Մեկնաբանություն

22.07.2019 12:46


Իջևանի անտառներում և Ամուլսարի հանքում կորած «բնապահպանները»

Իջևանի անտառներում և Ամուլսարի հանքում կորած «բնապահպանները»

Հայաստանում կա բնապահպանների երկու տեսակ՝

1. իրական բնապահպաններ (նրանց քանակը հաշվվում է մեկ ձեռքի մատների վրա կամ առավելագույնը՝ երկու ձեռքի),

2. կոմերցիոն հիմունքներով աշխատող «բնապահպաններ», որոնք բնապահպանության հետ կապ չունեն, և որոնց գործը գրանտային կամ այլ տարբերակներով փող կպցնելն է։

Երկրորդ տեսակը վխտում է Հայաստանում։ Սրանք իրենց մարմնի մասերն են պատառոտում, իբր, հանուն բնապահպանության, բայց դա անում են ընտրովի, պատվիրովի ու վճարովի տարբերակով։ Ընդ որում՝ կապ չունի, թե արդյոք առկա՞ է բնապահպանական խնդիր, թե՞ ոչ։ Եթե «բնապահպանին» պատվիրատուն ուղղորդում է և ստիպում լացել, օրինակ, Սևանի համար, ապա «բնապահպանը» առանց մտածելու լացում է։ Որքան շատ ու էնտուզիազմով է լացում, այնքան առատաձեռն է դառնում պատվիրատուն։ Սրանց մեջ կան ինչպես «3–մանեթանոց» լացողներ, այնպել էլ էլիտարներ։

«3–մանեթանոցները» բոմժական տարբերակով են «բնապահպանություն» անում, իսկ էլիտարներն ուղղորդում են «3–մանեթանոցներին», մասնակցում են դրսի բնապահպանական միջոցառումներին, ստանում են գրանտներ, ֆռֆռում են, կայվաֆատ են լինում և խոր զզվանք ունեն «3–մանեթանոցների» հանդեպ։

Իջևանում և Սևանում կորած «ամուլսարցիները»

Վերջին շրջանում բնապահպանական թեմաները դարձել են հանրային լայն քննարկման առարկա։ Խոսքը վերաբերում է Սևանա լճին ու Իջևանի անտառներին։ Սևանը կանաչում է, իսկ անտառներն անխնա հատվում են։

Թվում է, թե բնապահպանների համար սա պետք է դառնար թիվ մեկ խնդիրը, և իրենց մենք պետք է տեսնեինք Սևանի մատույցներում ինքնամոռաց լողալիս կամ Իջևանի անտառներից կախված (ոչ ուղիղ իմաստով, անշո՛ւշտ)։ Բայց արի ու տես, որ մենք նրանց չենք տեսնում Սևանի փրկության թեմայով պաստառներով թերակղզու ճանապարհի մոտ կանգնած կամ Իջևանի անտառների ճանապարհը փակելիս։

«Բնապահպանները» հո հարի՞ֆ չեն, որ առանց վճարի կամ օրապահիկի պայքարեն բնության համար։ Ձեռնտու է պայքարելը Ամուլսարի՝ դեռևս չշահագործված ոսկու հանքի դեմ, քանզի, պատկերավոր ասած, այդ դեպքում պայքարիստների փորը լինում է կուշտ, իսկ տակը՝ չոր։

Հետաքրքրականն այն է, որ Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողները հայտարարում են, որ դա անում են, քանի որ մտահոգ են Սևանա լճի ճակատագրով և շրջակա ֆլորայով ու ֆաունայով։

Սևանն առանց հանքի շահագործման վնասվել է, բայց մի կենդանի «բնապահպան» չկա, որ Ամուլսարի «օֆիսը» թողնի և իջնի Սևան՝ լճի համար լացելու։

Իջևանի ծառահատումների պատճառով տեղի էկոբալանսը խախտվել է՝ վտանգելով տեղի ֆլորան ու ֆաունան, բայց Ամուլսարի հանքում չեղած թիթեռնիկների դարդը լացողները Իջևանի կողմերում չերևացին։ Ու դա այն դեպքում, երբ Իջևանում իրական թիթեռնիկներ են վերանում, իսկ բնությունն էլ կանաչազրկվում է։

Իջևանի ու Սևանի կողմերում իրական բնապահպանական խնդիր կա, և թող զարմանալի չթվա, որ «բնապահպաններն» այնտեղ չեն հայտնվում։ Դրանք հայտնվում են այնտեղ, որտեղ պատվիրատու կա։ Ընդ որում՝ անկախ այն հանգամանքից, թե արդյոք կա՞ բնապահպանական խնդիր, թե՞ ոչ։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը