Մեկնաբանություն

22.07.2019 16:23


Բոլթոնին կողմ և դեմ. Միրզոյանը բացեց Փաշինյանի խաղը

Բոլթոնին կողմ և դեմ. Միրզոյանը բացեց Փաշինյանի խաղը

Ներհայաստանյան թոհուբոհի ու հատկապես Իջևանում իշխանությունների կազմակերպած «Կոլցո» օպերացիայի աղմուկի տակ մի տեսակ աննկատ անցավ Հայաստանի խորհրդարանական պատվիրակության այցն ԱՄՆ։

Մինչդեռ այնտեղ շատ ուշագրավ տեսակետ է հնչել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից։ Այդ տեսակետը ոչ միայն արտաքին, այլ նաև մեր ներքին քաղաքականությանն է վերաբերում։

Եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյանն ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ չի բացառում Իրանի ու Հայաստանի միջև սահմանի փակումը։ Փաշինյանի խոսքերը զուգորդվում էին Բոլթոնի՝ պատմական կաղապարներից ազատվելու կոչով։

Բոլթոնն, ինչպես հայտնի է, ԱՄՆ–ի հակաիրանական ու հակառուսական ուղղության գլխավոր ստրատեգն է։ Ըստ նրա պլանի՝ ռուսական ռազմաբազան պետք է դուրս բերվի Հայաստանից, կամ ԱՄՆ–ը հնարավորություն պետք է ստանա իր բազան ունենալ Սյունիքում, որպեսզի հակաիրանական գործողությունների ժամանակ կարողանա օգտվել դրանից։

Բոլթոնի պլանների գլխավոր դերակատարն ու շահառուն Թուրքիան է՝ ի հաշիվ Ռուսաստանի և Իրանի։ Նա ցանկանում է ներգրավել նաև Ադրբեջանին՝ խոստանալով վերջինիս Արցախը՝ որպես բոնուս։

Հայաստանը Բոլթոնի պլաններում կատարում է մանրադրամի դեր, որին պետք է Թուրքիայի ու Ադրբեջանի ուղղությամբ զիջումներ պարտադրել՝ փոխարենը խոստանալով փող և բաց կոմունիկացիաներ։

Դատելով ամենից՝ Նիկոլ Փաշինյանը Բոլթոնին «չէ» չի ասել։ Նա մի պահ սառեցրեց իր վերաբերմունքը (Ալիևի հետ դավոսյան հանդիպումից հետո), բայց հիմա կրկին տաքացել է։ Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ «Ազատություն» ռադիոկայանը ատամներով պաշտպանում է այս կառավարությանն ու հատկապես դրա ղեկավարին նույնիսկ ավելի մեծ էնտուզիազմով, քան դա անում են Հ1–ն ու «Հայկական ժամանակ» թերթը։

«Ազատություն» ռադիոկայանի պահվածքը հուշում է, որ Բոլթոնը դեռ հույսեր է կապում Փաշինյանի հետ։

Հիմա՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին։

Ատլանտյան խորհրդում քննարկման ժամանակ Միրզոյանը, մասնավորապես, ասել է. «Միացյալ Նահանգների և Իրանի միջև առկա լարվածությունը բացասաբար է անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա: Մենք կցանկանանք, որ ԱՄՆ-ն ճնշում չգործադրի Հայաստանի վրա՝ իրանական պատժամիջոցների օրակարգում ներգրավելու համար: Հայաստանը չի կարող նման գին վճարել»։

Միրզոյանը նշել է, որ հարաբերությունների զարգացումը բարեկամ մի երկրի հետ չպետք է լինի մեկ այլ բարեկամ երկրի հաշվին: Իսկ դա նշանակում է, որ կուլիսներում դրված է ծանր ընտրություն կատարելու հարց։ Այս հանգամանքը Փաշինյանը թաքցնում է, իսկ դա նշանակում է, որ նա չի բացառում Բոլթոնի պլանով շարժվելը։

Ուշադրությո՛ւն դարձրեք։ Միրզոյանը, փաստացի, հակադրվում է Բոլթոնի պլանին ու բացում խաղը՝ ցույց տալով, որ Հայաստանի վրա Իրանի մասով ճնշում կա ԱՄՆ–ից, և ընտրություն կատարելու հարց է դրված։ Մինչդեռ Փաշինյանը թաքցրել է ճնշման պահը, բայց, միևնույն ժամանակ, հայտարարել է, որ չի բացառվում Իրանի հետ սահմանի փակումը, ինչպես նաև ձեռնամուխ է եղել հայ «ժողովրդին խաղաղության պատրաստելու» գործին, որի բաղկացուցիչներից է պաշտոնական Ստեփանակերտի հետ լարվածության ապահովումը, հայաստանցի–ղարաբաղցի տեղեկատվական դիվերսիան խորացնելը և Արցախում խամաճիկային իշխանություն ձևավորելը։

Միրզոյանն իր հայտարարությամբ անուղղակիորեն բացահայտել է, որ Փաշինյանն իր վերջնական «չէ»–ն չի ասել Բոլթոնին։ Սա սենսացիոն հայտարարություն է իրականում։ Այդ հայտարարությունը ցույց է տալիս, որ Միրզոյանը հիմքեր է ստեղծում հետագայում (երբ հարցը սրություն ստանա) Փաշինյանից տարանջատվելու համար։

Հայաստանում ներքաղաքական դաշտի բաժանումները նաև Բոլթոնի պլանով են անցնում։ Այդ պլանին «այո» ասողների ու «ոչ» ասողների միջև։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը