Լրահոս

14.04.2010 14:07


Թուրքական դիվանագիտությունը կհաղթի՞

Թուրքական դիվանագիտությունը կհաղթի՞

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը խոսելով վաշինգտոնյան հանդիպումների մասին՝ ասել է, թե այնտեղ Հայաստանն ու Թուրքիան ևս մեկ անգամ հաստատել են իրենց դիրքորոշումները։

-Հայաստանը հաստատել է իր խաղաղ մտադրությունները դիվանագիտական կապեր ստեղծելու, սահմանների բացման վերաբերյալ և այն, որ դա չպետք է կապել Ղարաբաղի հարցի հետ։ Իսկ Թուրքիան մեկ անգամ ևս փաստել է, որ սահմանների բացումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կլինի այն ժամանակ, երբ մենք չհետապնդենք Ցեղասպանության ճանաչման հարցը միջազգային ատյաններում, ինչպես նաև Ղարաբաղի հարցի ադրբեջանամետ լուծման դեպքում,-նշել է նա։

Ըստ Հրայր Կարապետյանի՝ վաշինգտոնյան հանդիպումներից հետո գերտերություններն ու Օբաման հասկացել են, որ Թուրքիան անդրդվելի է։

-Դավութօղլուն երեկ խոսեց շանտաժի լեզվով և ասաց, որ ԱՄՆ-ը երկու ճանապարհ ունի՝ կա՛մ ճանաչել Ցեղասպանությունը և վիժեցնել գործընթացը (չնայած, ըստ էության, բան էլ չի եղել, որ վիժեցվի), կա՛մ էլ ոչ մի բան չանել, և հայ-թուրքական երկխոսության ճանապարհը շարունակվի ու իրենք հնարավորություն ստանան ձգձգելու և մեկ անգամ ևս 95-ամյա տրելիցից առաջ հնարավորություն ստանան Ցեղասպանությունը ժխտելու, չեզոքացնելու Օբամայի կողմից ցեղասպանություն բառի հնչեցման վտանգը,-հավելել է նա։

Հրայր Կարապետայնի խոսքերով՝ եթե Օբաման ապրիլի 24-ին Ցեղասպանություն բառը չարտասանի, ապա դա կնշանակի թուրքական դիվանագիտության ժամանակավոր հաղթանակ։

-Դա կնշանակի, որ ամերիկյան վարչակազմը մեկ անգամ ևս տեղի տվեց թուրքական շանտաժի առջև, և ինչ-որ տեղ կարելի է համարել թուրքական դիվանգիտության ժամանակավոր հաղթանակ։ Ժամանակավոր, որովհետև, միևնույն է, Ցեղասպանությունը մի օր պետք է ճանաչվի և հենց Թուրքիայի կողմից։ Ուրեմն ինչքան շուտ ճանաչի, այնքան շուտ մեր հարաբերությունները կդառնան բնականոն։ Սա պետք է հասկանան և՛ ԱՄՆ-ը, և՛մնացած միջազգային երկրներն ու կառույցները։ Մեր քաղաքական կուրսը դա պետք է լինի,-հավելել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը