Լրահոս

14.04.2010 15:35


Թուրքագետ. «Հայ–թուրքական հարաբերությունները ներկայումս տեղապտույտի փուլում են»

Թուրքագետ. «Հայ–թուրքական հարաբերությունները ներկայումս տեղապտույտի փուլում են»

-Իմ կարծիքով հայ-թուրքական հարաբերությունները ներկայումս տեղապտույտի փուլում են, այսինքն՝ որևէ առաջընթաց չկա և ավելի միտված է դեպի հետընթաց,- «Հայացք» ակումբում ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Ինչ վերաբերում է արձանագրություններից ստորագրությունը հետ կանչելուն, Ռ.Մելքոնյանը նշել է, որ հայկական իրավական համակարգում դրա նախադրյալներն արդեն կան, օրենքն ընդունվել է, և չի բացառվում, որ եթե գործընթացի իմիտացիան թուրքերի կողմից անվերջ շարունակվի, Հայաստանը հետ կվերցնի իր ստորագրությունը։ Նա նշել է, որ Վուդրո Վիլսոնի շիրմին նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը շատ հստակ տվեց թուրքական ակնարկների պատասխանները, և ինքը բավարարված է ելույթից։

-Կարող եմ ենթադրել, որ մեր դիրքորոշումն այն է, որ նախագահը հայտարարեց Վիլսոնի շիրմին, այսինքն, որ մեր սկզբունքային դիրքերից չենք նահանջելու, և եթե իմիտացիան շարունակվի, շարունակվեն նախապայմաններով խոսակցությունները, ապա Հայաստանը կարող է և հետ վերցնել ստորագրությունը։ Կարծում եմ՝ դա է եղել հանդիպման քննարկման առարկա, քանի որ խոսելու այլ նյութ չկա,- նշել է Ռ.Մելքոնյանը։

Ռուբեն Մելքոնյանի կարծիքով հիմա նյարդերի ամրության պայքար է գնում, և այդքան էլ ճիշտ չի լինի առաջինը տեղի տալ, հատկապես որ Հայաստանն ավելի շահեկան դիրքերում է, քան Թուրքիան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը