Քաղաքական

19.07.2019 14:35


Փաշինյանը զորամասում փորձել է զինվորի սննդի որակը (տեսանյութ)

Փաշինյանը զորամասում փորձել է զինվորի սննդի որակը (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ հայկական բանակը լինի տարածաշրջանում ամենաինտելեկտուալը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց հուլիսի 19-ին Զինված ուժերի սպաների ու կուրսանտների հետ հանդիպման ընթացքում:

«Զինվորի ծառայության ժամկետն ինչ-որ առումով նաև ուսումնառության ժամկետ է: Մեր կառավարության կարևոր առաջնահերթություններից մեկն այն է, որ զինվորի ուսումնառության այս շրջանը մենք առավելագույնս արդյունավետ օգտագործենք, որպեսզի զինվորը ծառայությունից զորացրվելիս շատ ավելի բարձր ինտելեկտուալ մակարդակ ունենա, քան մինչև ծառայության զորակոչվելը: Հայոց բանակը պետք է լինի տարածաշրջանի ամենաինտելեկտուալ բանակը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ հայոց բանակը հիմնական տեղն է, որտեղ քաղաքացիներին սովորեցնում են հաղթելու արվեստն ու հմտությունները:

«Ես համոզված եմ, որ ձեզնից յուրաքանչյուրի մեջ կա հաղթողի տաղանդ, և Հայոց բանակը պետք է ձեզ օգնի այդ տաղանդը զարգացնել»,- նշեց վարչապետը:

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարության N զորամաս, որտեղ զինվորների հետ ճաշի ընթացքում անձամբ ստուգել է սննդի որակը:

«ՊՆ-ն հիմա փորձարկում է պետական-մասնավոր գործընկերությամբ զորամասերում նոր կարգով զինվորների սնունդն ապահովելու ծրագիրը: Եկել ենք տեղում տեսնելու, թե ինչպես է գործընթացն աշխատում, և ձեզ ներկայացնենք»,- ասաց վարչապետը:

Սնունդը փորձելուց հետո վարչապետը նշեց, որ տարբերությունն ահռելի է:

«Որակի ահռելի տարբերություն կա: Շատ բարձր որակի սնունդ է ապահովվում: Ե՛վ տեսականին, և՛ որակն աննկարագրելի բարձր մակարդակի են»,- նշեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի հետ զորամաս են այցելել նաև Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Այս խորագրի վերջին նյութերը