Աշխարհ

19.07.2019 08:22


Մոսկվա-Երևան չվերթի օդանավը դադարեցրել է թռիչքը, ուղևորներին տարհանել են. կան տուժածներ (տեսանյութ)

Մոսկվա-Երևան չվերթի օդանավը դադարեցրել է թռիչքը, ուղևորներին տարհանել են. կան տուժածներ (տեսանյութ)

Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում Nordwind Airlines ավիաընկերության Մոսկվա-Երեւան չվերթի օդանավը ընդհատել է թռիչքը օդաչուների խցիկում ծխի մասին ազդանշանն աշխատելու պատճառով: Այս մասին հաղորդում են «ՌԻԱ Նովոստին» եւ ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱԻՆ-ի մերձմոսկովյան վարչության տվյալները:

ԱԻՆ-ի փոխանցմամբ, ազդանշանն աշխատել է, երբ օդանավն արդեն եղել է թռիչքուղու վրա: Արդյունքում օդանավը դադարեցրել է թռիչքը, իսկ ուղեւորներին սկսել են տարհանել փչվող սանդուղքի միջոցով: Ճշտված տվյալներով, տուժել է 8 մարդ, երկուսին տեղափոխել են հիվանդնաոց:

Օդանավակայանի հասարակայնության հետ կապերի հարցերով տնօրեն Աննա Զախարչենկոն հայտարարել է, որ 5 ուղեւորների մոտ միջին ծանրության վնասվածքներ են: Նրա խոսքով, ծուխը հայտնվել է օդանավի ուղեւորներին սրահում, երբ ինքնաթիռը թափ հավաքելիս է եղել:

Օդանավի հրամանատարը ցամաքային ծառայություններին հայտնել է ոչ ստանդարտ իրավիճակի մասին եւ որոշել դադարեցնել թռիչքը: Օդանավում հրդեհ չի բռնկվել:

Ընդհանուր առմամբ օդանավում եղել է 187 մարդ: Երեւան թռիչքի համար պահեստային օդանավ է նախապատրաստվել:

Ավիափոխադրողի ներկայացուցչի տվյալներով, թռիչքն ընդհատվել է, որովհետեւ օդանավի սրահում օտար հոտ է տարածվել:
Խոսքը թիվ 4477 չվերթի մասին է, որը պետք է իրականացներ Boeing 737 օդանավը: Այն պետք է օդ բարձրանար Մոսկվայի ժամանակով 00.45-ին: Փաստացի Մոսկվա-Երեւան չվերթն իրականացվել է Մոսկվայի ժամանակով 05.19-ին, այլ օդանավով:
«Ռոսավիացիան» հատուկ հանձնաժողով է ստեղծել, որը պետք է պարզի միջադեպի պատճառները:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը