Լրահոս

22.07.2019 16:25


Գրանցվել է հրդեհների աննախադեպ աճ․ ԱԻՆ պաշտոնյա

Գրանցվել է հրդեհների աննախադեպ աճ․ ԱԻՆ պաշտոնյա

Հայաստանում 2019 թվականի 6 ամսվա ընթացքում գրանցվել է հրդեհների աննախադեպ աճ, հատկապես՝ խոտածածկ և բուսածածկ տարածքներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում, այս մասին ասաց ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետի տեղակալ Սերգեյ Հայրապետյանը:

«Համեմատելով 2018 թվականի առաջին կիսամյակի հետ՝ կարող եմ ասել, որ 2019 թվականի առաջին կիսամյակում ընդհանուր հրդեհների քանակը 2.1 անգամ ավելի է: Խոտածածկ տարածքներում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի մոտ 4 անգամ ավելի շատ հրդեհ ենք ունեցել»,-նշեց Հայրապետյանը և հավելեց, որ այրված տարածքների մակերեսը 2018 թվականի 1-ին կիսամյակի համեմատ 2019-ի նույն ժամանակահատվածում 5.7 անգամ ավելի շատ է եղել:

Նրա խոսքով՝ 2019 թվականի հուլիսի 1-20-նն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 1200-ից ավելի հրդեհ, որոնց ճնշող մեծամասնությունը եղել է խոտածածկ և բուսածածկ տարածքներում՝ մոտ 75 տոկոսը:

Հայրապետյանն ընդգծեց, որ ընթացիկ տարվա 6 ամսվա ընթացքում հրդեհների աճ գրանցվել է մայիս և հունիս ամիսներին:

«Հրդեհների առաջացման հիմնական պատճառը մարդկային գործոնն է՝ հիմնականում ծխախոտի մնացորդը նետելը, հանգստյան գոտիներում աղբ թողնելը և այլն: Այդ իսկ պատճառով ՀՀ ԱԻՆ-ը կոչ է անում քաղաքացիներին լինել ավելի զգոն և պահպանել հրդեհային անվտանգության կանոնները»,-ասաց Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետի տեղակալը:

Նա նաև շեշտեց, որ «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքի համաձայն հրդեհային պահպանությունը ոչ միայն ԱԻՆ հրշեջ-փրկարարների գործն է, այլև՝ տեղական ինքնակառավարման, պետական մարմինների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների համատեղ ուժի:

Այս խորագրի վերջին նյութերը