Լրահոս

14.04.2010 14:41


Ռուբեն Մելքոնյան. «Սա դիրքորոշումների հստակեցման կամ վերահաստատման հանդիպում էր»

Ռուբեն Մելքոնյան. «Սա դիրքորոշումների հստակեցման կամ վերահաստատման հանդիպում էր»

«Հայացք» ակումբում գնահատելով Վաշինգտոնում Սերժ Սարգսյան-Էրդողան հանդիպումը՝ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ասել է, որ հանդիպումը հայ-թուրքական հարաբերություններում որևէ դրական առաջընթաց չի գրանցել։

Այդուհանդերձ նա նշել է, որ անկախ արդյունքից՝ հանդիպումը շատ կարևոր և ուշագրավ է, քանի որ այդ մասշտաբի հանդիպմանը մասնակցությունը կարևոր է ցանկացած պետության համար։ Այն, նրա կարծիքով, առանձնահատուկ էր նաև նրանով, որ առաջին անգամ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման էր եկել Թուրքիայի վարչապետ Էրդողանը, իսկ Թուրքիայում իրական իշխանությունը հենց վարչապետի ձեռքում է։

-Սա իրականում դիրքորոշումների հստակեցման կամ վերահաստատման հանդիպում էր։ Ի տարբերություն թուրքական կողմի՝ հայկական կողմը վերահաստատեց իր դիրքորոշումները, իսկ թուրքական կողմի դիրքորոշումն այդքան էլ հստակ չէ՝ մի քանի օրվա ընթացքում թուրքական կողմից հնչեցին իրար հակասող հայատարարություններ,-նշել է Ռուբեն Մելքոնյանը։

Նրա կարծիքով՝ Թուրքիայի հռետորաբանությունն այնուամենայնիվ մի քանի օրվա ընթացքում մեղմացավ, ինչը պայմանավորված է մոտալուտ ապրիլի 24-ով, սակայն ապրիլի 24-ից հետո այն ավելի հակահայկական բնույթ կկրի և ավելի կոշտ կդառնա։

-Հանդիպման ժամանակ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված որևէ լուրջ առաջընթաց չգրանցվեց, ինչն այդքան էլ սպասելի չէր, և Թուրքիայի պատճառով հայ-թուրքական հարաբերությունները ներկայումս նմանվում են տեղապտույտի,- ասել է Ռուբեն Մելքոնյանը։

Նա նշել է նաև, որ հայ-թուրքական հարաբերությունները վերակենդանացնելու հարցում ակնհայտ է ԱՄՆ-ի շահագրգռվածությունը, և եթե այս ամենը ԱՄՆ-ին պետք էր նախագահի ելույթում ապրիլի 24-ին ցեղասպանություն բառը չօգտագործելու համար, ապա այս հանդիպումով որոշակի հիմք, այնուամենայնիվ, ստեղծվեց։

Ամփոփելով՝ Ռուբեն Մելքոնյանը նշել է, որ Թուրքիան այս ամենում հստակ շահողի դիրքում չէ, և այս բոլոր գործընթացների հետևանքով այդ երկիրն իր հեղինակությանը լուրջ վնաս է հասցրել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը