» ճակատագրական խնդիրը։ Եվ այնպես է ստացվել, որ Փաշինյանի ցանկությունը («հանրային պահանջը») քիչ է այդ հարցը մեկընդմիշտ «լուծելու» համար. Սահմանադրական դատարանն է որոշում` քրեական օրենսգրքի տխրահռչակ 300.1 հոդվածով նախագահին առաջադրված մեղադրանքը սահմանադրակա՞ն է, թե՞ հակասում է Սահմանադրությանը, անձեռնմխելիության սահմանադրական դրույթը գործո՞ւմ է, թե՞ վարչապետի կամոք այլեւս ուժի մեջ չէ։

ՍԴ նախագահը եւ անդամներն էլ թարսի պես համառում են` չեն ուզում ինքնակամ վայր դնել լիազորությունները եւ ճանապարհ բացել Վահեի ու իր նմանների համար` ոչ մի կերպ չեն գայթակղվում մինչեւ կյանքի վերջ ՍԴ դատավորի աշխատավարձին համարժեք կենսաթոշակ ստանալու խոստումներով, հրաժարական չեն տալիս։ Մինչդեռ «պարտավոր էին», քանզի ի՞նչ «թավշյա, ոչ բռնի հեղափոխություն» առանց վարչապետի կրնկի տակ գործող «թավշյա» Սահմանադրական դատարանի ու դատական իշխանության։

Կա՞ մեկը, որ կասկածում է`Սահմանադրական դատարանը հանգիստ կշարունակեր աշխատել, եթե «քիթը չխոթեր» Ռոբերտ Քոչարյանի վրա կարված գործի մեջ` թողներ, որ ամեն ինչ գնա իր «բնականոն» հունով եւ վարույթ չընդուներ դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումն այդ հարցի վերաբերյալ։ Մի խոսքով`չխանգարեր հաշվեհարդար տեսնել Քոչարյանի նկատմամբ։

Այդ դեպքում ո՛չ Վահե Գրիգորյանը, ո՛չ Գագիկ Ջհանգիրյանը, ո՛չ ուրիշ մեկը ստիպված չէր լինի էժանագին բառախաղեր անել, խոսել «դատավոր-անդամ» եզրերի անհամատեղելիության, «սահմանադրական ճգնաժամի» եւ իրականության հետ կապ չունեցող այլ բաների մասին։

Թե չէ, Նիկոլի դա՞րդն էր կտրել` ուտուշ-խմուշները, արտասահմանյան թանկարժեք ուղեւորությունները թողած` ուղեղը ծանրաբեռնել «ժողովրդավարության», «ժողովրդի վստահությունը վայելող դատաիրավական համակարգի», «վեթինգի», «անցումային արդարադատության» վերաբերյալ անդյուրամարս խոսակցություններով։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը