Լրահոս

14.04.2010 17:16


Վաշինգտոնյան հանդիպումների վերաբերյալ արձագանքներ Գյումրիից

Հայ-թուրքական սահմանի բացման առումով Էրդողանի վերջին հայտարարություններից հետո (որտեղ ասվում էր, որ հայ-թուրքական սահմանի բացման համար անհրաժեշտ է, որ ղարաբաղյան հարցում համաձայնություն ձեռք բերվի) Գյումրու հասարակական-քաղաքական որոշ շրջանակներում արդեն կարծիքներ են հնչում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երկամյա ոդիսականն ավարտվում է:

«Արդյոք կարելի՞ է ասել, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային» դիվանագիտությունն Էրդողանի հայտարարություններից հետո  անփառունակ  վախճան է ունենում» «7օր»-ի հարցին Շիրակի մարզի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարտուղար Աղասի Աբրահամյանը պատասխանել է. «Խնդիրն այն է, որ պետք է զրոյական կետից գործընթացը շարժել դեպի առաջ։ Դա կարվի «ֆուտբոլային» դիվանագիտության, թե այլ միջոցով՝ կարևոր չէ: Մեր իշխանությունները, այդ թվում Սերժ Սարգսյանը, մեկնարկային սկզբունքներից  չեն հրաժարվել,  այն է՝ մեզ հետ չի կարելի խոսել նախապայմանների լեզվով: Մեր և Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումն այն է, որ հարաբերությունները պետք է կարգավորվեն ո՛չ Ցեղասպանության, ո՛չ էլ ղարաբաղյան խնդրում զիջումների հաշվին»:

Իսկ հարցին, թե ներկայումս ինչպես են գնահատում ստեղծված իրավիճակը, Աղասի Աբրահամյանը պատասխանել է. «Մենք գտնում ենք, որ այս փուլը դիվանագիտական ունակությունների առավելագույն դրսևորման շրջանն է, մենք պետք է իրավիճակից առավելագույնս շահած դուրս գանք. գործընթացը սառեցնելը, համենայնդեպս, մեր օգտին չէ»:

Իսկ ՀԱԿ Գյումրու տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Զաքարյանի համար Սերժ Սարգսյանի սպորտային թեքումով դիվանագիտության ֆիասկոն նորություն չէր. «Դա նորություն չէ. մենք երկար ժամանակ է, ինչ  հայտարարում ենք, որ «ֆուտբոլային» դիվանագիտությունն  անփառունակ վախճան է ունենալու: Եվ Էրդողանի սույն հայտարարությունն այդ մասին է վկայում:

«Հայ-թուրքական արձանագրությունների հիմքում նախապայմաններ կան։ Հիմնական նախապայմաններն են պատմաբանների հանձնաժողովը  և Ղարաբաղի հիմնախնդիրը, ինչի մասին թուրքական իշխանությունները ևս մեկ անգամ հրապարակավ հայտարարեցին: Այսօր ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում ճգնաժամային իրավիճակ է թե՛ ներքին քաղաքականության մեջ, թե՛ արտաքին քաղաքական դաշտում: Իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը Հայաստանում արտահերթ համապետական ընտրությունների անցկացումն է: Քանզի կյանքը ցույց տվեց, որ ոչ լեգիտիմ իշխանություններն ի վիճակի չեն դիմագրավելու վտանգավոր մարտահրավերներին»,-ասել է Աշոտ Զաքարյանը:

Նույն հարցի կապակցությամբ Շիրակի մարզի պատասխանատու հանրապետականների կարծիքը հնարավոր չեղավ ճշտել նրանց խիստ զբաղվածության պատճառով:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը